Պոեզիա

Հեղինակ:

nkar

Որտե՞ղ եմ ես

Երբ միտքս քեզ հետ է…
այնտեղ
իսկ մարմինս այստեղ՝ ուրիշի հետ
որտե՞ղ եմ
ես

ո՞րն է գաղտնաբառն այն
որ միացնում է
ինձ՝
իմ հետ

սո՞ւտն է սկիզբը
արարչության
թե՞… ճշմարիտը…
ասա…
ես… չգիտեմ
բայց օգնելու համար խոստովանեմ
որ ստից են ծնվել
տողերս ամենալավ

հավատքը հույսն է
տարերքի մեջ
կամ
հակառակը

ամեն անգամ
երբ կարծում եմ
մի բան
գիտեմ
հաստատ

մի դուռ… ծածկվում է դեմքիս վրա

***
չգիտեմ ինչու
այնքան ուրախ եմ
արթնացել այսօր

իմն է ընտրությունն
աստվածաշնչյան

կուզեմ կքայլեմ
կուզեմ… կթռչեմ

հողը թեթև է
երկնքի նման

ի՞նչ անեմ հիմա

ինչպե՞ս են պահում
չափից ավելի
երջանիկները
նման դեպքերում

պատասխանի տեղ
դու սահեցնում ես
աջ ցուցամատդ
ճակատիս
քթիս
շուրթիս վրայով
ու բացականչում
առաջին անգամ
տեսնող կույրի պես

-ինչ երկնայի՜ն ես

չլինի այսպես

հավես են անցնում
բոլոր օրերը
հեռու դրախտում

ի՞նչ… երկնայի՞ն են

մուլտիկի
անսեռ
հրեշտակի նման
ես իմ նիզակով
քորում եմ մեջքս
ու նայում վերև

հողը օդից էլ
թեթև է կարծես

կուզեմ
կթռչեմ…

***
հայրս
ասում էր
-զգուշացի՛ր բալես
նոր բառ հորինելուց
բառը շատ
հաճախ
լուրջ է ընդունում
իր անվանումը
և կայանում է
դառնալով մասը
հոգուդ
հավատքիդ
ու ճակատագրիդ

հիշի՛ր աղջիկս… ասում էր
առաջինը բանն էր
և բանը բառն էր

-անզգույշ էր, չէ՞ պապ
սատանա բառը
հորինող մարդը
տեսա՞ր ինչ եղավ…

(…զգուշության համար
ես հիմա
միայն
հին բառերով եմ
գրում երգերս)

…ես վախենում եմ
նոր բառ հորինել
Աստծո համար

***
լռեք բոլորդ…
մայրս է լալիս

անձրևաջուրը սրբող
ռետինե ձողիկների պես
մաշված մատները
ոչ թե մաքրում են
այլ այտից այտ են
տանում արցունքը

մա՛մ… վերջ տուր
բավ է… երեխա հո չես

սաստված
խռոված
երեխայի պես
նա դուրս է գալիս
ու շտապում է
անծանոթ մի տեղ

հակառակ կողմից
երթուղի մտած
վարորդի նման
թառափավարի
գնում է մայրս
հոսքին հակառակ
կարևոր մի տեղ

լռեք բոլորդ
մայրս է գալիս

***
Աստված
վերևի հարևանն է իմ

ես
նրա դուռը
հաճախ ծեծում եմ
ու… սոխ եմ ուզում

մեկ-մեկ տալիս է
մեկ-մեկ չի տալիս

երբ որ ժամը գա
իմ կատվի նման
ես որոշել եմ
փրկվել բնազդով

(գիտե՞ք… պարզապես
չեմ կարող հենվել
ես տարերային բարության վրա
առօրյա Աստծո)

և սակայն
Աստված
հարության համար
հույսս դու ես դեռ

միայն խնդրում եմ
նախապես հարցրու
եթե
ուզում եմ…

Կարծիքներ

կարծիք