Բանաստեղծություններ

nkar

***

Դաշտը, որ վազքով է գալիս
Ես եմ-քնատ մանուկ-
մորըս գրկին:

Հալչում է ձյունը մոմի
Փաթիլներ են վերջին
Քո խոսքերը.

-Տեր իմ, ինչո՞ւ մարդ եղար դու-
Այսինքն` մի՞թե վերջին
Պոետների մահը հանդիսավոր է: Միշտ

Մեկը դուռն է թակում, որ
ինչ-որ մատաղի կամ
ինչ-որ ընտրության կամ
ինչ-որ… Չգիտեմ,

իմ բացարձակ հոգում
շներ են կաղկանձում.

-Տեր իմ, ինչո՞ւ մարդ չեղա ես
այսինքն` երևի
արդեն ըղձականով

մանկության չիրականացած երազանք

Ես կարող էի
ես
լինել առաջինը
վազքի մրցույթում,
բայց ո՞ւր պիտի վազեի
այդքան հեռու
և ինչքա՞ն ծանր պիտի լիներ
բաժանումը:

Ես կարող էի,
ես
լինել միակը
(ոչ անկրկնելին)
լինել միակը
հազարի մեջ,
տասը հազարի մեջ,
միլիոնի մեջ
միակը,
բայց ո՞նց պիտի թաքնվեի
մարդկանց և հատկապես
Աստծո աչքից:

Կասեին` ո՞վ է սա
«Նա՞ է, նա՞ չէ»,
կասկածելի կմտմտային,
ու ես չէի իմանա`
ինչ ասել և ինչ անել
այդ դեպքում:

Իսկ հիմա
ցանկացած կարգի
ցանկացած բոսս
կարող է ասել.
«անփոխարինելի մարդ չկա»,
և ես ստիպված կլինեմ
նորից սկսել վազքը-
մեկնարկից:

փետրվարի մի առավոտ

Երբ ես եկա այս վայրը,
ձմեռ էր ու ճերմակ
տարածության վրա
չկար ոչ մի նշում:

Անհնար էր վայրը, ինչպես
անդուլ զեղուն,
որ չի գծում իրմով
տեսանելի բաներ:

Անուն չկար: Տեղում
ահն էր հորինողի,
համր ինչպես խոստում`
տրված դատարկ հողին:

ալիբի

Մի քաղաքում, ուր ես չկայի
պատահաբար բացվել էր վարդը
պարտեզում մեկի, ով ես չէի:

Եվ թերթիկների վրա ընկած ցողը
չէր կարող լինել իմ արցունքը:

Դրանից էլ բացի, ես այլևս չեմ լալիս,
երբ ինձ պատկանող իրերը կորչում են:

right man, right time

Եթե մի քանի ժամով
հետաձգվեր
տղայի և վարդի հանդիպումը,
Գյոթեն չէր գրի
իր հայտնի բանաստեղծությունը:

Բարեբախտաբար երեքն էլ
ճիշտ ժամին
ճիշտ տեղում էին:

հեղափոխություն

Բոլորը եկան:

Եկան անհույսները:
Եկան, որ հուսացողներին գտնեն
և հուսավառվեն ուս-ուսի:

Եկան անպաշտպանները,
որ պաշտպաններին փնտրեն
ու զրահ խնդրեն նրանցից:

Անհավատները եկան,
որ, գուցե, գտնեն աստծուն
ու բարևեն ձեռքով:

Եկան նաև հավատացյալները:
Եկան, որ Աստծո արքայությունն
առավել համոզիչ թվա:

Քաղցածները եկան:
Սովալլուկ ու նիհար-
եկան, որ հացի մասին
մի բան իմանան:

(Հռետորները, սակայն, խոսում էին հացի գնի
մասին:)

Եկան թախծոտները,
մելամաղձոտները,
կասկածամիտները-
ընկճախտից հյուծված,
եկան, որ անձամբ
փրկությունն ըզգան:

Դժբախտներն էլ եկան-
խուռներամ եկան
եկան-շարվեցին,
որ, մեկ էլ տեսար,
երջանկությունը
նկատի իրանց:

Բախտավորներից էլ մի քանիսը եկան,
ովքեր գիտեին, որ բախտը ժպտում է,
թեև ժպիտը տեսած չկային:

Նրանք հովանոցներ ունեին
և արևածաղկի սերմի բավարար պաշար
ու, վերջին շարքերում կանգնած`
գոհանում էին,
երբ հռետորները
խոսքն ամեն անգամ
ավարտում էին
«Այսպես այլևս անկարելի է»
բառերով:

Մեղքս ինչ թաքցնեմ`
ես էլ այնտեղ էի,
և ուշ գիշերին,
երբ հեղափոխությունն ավարտվեց,
գնացի տուն` ոտնաթաթերի վրա,
զգույշ, անաղմուկ,
որ հանկարծ ոչ մեկին չաթնացնեմ:

ծերություն

Ծերությունն իմ էս քաղաքում անհնար է
ակվարիումի պստլիկ ձկնիկի նման,
քանզի լռությունը չի չափվում
և չունի ստույգ սահմանում:

Ծերությունն իմ էս քաղաքում անհնար է
տեղի և դրանից հեռու տեղի
միջակայքի նման` օդը չհաշված:

Ամենուր տեսադաշտ է, ամենուր` բաց:

Էս քաղաքում չկա՞ թաքուն մի տեղ-
մահվան հետ խաղաղ և աննկատ,
գուցե` հանկարծ
համբուրվելու համար:

օրիգամի

Երբ փոքր էի,
մեծերը խաբում էին,
թե մեռնելուց հետո
մարդը դառնում է թուղթ:

Մահվան մասին բան չգիտեի,
բայց թղթի ծալքերն ինչ-որ
ժպիտ էին թաքցնում:

Կարծիքներ

կարծիք