Բանաստեղծություններ

nkar

Ռոզե Աուսլենդեր /1901-1988/
Ծնվել է Չեռնովիցում /Ավստրիա/: Ուսանել է փիլիսոփայություն և գրականություն տեղի համալսարանում: Ստեղծագործել է գերմաներեն և անգլերեն:

 

Ո՞վ

Ով է ինձ հիշելու
Երբ աշխարհից գնամ

Ոչ ճնճղուկները
որոնց կերակրում եմ
ոչ բարդիները
պատուհանիս տակ
ոչ Նորդպարկը
իմ կանաչ հարևանը

Ընկերներս մի պահ
կտխրեն
ու կմոռանան ինձ

ես հանգիստ կգտնեմ
հողի մարմնի մեջ
նա կկերպարանափոխի ինձ
ու կմոռանա

 

Բայց գիտեմ

Թիթեռ եմ եղել
իմ ծննդից առաջ
ծառ թե
աստղ

Մոռացել եմ

Բայց գիտեմ
որ եղել եմ
և լինելու եմ

մի ակնթարթ
հավերժի մեջ

 

Հրաշքը սպասում է

Մենք սպասում ենք
հրաշքի

ազատ խոսում ենք
հրաշքի մասին

խոսում են ուրիշները
մեղավոր

Մենք քշվում ենք
քամուց
ընկնում ենք

Հրաշքը սպասում է մեզ

 

Մի անգամ. 1.

Երբ ես
Մայրիկ երգում էի
թրթռուն երջանկության
երգը

Թռչունների երգչախումբը
ինձ հետ երգում էր
պատուհանիս տակ

Հիմա էլ են երգում թռչունները
իմ
օտար պատուհանի տակ

Ես նրանց
չեմ ձայնակցում

 

Ես միայն գիտեմ

Հարցնում ես ինչ եմ ուզում
չգիտեմ

միայն գիտեմ
որ երազում եմ
ու երազը ողջունում է ինձ
և ես նրա
ամպերում թևածում եմ

Ես միայն գիտեմ որ
սիրում եմ մարդկանց
լեռները այգիները ծովը

միայն գիտեմ որ շատ մահացածներ
են ապրում իմ մեջ

ես ըմպում եմ իմ ակնթարթները
միայն գիտեմ
սա քմածին խաղ է
ժամանակի մեջ

 

Խառնաշփոթ

Ինքն իրեն խաբել
ինքն իրեն համոզել
թե այս խառնաշփոթ աշխարհը
կարգի կգա

Ես լսում եմ
քաղցող երեխաներ են
լալիս

տեսնում եմ զինվորներ
են ընկնում

ես զգում եմ
երկրի սիրտը
հաշմվում է

 

Պահապան հրեշտակը

Աղոթագրքերը չեն պաշտպանում

Ձիթենու այգում քնած է
պահապան հրեշտակը
օրնիբուն
գիշերն ի լույս

Արյան սահմանից այն կողմ
ծաղկում են թաղված
անունները

 

Անդին

Այս խռովքը երկնքում
մտքերի անձրև է

Ծեր ու մանուկ վախեցած
կարծր կաթիլներից

Համլետը հարցեր է տալիս
ոչ ոք չի պատասխանում

Լռությունը նստում է շեմքին
մի լքված երկրի

Այս ամենից անդին
զրնգում են տարուբեր մարմինները

 

Հիշողություն

Ճանապարհորդել և աշխարհը
ափի մեջ ունենալ
Սիրված տոներ
Վերցրու ավերակներ Հռոմից
Էլ Գրեկոյին Տոլեդոյում
Ինչպես է Փարիզը բացվում
պարող շատրվանների մեջ
Այս լեռնակուտակ շինությունները Նյու Յորքի
Բոցերն ու կերպարանքները
Ջուրը մեր մայրը
մարդիկ լեզուներ
Երկնքի օրորը
Ով կարող է հրաշքները հաշվել

Ճանապարհորդել և աշխարհը
սրտում ունենալ

 

Հարյալները

Որտեղ են
հարություն առածները
որոնք հաղթահարել են իրենց մահը
կյանքը գգվում են
տրվում են
քամուն

Ոչ մի հրեշտակ
չի մատնում
նրանց հետքը

Գերմաներենից թարգմանեց Ամալյա Ալեքսանյանը

Անդին 9, 2014

 

 

 

Կարծիքներ

կարծիք