Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

***
Հայր, դու հաճույքով կջնջեիր օրացույցից այն օրը, երբ ես ծնվեցի.
երևի մտածում ես՝ ինչ-որ երկար լաբիրինթ գծել, որտեղից դուրս չեմ գա,
կամ էլ կվաճառես ինչ-որ շուկայում՝ հավանաբար դեկտեմբերին,
երբ ես կգրկեմ չափահասության ձեռքն ու կզգամ դռան շրխկոցը
ու կվախենամ ապրել այս նեղ հիվանդանոցում՝
զգալով մահվան հետքերը՝ այտերիս ծանրացած արցունքների պես…

ես սառույց եմ խառնում ինձ ցավեցնող վախերիս,
շոյում ուռած կոպերիդ տակ մեռնող աղջկան,
թույլ ժպտում՝ թե հնարավոր է ողջ մնամ,
թե մի ուրիշ պատերազմի ժամանակ կհանդիպենք…

Հայր, իմ մեջ որդնում է ուղղությունը ապրելու,
այս քաղաքը անընդհատ ապտակում է ինձ,
ես դժվարությամբ եմ հրում իմ թերի կյանքը
ու մտածում մի ուրիշ մոլորակում բնակարան գնել՝
չնայած գրպաններս դատարկ են,
ինչպես աշխատավարձ ստանալուց մեկ շաբաթ առաջ է լինում…

ես չգիտեմ, թե կամուրջներից ներքև ինչպես են քայլում,
երբ մտքերը խցկվում են սառած մարմնիցդ ներս,
ու փոթորիկը տանում է քեզ հասցեագրված կյանքը…

Հայր, ես արմունկներս սեղմում եմ գետնին
ու հուսահատ ձայներ արձակում,
թվում է՝ ինձանից ահավոր ալկոհոլի հոտ է գալիս,
ու իմ բոլոր գեները մեռնում են քաոսից առաջ,
ես աղմուկից չեմ կարողանում բարձրացնել գլուխս
և ուղիղ նայել աչքերիդ.
ինչ-որ բան ասելը հիմա սարսափելի դժվար է,
որովհետև ներսումս չբացվող սահմաներ կան…
որովհետև ես ավելի հարմար ուս չգտա արցունքներս մաքրելու համար…

***

մայրս սեղանից վերցրեց գարեջրիս բաժակում խեղդվող չափահասությունս,
անորոշությունը ձգվեց սենյակիս անկյունագծով,
ես պայթեցրեցրի գրքերիս երակները,
ու հիմա իմ կողքին լիքը հիվանդներ կան,
մենք խաղում ենք արյան հետ, որ անընդհատ ինչ-որ փորձանոթում է հայտնվում,
մենք խաղում ենք մարմնի հետ, որը մի օր դագաղին կտրվի,
ես էլ հո գիտեմ, որ իրականում դու վախենում ես քեզ մոտեցող մահվան շնչառությունից
ու ստիպված քայլում ես անծանոթների միջով…

ես երկար նայում եմ լամպին,
որը մի տեսակ լքված ու նյարդային ինչ-որ ժեստ է անում,
հետո կարդում եմ, որ գարնանն ու ամռանը ծառերը արագ են աճում,
իսկ ձմռանը՝ համեմատաբար դանդաղ,
մտածում եմ՝ այս ձմեռ կարելի է չղջիկների նման նախ ծղրտալ,
իսկ հետո որսալ անդրադարձվող արձագանքը.
իմ աչքերը միշտ խաբում են ինձ՝ մանավանդ երբ շուրջս թմրեցնող սպիտակ է,

երբեմն գիշերները արթնանում եմ ու փորձում բացել դագաղի կափարիչը,
բայց ինձ գտնում եմ վերմակի մեջ կծկված նույն կանաչ պատերով սենյակում,
ու երբ ուզում եմ կանգնել՝ ոտքերս մխրճվում են ձյան մեջ,
մայրս շարունակ ինձ համար թեյ է բերում,
ես վախենում եմ, որ այն կփրկի ինձ,
մայրս ահավոր կանացի ժպտում է՝
թե պատուհանից դուրս դեռ ձմեռ չի,
թե ամեն ինչ կարգին կլինի,
թե ամեն ինչ…

***

այս երկրագնդի վրա սառած արցունքներ կան,
որոնք հատիկ-հատիկ ընկնում եմ ձեռքերիս մեջ ու պայթում,
ես մատներս պահում եմ ծորակի տակ
ու հետևում ինձ այդքան չգրավող կարմիրի արտահոսքին,

կինը լեզվով թացացնում է իր չորացած շուրթերը,
ես մտածում եմ՝ ինչպիսին կլինի նրա հայելային արտացոլանքը հինգ տարի հետո,
նրա դեմքի ճաքերում նավարկող տղամարդիկ կկարողանան նավարկել դեպի ցամաք,
որ իմ մեջ սպառվող ժամանակը չի հասցնի քեզ համար ծաղիկներ բերել,
չնայած դու այնքան բան գիտես դեղաբույսերի մասին,
որոնք ոչ մի կերպ չեն փրկում ինձ…

պատկերացնում եք,
ես բոլոր սովորական մարդկանց նման զգացի ցուրտը
ու ձեռքերս տարածեցի օդում, կարծես ուր որ է կթռչեմ,
գլխացավս պատուհանների վրա գոլորշի առաջացրեց,
ու ռեզինը, որը սովորաբար օգտագործվում էր երակից արյուն վերցնելու համար,
մի քանի շրջապտույտ կատարեց քաղաքում ու փաթաթվեց իմ պարանոցին,
ու ես կարոտեցի նրանց, ովքեր իրենց թևերում նոյեմբերներ են պահում,
նրանց երակներում չկրկնվող զարդանախշեր կան
ու մոռացված տղաներ մոռացված լաբիրինթում,

նրանք սիրահարվեցին կեսգիշերից մեկ ժամ առաջ,
երբ ես առաջին անգամ սովորական մարդկանց նման զգացի քամին
ու խելագարի նման պառկել էի նստարանին,
կարծես պայուսակումս դեղահաբեր չկան.
դուք փրկեցիք ինձ մեռնելու այլընտրանքային տարբերակներից.

Անդին 9, 2014

Share

Կարծիքներ

կարծիք