Բանաստեղծություններ

nkar

Մարտակոչն Աստծո

Յոթ լեգեոն կշռող իմ բնազդների ահարկությունով
Շարված գոյության մարտին ընդառաջ,
Այդ զինվորներից յուրաքանչյուրին
Իմ մեկ զգացման զրահը տված-
Փողփողուն շարքով հանեցի մարտի,
Կյանքի կալվածքը բոլորատարածք տիրելու տենչով-
Եվ անգամ երկնի քերովբեների զարմանքը տեսա
Յոթ լեգեոն կշռող իմ բնազդներին ահագնության դեմ:
Եվ զորքերիս դեմ Աստըծուն տեսա,
Որ տեսիլվելով վերին մշուշում՝
Իր արեգնավառ մականը ձեռքին
Առաջնորդում էր կյանքս հաղթության:
Կյանքի հրահեղ հողմերի առջև
Կուռ փաղանգներս նոսրացան կամաց,
Եվ զինվորներն իմ ընկան արնավառ-
Սևահողերը պարարտացնելով իրենց մարմնով,
Եվ հաղթ բարձրացավ մարտակոչն Աստծո՝ իմ
շրթունքներից,
Որ նախկինի պես իրեն տանում էր զոհաբերումի՝
Բոլոր անբնակ հորիզոնականներին…

 
Իմ տխրությունը

Իմ տխրությունը հարուստ է, վիթխարի, ինչպես
Օվկիանոսների հևքը, ժամանակների շառաչը,
Անթիվ ձիերի վարգը տափաստանի շոգում:

Իմ տխրությունը հարուստ է, ահագնական, ինչպես
Փասիանների ճախրանքը մթամած անտառներում,
Ձկների չուն՝ ալեհեծուն գետերի մեջ:

Իմ տխրությունը հարուստ է, անմարդկային, ինչպես
Գոչյունը առյուծների, փղերի թառանչը,
Կռինչը արծիվների՝ բարձունքներից:

Իմ տխրությունը հարուստ է, անհընարին…

 

 

Հոգիս է փրկում

Երազներում անգութ արդեն քանի՜ գիշեր
Ես Աստծուն եմ տեսնում՝ գլխին ճերմակ վեղար
Եվ աստղերը վրան՝ ես Աստծուն եմ տեսնում:

Ես Աստծուն եմ տեսնում՝ իր կերպերով անթիվ,
Այրամարդու Աստծուն և Աստըծուն կնոջ,
Մարգարեի Աստծուն՝ բարձունքներում խոժոռ
Եվ պոետի Աստծուն՝ անհնարի՜ն, անլո՜ւր:

Ես Աստծուն եմ տեսնում, որ փառքերով օծյալ՝
Իր մենությամբ անտուն՝ չի նկատում մեկին ,
Եվ Աստծուն եմ տեսնում, որ գթությամբ հակված
Հոգիների բերքն է քաղում այրվող երկրից…

Իմ երազում անդորր արդեն քանի՜ գիշեր
Ես Աստծուն եմ տեսնում, որ հոգիս է փրկում
Իմ ողջ կյանքը տևած տառապանքից անքուն:

 

Ժամանակների մասին

Հազարավոր տարիներ առաջ ապրած
այն կնոջ մեղմիրան
Որին սիրում եմ ես,
Եվ որը զոհվեց Գանգեսի ափին-
Պատերազմի պահին մի պատահական տեգից-
Իր հոր վրանի կողքին,-
Օգնի՛ր ինձ միանալու նրան,
Հասնե՛լ իրեն.

-Դուք բոլորդ կիմանաք երկնում,
Երբ հանդիպենք իրար-անժամանակ…

* * *

Ասացի.-Մարմինս հանեմ ու գնամ,
Չի թողնում ես շարժվեմ…
Չհասա հունական ծովերին,
Հարճերի գունավառ խմբերին՝ մերկանդամ ու խնդուն,
Իմ հոգու կապտաթույր խարանով
Փոթորկուն օվկիանի ջրերին:

Չհասա Աստըծուն,
Խմբերին՝ շուրջառված իր կողքին
Աղավնու թևերին ճերմակով:-

Ասացի.- Իմ մարմնի կապանքից ազատվեմ:

 

Հատուկենտ

Քո արծիվը, Տե՛ր իմ, քո երկինքը,
Քո ծառերը ահա, քո մրգերը, խոտը,
Քո սևահողն ահա և քո օձը, Տեր իմ,
Օձի խայթը ահա
Եվ իմ մահը…

***
Իմ մարմինն իմ խեղճությունն էր…

Share

Կարծիքներ

կարծիք