Բանաստեղծություններ

nkar

քանզի զգացմունքն է առաջնային

քանզի զգացմունքն է առաջնային
ո՞վ է ուշք դարձնում
շարադասությանն առարկաների
չեմ համբուրի քեզ լիովին.

լիովին լինել խեղկատակ
երբ Գարուն է իջել աշխարհի վրա
արյունս հաստատում է,
և համբույրներն են վճռում բախտը
այլ ոչ ողջամտությունը
լեյդի երդվում եմ բոլոր ծաղիկներով: Մի լացիր
-ուղեղիս պայծառագույն առկայծումը ոչինչ է
քո թարթիչների դողդողջունի դեմ որն ասում է

մենք իրարու համար ենք. ուրեմն
ծիծաղիր, հետ թեքվելով իմ գրկում
քանզի կյանքը պարբերություն չէ

Ոչ էլ մահն է, կարծեմ, փակագիծ

կարող է միշտ այսպես չլինել.և ասում եմ ես

կարող է միշտ այսպես չլինել. և ասում եմ ես
-եթե շուրթերդ, որոնք սիրել եմ, պիտի հպվեն ուրիշ
շուրթերի,և քո անգին զորեղ մատները պիտի սեղմեն միշտ
ուրիշ մի սիրտ, ինչպես իմը ժամանակին ու նմանապես.
եթե ուրիշի դեմքին պիտի թափվեն քո վարսերն անուշ
այն լռությամբ որ ես գիտեմ,կամ այնպիսի հոգեհմա
անվերջանալի ու ոլորագայթ բառերով, երբ նա
կանգնի ծուղակն ընկած ոգու առաջ անօգ ու անուժ.

եթե լինելու է սա,ասում եմ եթե լինելու է սա-
իմ սրտի միակ, դու ինձ միայն մի բառ ասա.
որպեսզի գտնեմ նրան, սեղմեմ ձեռքերն ու ասեմ`
Ընդունիր ինձնից երջանկությունն այս համակ ու վսեմ:
Հետո կշրջվեմ` լսելու ինչպես է մի թռչուն երգում
ահավոր հեռու հեռաստանների կորուսյալ երկրում:

թող իմ սիրտը միշտ բաց լինի փոքրիկ

թող իմ սիրտը միշտ բաց լինի փոքրիկ
թռչուններին ովքեր կյանքի գաղտնիքն են անանց
նրանց երգն ավելին է քան մեր գիտելիքը
մարդիկ ծերացել են եթե չեն լսում նրանց

թող իմ միտքը միշտ թափառի քաղցած ազատ
անվեհեր ծարավ ժիր զվարթադեմ
թող ես սխալ լինեմ չիմանալով երբ է կիրակի
երբ մարդիկ ճիշտ են ուրեմն ջահել չեն արդեն

և թող ինքս չանեմ ոչինչ օգտակար այլ քեզ
սիրեմ ավելի քան իսկն ու երջանիկ
չի ծնվել դեռ այսպիսի հիմար որ մի ժպիտով
երկինքը քաշել ու իր գլխին դարձրել է տանիք

ով գիտե գուցե լուսինե մի

ով գիտե գուցե լուսինե մի
օդապարիկ է,որ գալիս է գեղեցիկ մարդկանցով լեցուն
երկնային մի խելոք քաղաքից
(ու եթե ես և դու

ներս գնայինք, եթե նրանք վերցնեին
ինձ ու քեզ իրենց օդապարիկի մեջ,
այդժամ
կբարձրանայինք բոլոր գեղեցիկ մարդկանց հետ

շենքերից զանգակատներից ամպերից վեր.
հեռու հեռու
կճախրեինք դեպի խելոք մի
քաղաք որը ոչ ոք չի այցելել, որտեղ

միշտ
Գարուն
է)բոլորը սիրահարված
են և ծաղիկներն իրենք իրենց քաղվում են

եթե,տիրուհիս, ես ստեղծել եմ ինչոր խառնակ

եթե,տիրուհիս, ես ստեղծել եմ ինչոր խառնակ
անկատար բաներ որոնք ցավ են բերել աչքերիդ
(ավելին փխրուն քան ամենախոր երազն է փխրուն)
երգեր որոնք թույլ են քո մարմնի ամենաճերմակ
երգի առաջ` մտքիս վրա. ու չեմ զորել հարյավ
գերեվարելու հայացքը հեգ-ու կորել են իմ երգերում
ամենահմուտ տարօրինակությունը ժպիտներիդ
և վարսերիդ անդորրը խորին ու նախնադարյան

-թող աշխարհն ասի «նրա մեղեդին իմաստուն ու վես
չգողացավ մահից ոչինչ»-
դու սոսկ կարարես
(դու որ կատարելապես ողջ ես) իմ ամոթն ու նախատինքը.
տիրուհի ում խորախոր ու դյուրաբեկ շուրթերի միջով
Ապրիլի քաղցր ու անընտել ոտքեր մտան

հոգուս պատռված մարգագետինը:

եթե կա դրախտ որտեղ մայրս պիտի

եթե կա դրախտ որտեղ մայրս պիտի(մենմենակ)
ապրի: Այն չի լինելու զառ-մանուշակի դրախտ ոչ էլ
փխրուն մի դրախտ հովտաշուշանի այլ
այն լինելու է կարմրասև վարդերի դրախտ

հայրս կլինի այնտեղ(վարդի պես խոր
վարդի պես բարձրահասակ)

կանգնած

(լուռ ճոճվելով ներա
գլխավերևում)
աչքերով որոնք իսկական թերթիկներ են ու ոչինչ

չի տեսնի` դեմքով իսկական բանաստեղծի
որն իրականում ծաղիկ է այլ ոչ թե դեմք որն ունի
ձեռքեր
որոնք շշնջում են
Ահա իմ սիրեցյալը իմ

(հանկարծ արևաշողի
նա կխոնարհվի,
և բովանդակ պարտեզը կխոնարհվի)
Թարգմանությունը` Սամվել Մկրտչյանի

Կարծիքներ

կարծիք