Բանաստեղծություններ

nkar

***
Ինչո՞ւ է հոգին երգեցիկ այսպես,
Մտերմիկ անուն այսքան քիչ կա,
Եվ անակնկալ Աքվիլոնի պես
Դիպված է ռիթմը վայրկենական:

Նա փոշու ամպով կարծարծի թեթև
Թղթե տերևի խշշոց սառած,
Չի վերադառնա այլևս – կամ թե
Կվերադառնա՝ այլ տեսք առած:

Ո՜վ Օրփեոսի լայնահուն քամի,
Չվում ես դեպի ծովն հեռավոր.
Անգո աշխարհն եմ փայփայում հիմի-
Մոռացած «ես»-ն իմ անհարկավոր:

Խաղալիք թավո՛ւտ, թափառակա՜ն եմ.
Գտա լազուրե անձավը ես…
Մի՞թե ճիշտն այն է, որ իսկակա՛ն եմ,
Մի՞թե գալու է մահն իսկապես:

***
Օ՜, ոնց եմ ես տենչում
Չկռահված անգամ-
Շողի ետքից իմ չուն
Տանել՝ ուր ես չկամ:

Շողե՜ր շաղիր դրսում-
Չի՛ք փրկություն ու հույս-
Եվ առ աստղից ուսում,
Թե՝ ինչ ասել է լույս:

Այն այնքանով է շող
Եվ լույս է այնքանով-
Շշուկ է ջերմ շրշող,
Թոթովանք է՝ թինդ հանող:

Կուզեմ շուրթիս կանչով
Քեզ շշնջալ նորեն.
-Շողի՛ն քեզ շշունջով
Մանկի՛կ, կշնորհե՜մ…

***
Տոթ աղջամուղջը մահիճս գոցեց,
Շնչում է կուրծքս անընդհատ ու արագ…
Ամենից թանկն են ինձ համար, գուցե,
Թաքուն ճանապարհն ու խաչը բարակ:

***
Նվաղկոտ շողը սառնությամբ հարաճուն
Լույս է սրսկում ծմակում խոնավ:
Ես թախիծն իբրև գորշավուն թռչուն
Հանդարտ կրում եմ իմ սրտում հիմա:

Ի՞նչ պիտի անեմ վիրավոր թռչունն այդ:
Երկնակամարն է լալկվել-մահացել:
Զանգակատնից՝ անլուր-մառախլապատ
Մեկը զանգերն է բոլոր գողացել:

Իր ամբողջ տեսքով որբություն է համակ
Խոյանքն այդ՝ հառնած համր ու անլեզու,-
Դատարկ վեր միտող ճերմակ մի աշտարակ,
Ուր լռությունն է մուժի հետ խոսում:

Անդորր անհատակ՝ կեսնինջ-կեսարթմնի,-
Եվ նոր քնքշանք է ծեգն այս արարում.
Ծնում է անհագ պահը մուռացումի
Մուժոտ խոհերի փոխզանգահարում…

***
Օդն է մառախլոտ՝ խոնավ ու թնդալից.
Մի աներկյուղալի-խաղաղ անտառ:
Միայնակ զբոսանքի թեթև խաչը նորից
Ես պատրաստ եմ կրել խոնարհաբար:

Վայրի բադի ձայնով կռինչ նախատինքի
Հղվում է անտարբեր հայրենիքին,-
Ես, որ մասնակցում եմ այս մշուշոտ կյանքին,
Մեկից-մեկ մենակ եմ դեմն ամենքի:

Մի կրակոց ճայթեց: Լճակին քնեած
Բադերի թևերը ծանր են, ավաղ:
Կրկնվող կեցությամբ ջրում արտացոլված
Սոճեբների՝ թմբիրի մեջ խաղաղ:

Աղոտ երկնակամար՝ արտասովոր փայլատ-
Մի համաշխարհային ցավ միգամած,-
Օ, ինձ նույնպես թույլ տուր լինել մառախլապատ,
Թույլ տուր քեզ չսիրել հանկարծ:

ԲԱԽ

Ծխականներն այստեղ՝ հող ու մոխրի զավակ.
Գրատախտակներն են սրբապատկերը քո,
Ուր Սեբաստիան Բախը՝ ծերուկ բազմազավակ,
Թվեր էր կավճագրում՝ սաղմոս նշանակող:
Անհաշիվ ձայների ի՜նչ խառնակ բազմություն
Պանդոկներում վայրագ, եկեղեցում անգամ,
Այնինչ Եսայու պես հրճվում ես ու ցնծում,
Ո՜վ Յոհան Սեբաստիան ամենաբանական:

