Բանաստեղծություններ

nkar

Գրողը

Երբ ես մտածում էի այն ամենի մասին
ինչին դիմացել եմ փորձելով լինել
ԳՐՈՂ-այն բոլոր քաղաքների բոլոր
սենյակների մասին
երբ ես ծամում էի մի բան
որով նույնիսկ չէին կերակրի
առնետներին:
ես այնքան նիհար էի որ իմ ոսկորներով
կարելի էր հաց կտրել միայն թե
հաց հազվադեպ էի ունենում:
իսկ այդ ընթացքում ես
նորից ու նորից
թղթի կտորների վրա շարունակում
էի գրել:
ու երբ մի տեղից մյուսն էի
տեղափոխվում
իմ թղթե ճամպրուկը
հենց այդ տեսքն էլ ուներ
թուղթ՝ դրսից, թուղթ՝ ներսում
բնակարանների տանտիրուհիները
հարցնում էին` «ինչո՞վ եք
զբաղվում»
«ես ԳՐՈՂ եմ»
«օ՜»
երբ ես հարմարվում էի պուճուր սենյակում
որ հունի մեջ ընկնեի
նրանցից շատերը խղճում էին ինձ,
կերակրում
խնձորի, հունական ընկույզի, դեղձի
կտորներով
նրանք շատ բան չգիտեին
որ դրանք համարյա ամենն էին
ինչով ես կերակրվում էի
բայց նրանց խղճահարությունը ավարտվում էր
երբ հայտնաբերում էին էժանագին
գինու շշերս:
բնական է եթե սոված գրող ես
բայց ոչ սոված գրող, ով խմում է

հարբեցողներին երբեք ոչինչ
չեն ներում

բայց երբ երկիրը փախչում է
ոտքերիդ տակից շատ
արագ
մի շիշ գինին թվում է
հավատարիմ ընկեր:
ախ այդ բոլոր բնակարանային տանտիրուհիները
մեծ մասամբ ծանր, դանդաղաշարժ, նրանց
ամուսինները վաղուց չկան
ես մինչ օրս տեսնում եմ
այդ քաղցրիկներին
իրենց բների աստիճաններով
վեր ու վար անելիս:
նրանցով էր պայմանավորված
իմ գոյությունը
եթե նրանք ինձ թույլ չտային
ապրել իրենց մոտ
երբեմն նույնիսկ երբ ես չէի վճարում
ես կհայտնվեի փողոցում
իսկ ես չէի կարող
ԳՐԵԼ փողոցում
շատ կարևոր էր ունենալ
սենյակ, դուռ, այդ պատերը

ախ այդ մութ առավոտները
այդ անկողիններում
ականջ եմ դնում նրանց ոտնաձայններին
ականջ եմ դնում նրանց հազին
լսում եմ ինչպես են զուգարանի
ջուրը քաշում
զգում եմ նրանց
պատրաստած կերակուրների
հոտը
ու շարունակ սպասում եմ
գոնե մի պատասխանի
Նյու Յորք ուղարկած թղթերիցս
իմ ուղարկածները այն
կիրթ, խելացի, «ինտելիգենտ»
մարդկանց
այնտեղ
նրանք չէին էլ շտապում
ասել ոչ:
այո, մութ անկողիններում
բնակարանային տանտիրուհիների հետ,
որոնք անօգուտ պտտվում էին շուրջս
լրտեսում
ես հաճախ էի մտածում
այն խմբագիրների ու հրատարակիչների
մասին
ովքեր չէին ընդունում այն
ինչը ես փորձում էի ասել
իմ ձևով
յուրահատուկ ձևով
և ես մտածում էի
հնարավոր է՝ նրանք սխալվում են
այդ մտքին հաջորդում էր
մեկ ուրիշը՝ առաջինից
ավելի վատը
հնարավոր է՝ ես եմ
հիմարը
գրեթե յուրաքանչյուր գրող
մտածում է որ ինքը
գրում է առանձնահատուկ
գործեր:
դա բնական է
հիմար լինելը բնական է
և դրանից հետո ես դուրս էի
սողում անկողնուցս
գտնում էի թղթի
կտոր
և սկսում էի
նորից
ԳՐԵԼ:

Բանաստեղծը Նյու Յորքում

Այսօր տանը չեմ ճաշում
գտնում եմ դատարկ սեղան
և մինչ պատվերս կբերեն
հանում եմ գիրքը որ
կինս էր տվել.
«Բանաստեղծը՝ Նյու Յորքում»:
ես հաճախ եմ հետս վերցնում
կարդալու տարբեր գրքեր
որ ստիպված չլինեմ
նայել մարդկանց:
ես հայտնաբերել եմ որ
ոտանավորները վատն են (ինձ համար)
1929-ին գրված ոտանավորները
այն տարին, երբ կարևոր
թղթերի շուկան քանդվեց:
ես փակում եմ գիրքը
և նայում եմ մարդկանց
բերում են իմ պատվերը
սնունդն էլ է վատը
ոմանք պնդում են որ վատն ու լավը
հաջորդում են իրար
հույս ունեմ որ այդպես է:
ես սպասում եմ լավին
լիմոնով հավի միսը դնում են
բերանս, ծամում եմ
և ինձ այնպես եմ պահում
ասես ամեն ինչ
հրաշալի է:

Ապաշխարանք

Սպասելով մահվան
ինչպես կատուն,
որը ցատկում է
անկողնու վրա
ես շատ
խղճում եմ
կնոջս
նա կտեսնի
այդ մեռնող
սպիտակ
մարմինը
մի անգամ կցնցի
գուցե երկրորդ
անգամ.
«Հենկ…»
Հենկը չի
պատասխանի:
Ինձ մահը չի
անհանգստացնում, այլ կինս
որ կմնա այդ
մի կույտ
ոչնչի հետ:
ես ուզում եմ, որ
նա իմանա
այն բոլոր
գիշերները, որ քնել
եմ նրա կողքին
նույնիսկ
անհեթեթ
վեճերը
ամենահրաշալի
բանն են եղել
և այն դժվար
բառերը
որոնք ես միշտ վախեցել եմ
ասել
հիմա կարելի է ասել.
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Ժպիտ որպես հիշողություն

Մենք ունեինք ոսկե ձկնիկներ, և նրանք պտտվում էին,
պտտվում էին,
ակվարիումի մեջ, որ դրված էր սեղանին՝ ծանր վարագույրներով
պատուհանի կողքին, և
իմ մայրը միշտ ժպտում էր և ուզում էր, որ
մենք բոլորս
երջանիկ լինենք, ասում էր ինձ. «Երջանի՛կ եղիր,
Հենրի»:
և նա ճիշտ էր. լավ է լինել երջանիկ, եթե դա
հնարավոր է,
բայց իմ հայրը շարունակում էր տանջել նրան ու ինձ
շաբաթը մի քանի անգամ
մինչ նրա մարմինը եռում էր կատաղությունից,
որովհետև նա չէր կարողանում գտնել այն կետը,
որ անհանգստացնում էր նրան ներսից:
Իմ մայրը՝ դժբախտ ձկնիկը,
ուզում էր երջանիկ լինել, ծեծված լինելով շաբաթը մի երկու անգամ՝ սովորեցնում էր ինձ
երջանիկ լինել
«Հե՛նրի, ժպտա,
ինչո՞ւ դու երբեք չես ժպտում»:
հետո նա ժպտում էր՝ օրինակ ցույց տալու համար, և
դա ամենատխուր ժպիտն էր, որ ես երբևէ տեսել էի:
մի օր ոսկե ձկնիկները սատկեցին, բոլոր հինգը,
նրանք լողում էին ջրի մակերևույթին, և նրանց աչքերը
դեռ բաց էին մնացել
և երբ հայրս տուն եկավ, նրանց շպրտեց կատվի առաջ
խոհանոցի հատակին, և մենք ապշած նայում էինք
ինչպես էր ժպտում մայրս:

Պատճառ և հետևանք

Լավագույնները մեծ մասամբ ավարտում են
ինքնասպանությամբ
ուղղակի, որ գլուխներն ազատեն,
իսկ նրանք, ովքեր մնում են,
այդպես էլ չեն հասկանում, թե
ինչու ինչ-որ մեկը ուզում է հեռանալ
իրենցից:

Դժոխքը փակ դուռ է

Նույնիսկ, երբ ես սովամահ էի
լինում
մերժված նամակներս ինձ
այնքան էլ չէին մտահոգում
ես միայն կարծում էի, որ
խմբագիրները
իրականում տխմար են
և ուղղակի քայլում էի
ու գրում էի ավելի
ու ավելի:
մերժումները ես նույնիսկ
ընդունում էի որպես.
«Սա ավելի լավ է,
քան դատարկ փոստարկղը»:
Եթե որևէ թուլություն
կամ երազանք էլ
ունեի,
այդ խմբագիրներից մեկին
տեսնելն էր,
ովքեր մերժել էին ինձ,
տեսնել նրանց դեմքերը,
ինչպես են նրանք հագնվում,
ինչպես են քայլում սենյակում,
ինչպիսի ձայն ունեն,
ինչ կա նրանց աչքերում…
գեթ մի հայացք նրանցից մեկին.
գիտե՞ք ինչումն է խնդիրը,
երբ քո աչքերի առաջ
թղթերի կույտ է,
որի վրա գրված է, որ դուք
բանի պետք չեք,
ապա միտում է առաջ
գալիս՝ մտածելու, որ
խմբագիրները
ավելի շատ աստված են,
քան իրականում կան:
դժոխքը փակ դուռ է,
երբ սովամահ ես լինում
հանուն այդ գրողի տարած
արվեստի,
բայց երբեմն դու կարող ես
ծայրահեղ դեպքում
աչքի անցկացնել
թղթերի կույտերը:
ծեր է նա, թե երիտասարդ,
լավ թե վատ,
բայց ես կարծում եմ՝ ոչ մի
բան աշխարհում չի
մեռնում
այնպես դանդաղ
և այնպես դժվարությամբ
ինչպես գրողը:

Անգլերենից թարգմանեց Լիլի Երիցյանը

Կարծիքներ

կարծիք