Պոեզիա

nkar

Կլաուդիո Պոցցանին իտալացի բանաստեղծ է, հրապարակախոս և վիզուալ արվեստագետ: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են 10-ից ավելի լեզուներով և հայտնվել են միջազգային ժամանակակից ստեղծագործությունների ամենահայտնի անթոլոգիաներում և ամսագրերում: 1995 թ. Կլաուդիո Պոցցանին հիմնել է Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնը, որն Իտալիայում համարվում է գրական ամենանշանակալի իրադարձությունը, ինչպես նաև Ջենովայի Դուքսի պալատում հիմնել է Պոեզիայի միջազգային տունը, որը տնօրինում է ցայսօր:
2013-ին նրա համանուն «Ստվերների քայլերթը» եռալեզու՝ իտալերեն, ռուսերեն և հայերեն ժողովածուն լույս է տեսել Հայաստանում:

* * *
Հայաստանում
իմ ոտքերը համբուրվում են աստղերի հետ
անտառներում Խաչքարերի
Հայաստանում
պար է գալիս սիրտս
գմբեթներին տաճարների
Հայաստանում
բույլ-բույլ ճեմում են ժպիտներս
հայացքի տակ քարարձանների
Հայաստանում
աչքերս արբում են
լույսայգերից և առասպելներից
Հայաստանում
լեռների օդը
դառնում է մետաքս՝ մարմինս գրկող
Հայաստանում
առավոտներն ինձ ունկնդիր սանուհիների
անուշ ու անահ հայացքը ունեն
Հայաստանում
պանդոկների սեղանները անգիր գիտեն
տեսիլքների մասին, ցնորքի ու փայտի
Հայաստանում
մտքերս սեր են անում
քարերի հետ և հովիտների
Հայաստանում
շունչս հևիհև է
դեպի Ջերմուկ կեռմաններին
Հայաստանում
ճախրում եմ փռված լվացքի պես թեթև
ճոպանուղու մեջ Տաթևի
Հայաստանում
ես Բոդլերի չղջիկն եմ
Փարաջանովի տանն ապրող
Հայաստանում
գիշերն անհայտ մրգի, գաղտնի վայելքների
բույրերով է լեցուն
Հայաստանում
Հաղարծինի անտառների
քամիներն եմ ձևում իմ ձեռամբ
Հայաստանում
ես վիշապաձայնն եմ
Չարենցի կատարմամբ
Հայաստանում
կուրծքս պարզել եմ
որպես թմբուկ հուզաթրթիռ պարի
Հայաստանում
մենությունս
լավ շրջապատում է
Հայաստանում
իմ երազները գույն ունեն անբիծ
լեռնագագաթի
Հայաստանում
գիշերվա մեջ պարող շատրվանները
զբոսանքի են հրավիրում ինձ
Հայաստանում
երկայնքով մեկ Արփա գետի
ես հուշերիս թելով հոգիս կարկատեցի
Հայաստանում
մեխ մխրճվեց կոկորդիս մեջ
Ծիծեռնակաբերդում
Հայաստանում
եթե զանգես Աստծուն
կարձագանքի իսկույն
Հայաստանում
անգամ ծառերն են
բարևում ձեռքով
Հայաստանում
Արարատը գտա
գրպաններում իմ տաբատի
Հայաստանում
քարն ստիպում է գայթել
աջակցելով քո կայացմանը
Հայաստանում
մայրամուտին էլ
արևածագը կարող ես զգենել
Հայաստանում
շահմար օձերը, պեգասները և միեղջյուրները
քեֆի են կանչում քեզ բուխարու շուրջ
Հայաստանում
ինչպես ավազի ժամացույցի մեջ
ժամանակը հոսում է ետ
Հայաստանում
կանայք օրոր-շորորվում են
ամպակրունկ կոշիկներով
Հայաստանում
նույնիսկ լճերն աչքեր ունեն
որ գորտերին նայեն նրանց կրքի պահին
Հայաստանում
հենց այս գիշեր
կհրավիրեմ դիցուհիներին ու մուսաներին
խրախճությանը ալքիմիկոսյան հարսնյաց հանդեսիս
և հենց այստեղ
գավաթներում անհուշ գինու
ուտեստների մեջ հնագույն
ես կգտնեմ նորից ածուն
իմ կորսված խաղաղության:

Ջենովան անձուկ, միայնություն

Ջենովան՝ թշնամին ստվերների
անձրևներ, քամի՝ ներքնաձիգներն են
մի անհնարին քաղաք-բազմանկյան
Ջենովան՝ գիշատիչներ ծնող
մեծ երախներով
կարոտը՝ գնումներով վերադարձող մամաների
Ջենովան՝ ծովի սպորներից
կուտակ-կուտակ աղ նաև սրտերում
նաև ճամփեքին մեր երազանքերի
Ջենովան՝ սամբա ծովի հետ
ալիքները՝ պատնեշի արմունկներով հեռու պահած
կամ ընդելուզված ժայռոտ մագնիսներին
Ջենովան՝ օղազրահ խոհանոցում
ուր ժամեր անց են կացնում
թավշյա լայն ակոսներով
Ջենովան՝ սփռոցի հարվածներից
գինու հին բծերից, փշրանքներից հացի
խույս տվող ճանճի բզզոց
Ջենովան՝ միայնություն անձուկ…
ես նայում եմ աշտարակին
ուր ոչ ոք չի այցելի և չի տեսնի
արցունքների արանքում
լուսամուտն իմ աղի:

 

Մի օր ինձ կգտնեք նորից

Մի օր ինձ կգտնեք նորից
Օսթենդ քաղաքի ավազափերին
ճայերի հետ
խաղալիս
և կամ էլ նրանց ընկերների հետ
իջած քարե բուստերին
Լեսա դե Պալմեյրայի
մի օր ինձ կգտնեք նորից
ապարդյուն թակելիս
լքյալ թատրոնի դուռը գոց
Պյետրովսկա փողոցի
կամ քայլելիս
պատից պատ գայթելով
Կանդելարիայի փողոցներում:
Մի օր ինձ կգտնեք նորից
Ժամերով լսելիս
սիմֆոնիա ռե բեմոլ
սեպտեմբերյան քամու
փողոցներում նեղլիկ
սյունասրահներում և հարևան թաղամասերում:
Մի օր ինձ կգտնեք նորից
Բրյուգգեի եկեղեցիների
աղյուսները հաշվելիս
կամ Օսլոյի փողոցներում
ինձ վիրավորանք կուլ տալիս
Մի օր ինձ կգտնեք նորից :
Բայց հիմա մի փնտրեք, մի փնտրեք ինձ:

Ծննդավայրից հեռու մի կյանք

Զորեղ՝ զորեղների հետ
Եվ թույլերի հետ՝ թույլ
Անընդունակ ենթարկվելու
Անընտել ղեկավարելու
Հպվելով հաջողությանը
Առմիշտ մի քայլ հետ,
Իսկ մարմինը շատ առաջ:
Զորեղ՝ զորեղների հետ
Եվ թույլերի հետ՝ թույլ
Քայքայել եմ կյանքեր
Առանց բանտարկվելու
Տանելով շղթաները
Որ զգոն, որ սթափ մնամ:

Թողել եմ մի հետք սևախոնավ
Ինչպես խլուրդ՝ հիվանդ ու գրողի տարած:
Ժառանգություն եմ թողել
Մանկապարտեզի հին սենյակում
Մի դատարկ նստարան, դատարկ:

Զորեղ՝ զորեղների հետ
Եվ թույլերի հետ՝ թույլ:

Քո բացակայությունը՝ մարգագետին, լողափ և ճանապարհ

Հենված ուղղահայաց մի մարգագետնի
սպասում եմ որ մի թիթեռ ինձ վերև տանի
Կա մի պալատ նապաստակի շրթունքով
պատշգամբներով խորդենիներով ճղակոտոր
ես սրտերի հետ միահյուսեցի թելերը խոտի
և մի բույն գտա մորակտցարի
քիչ անց քամին ինձ քո մասին պիտի պատմի:

Մի գաղտնուղի գտա
տաբատիս գրպաններում
ամայի լողափեր և փիրուզյա ժայռեր
և վառվող մոմակալների խրձեր
քո մարմինն ավազի մեջ թաղված
աչքերդ շերեփուկներ են դառնում
ծովն այժմ միայն քեզ է պատկանում

Մեջքդ ներքնաձիգ է հրե
որ տանում է դեպի ծառայության մի վայր
գիրկս ճամփան է շրջանցիկ-անպիղծ
թեթև հպվում է քո խճուղիներին
փակված եմ անվավոր ձիթապտղի մեջ
և շնչում եմ բույրերն անտառի
և առանց քեզ ապրել չի լինում դեռ:

Իտալերենից թարգմանությունը՝ Սուրեն Ենոքյան-Իսրայելյանի
Մշակմամբ՝ Կարինե Աշուղյանի

Անդին 10, 2014

Կարծիքներ

կարծիք