Երբ թոռներդ են եկել, վեհաշո՛ւք վիճասեր,
Ու խորալները քո նվագել ես նրանց,
Գուցե ոգուդ համար, ո՞վ կարող է ասել,-
Քո ապացույցի մեջ փնտրել ես հենարա՛ն:

Հնչյունն ի՞նչ է: Չափերը մեկ ու տասնվեց երրորդական,
Երգեհոնի շնչեղ ճիչերը բազմահոս-
Սոսկ հիշեցնում են քո փնթփնթոցը դժկամ,
Եվ ոչինչ ավելի, ո՜վ ծերուկ քչախոս:

Այդպես լութերական ինչ-որ մի քարոզիչ
Իր սև, ճռճռացող ամբիոնից տաճարի
Քո հնչյունների հետ, ցասկո՛տ զրուցակից,
Դեռևս խառնում է ձայնե՜րը իր ճառի:

***
Հսկա լճափոսում՝ քինոտ ու մածուցիկ,
Շամբի պես աճեցի՝ սարսռալով,-
Կրքով և հոգեմաշ քնքշությամբ դարձդարձիկ
Կյանքն արգելված շնչառելով:

Ընկղմվում եմ, թեև չի նկատում ոչ ոք,
Ապաստանն այս պաղ-ճահճուտե,
Եվ ինձ սոսափյունով դիմավորում են լոկ
Աշնանային պահերը կարճատև:

Եվ ես երջանիկ եմ դաժան ու անարգիչ
Կյանքով այս, որ երազ է անմեկին,
Եվ ես ամեն մեկին նախանձում եմ մի քիչ
Ու թաքուն սիրում եմ ամեն մեկին:

***
Դողդողում եմ, ահա, քամու հոսքից,
Ցանկանում եմ ընդարմանալ-հանգել:
Իսկ երկնքով պար է գալիս ոսկին-
Հրամայում երգել:

Անձուկ խռովքդ, երաժի՛շտ, թող առնի թև,
Սիրիր, լացիր, հուսա,
Խամրած մոլորակից նետված թեթև-
Թիռ գնդակը որսա:

Գաղտնի պահվող աշխարհի հետ, ասա,
Ա՞յս է կապն իրական:-
Բայց ի՜նչ կսկծացնող թախիծ է սա,
Դիպված եղերական:

Ի՜նչ կլինի՝ թե շեղվելով հարթված
Ուղուց շողշողոցի-
Ժանգոտ իր քորոցով աստղը հանկարծ
Հասնի ինձ ու խոցի:

ԽԵՑԻ

Գիշեր, գուցե ես քեզ պետք չեմ բնավ.
Ջրանդունդներից համաշխարհային
Ես անմարգարիտ մի խեցու նման
Ահա նետված եմ քո մութ ափերին:

Փրփուր է սերում շունչը քո անտես,
Շուրջդ չխոսկան երգ ես տարածում.
Բայց դու կսիրես, կգնահատես
Կեղծիքն իմ դատարկ մարմնական խեցու:

Ավազին փռած պատմուճանը քո-
Դու նրա կողքին կպառկես թաքուն,
Նրան կհյուսես մշուշի ներքո
Ծածանումներիդ զա՜նգը ահարկու:-

Խեցեփեղկերը, որ նուրբ են այնպես,
Անբնակ սրտի տարածքը խուժող
Փրփուրի մաքուր շնչող կլցնես-
Շշունջով, քամով, անձրևով, մուժով…

***
Ոռնացող քարերի պետություն-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Խռպոտ լեռներդ ի զեն կոչող-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Առհավետ թևածող դեպի Ասիայի
Շեփորներն արծաթ-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
Շռա՜յլ ընծայիչ պարսկական արևադրամների-
Հայաստա՜ն, Հայաստա՜ն:

***
Էլ երբեք քեզ չեմ նայի,
Հայոց կարճատես երկինք,
Էլ չեմ սևեռվի կկոցած աչքերով
Ճամփորդի վրանին Արարատի,
Չեմ բացի այլևս երբեք
Կավագործ քերթողներիդ դարանում
Հրաշագեղ հողիդ մատյանը սնամեջ,
Որով ուսում են առել առաջին մարդիկ:

Թարգմանությունը՝ Հրաչյա Բեյլերյանի

Կարծիքներ

կարծիք