Բանաստեղծություններ

nkar

Տեղացող ճերմակ լռությունը

Իջնում է հիմա անթարգմանելի թավշե քնքշություն
թափանցիկ լուսնի կոպերի վրա,
որ հրեշտակի արցունքների պես
իրիկնաշաղից գույներ է քամում
կնճռոտ ապակու կապույտ բիբերին:
Դատարկությունը ջղաձգվող ձեռքերով
կարմիր թիթեռներ է քանդակում
քաղաքի քրտնած ցուցափեղկերին,
ու սպիտակ տխրությունը ներխուժում է
ձյունամշուշի պտտահողմի մեջ:
Ջութակի պոկված լարերի պես
հանգչող փաթիլները խլացնում են հոգեվարքը
թղթե լապտերների,
որոնք դողում են կաթնագույն լույսի անրջանքներից:
Կաղկանձող քամին ժանգոտ լինդերով
երկաթգծերի հետքերն է վրձնում
արծաթահնչյուն արձագանքի մեջ,
ուր ձյունափոշին թախիծ էր մաղում
մենության դեղին թարթիչների վրա:
Փողոցում ժայռացած ստվերները
տխուր լուսնոտների նման
օրորում են փետուրե երկինքը,
ուր թրատված ձայները
հարություն են առնում՝
մոմե մատնահետքերը հպելով
փշրվող հայելու շնչառությանը,
որոնք թիթեղյա սպիներ են գծում
երկնակամարի թաց շրթունքներին:
Գիշերը տապալվել է պատուհանին
ու վանկարկում է երազս…

Իսկ մնացածը
Լռություն է,
տեղացող Ճերմակ Լռություն:

Արցունքների փշրվող արձագանքը

Հորիզոնը դեղին փաթիլներ է մաղում
արթնացող մենության ափերի մեջ,
ու մերկությունը շոշափում է շաղոտ շուրթերը
հեռացող գիշերային համբույրների,
որ անարցունք հոսում են դեպի ավազե հավերժությունը:
Հուռութքի պես կապույտ բիբերը
կաթիլվում են աղոտ մթնշաղի ցավից,
շատրվանի նման ցած են թափվում՝
հպվելով Լուսնածոր Զառանցանքի
քրտնած կոնքերին:
Ուզում եմ խեղդել քեզ…
և սառած կնճիռներիդ մեջ
պեղել մոխրացող կարոտի գաղտնագիրը:
Դու անհետացար,
ու առավոտը կարմիր հետքեր գծեց
դատարկության ալրոտ պատերի վրա՝
զոդելով տխրությունը ակնախորշերիս:
Կկանչեմ քեզ,
կշշնջամ անունդ աստղակաթիլ երազներիս մեջ,
կշնչեմ ճերմակ Տեսիլքդ,
կաղոթեմ,
որ ոսկեփոշով օծված
լուսաբացի ժամին
տեղացող անձրևը խնկարկի քո Հարության Ծեսը:
Քանդիր կապանքները,
արձակիր բազուկներս,
անջատիր լույսը,
լցրու հոգուս տարողությունը
քո մետաքսե ներկայությամբ,
և կաթնագույն շամանդաղի միջից հառնող
ուրվականի նման սահիր քնիս մեջ,
որ աստղերը մահվան փոշեթաթախ տերևներ շաղ տան
բաժանման մարմարե սալահատակներին,
ու գիշերը ժայռանա քունքերիս՝
խլացնելով անհետացող ոտնաձայները:
…Լարվածությունից մտքերը դաշույնի պես
խրվում են թիկունքիս:
Ստվերի վրայից վերցնում եմ ձեռքս,
դանդաղ դնում ճակատիս
ու զգում ճառագող թարմությունը,
որ թիթեղաձայն հնչյուններով
ճանկռում է ականջներս…
Գետնին թափված
օրագրերի խամրած թերթերի վրա
դաջվել է թանաքոտ թախիծը,
ուր լքված ժամանակը
ձուլվում է մորմոքող մթությանը:
Լուսինը հեշտասարսուռ ապակու մակերեսին
Ճոճում է ծովի լռությունը,
և մատներս օդում խազագրելով անվանդ ալիքվող էներգիան՝
մխրճվում են ջղերիդ մեջ:

Դու գնացել ես,
ու խոնավ անկողինը դեռ հիշում է
քո թափանցիկ բույրը,
փոթորկող խենթությունը,
և այգաբացին խաչված հրեշտակները
նոտագրում են ընկնող
արցունքների փշրվող արձագանքը:

Բառերի դեղին հոգեվարքը

Քամին ապակե մատները հպեց
արնահամ ծովի վերջալույսներին,
ու տեղացող կապույտ կաթիլներից քամված մայրամուտը
թափանցիկ ելևէջներով մշուշեց ալիքվող սառնությունը,
որ հորիզոնի կանաչ շողերից գիշերը հալվի
խեժահունց լուսնի արձագանքի մեջ:

Մութը բազալտե շնչառությամբ
ձայնագրում է փշրվող սարսափի քնքշությունը,
և մոխրացող հայելու մակերեսին հայտնված
տենդոտ բիբերը գուշակում են
տառապանքը խավարի:

Քարե հրեշտակներ են սահում աղոթքներիս մեջ,
որ թանաքից հեղվող տեսիլքների նման
տխրություն են վիժում
պատուհանիս տակ մեռնող աշնան թաց տերևներին:

Գիշերը նիրհել է ափիս մեջ:
Ճերմակ մոռացումից հյուսված
ավազներ են ծորում մատներիս արանքով,
ու անձրևները թավշե թերթիկներ են մաղում
աստղերից ընկնող գիպսե հնչյունների վրա:

Եվ տագնապների մթագնումներից
ցնորք է հոսում
մարմնիս սերտաճած բյուրեղապակյա սարսուռների մեջ:

Ձայներն անհետանում են կոկորդներում
խզված կիսամութի,
և դու ցած ես ընկնում
լապտերների քրտնած բեկորների վրա:
Ձեռքերս իջնում են պարանոցիդ,
ու գետնին փշրվող խռպոտ տառերը
ծանր շնչառությամբ
խլացնում են տրոփյունը կավե զարկերակի:

Լսում եմ բազմակետերի
պատռվող արտացոլքը:

Տողերը թղթե երազներ են շաղ տալիս,
և երեկոն խոնավ փետուրներով
թախիծ է ցողում ուրվականների ճերմակ կոպերին,
որոնք ջերմախտից զառանցող հիվանդների պես
աչքերով շոշափում են
լռության փոշով շաղախված դատարկությունը:

Մտքերը կաթնագույն շշուկներ են դարձել:
Լույսը քայքայվում է երակներիս մեջ,
ու մենությունը թարգմանում է
թափառող ստվերների աղմուկը՝
հիպնոսացնելով Բառերի Դեղին Հոգեվարքը:

Անդին 9, 2014

Share

Կարծիքներ

կարծիք