Բանաստեղծություններ

nkar

* * *
Ամեն մի պահի սիրտս փափուկ – մելամաղձիկ ճմլվում է,
մի հիվանդոտ, մի վշտահար, անապաքեն երեխա է
այնտեղ տնքում,
մի տխրամած, անզեն, հլու իր ցավի դեմ – մի ձագուկ է
լուռ թպրտում,
հովատակն է այնտեղ պառկել – ձորի միջին –
պաղ ու անհամ քարն է լիզում,
սառած աչքն է լուսնին հառել –
հոգեվարքն է, հոգեվարքն է, էլ չի շնչում:
Ամեն պահի, ամեն պահի – իմ սրտի մեջ –
սիրահարն է նկուն ընկնում,
նկուն ընկնում ու լռում է, չի բողոքում –
որովհետև արյունաքամ – թուլանում է –
ոչ ոք չկա վերքը կապող:
Ամեն պահի, ամեն պահի – սրտիս միջին
երազներիս դուռն է փակվում –
բարձրանում են դարպասները կարծրաերկաթ
իմ կյանքի դեմ –
վարդից նազուկ իմ կյանքի դեմ,
և արյունս ջուր է դառնում,
և արյունս ջուր է դառնում…
Առավոտները հետաքրքիր ու բազմազեղ,
ինչպես եք ինձ առնում ձեր մեջ – տանում
հստակ օրը դեպի – նորեն,–
բույրեր մաքուր ու հոտավետ այգաբացներ,
կապույտ, ոսկե, մարմանդ գույներ` ցողաթաթախ –
ինչպես եք ինձ առնում ձեր մեջ, տանում – էլի
օրը դեպի – նորեն…

* * *
Այդ ի՜նչ գիշեր էր, այդ ի՜նչ ծախս արինք,–
ա՜խ, կամ ինձ մոտ գողացված դրամ էր, ուրիշինը –
կամ որտեղի՞ց ինձ այդքան կեղծ ու շռայլ դրամ –
որ ծախսեցի վրադ:
Մի գիշերվա համա՜ր – մի անծանո՜թ –,
և ասացի բառեր, որ ասվում են
ամբողջ մի կյանքի մեջ
և ողջ կյանքի համար,
և համբույրներ, և շոյանքներ, և սեր,
որ պահվում են միայն աստվածների համար,
և թափեցի, թափթփեցի խելառ
կյանքը երկարացնող մի մեծ սափոր գինի,
որ իսկապես, որ դեռ ինչքա՜ն պիտի պետք գար:–

Մի գիշերվա համա՜ր – մի անծանո՜թ,
մի մութ, անապագա, զևզեկ,–
էհե՜յ, իբր ուզեցել եմ ասել – թե ես կի՜ն եմ,
թե ինձ պատահել էր տղամա՜րդը –
թե գիշերը միայն սեր է լինում (կորզում),
ու մի գիշերն արժի ի՜բր-ուրիշների ապրած
մի ողջ դրախտայի՜ն…

Իսկ ինչու եմ ապա այսպես
ժլատ, կծու, ձեռնփակ ու բռո՜ւնցք արած հիշում,
մե՜ծ ծախսերս հիշում,–
ու հարբածի ետօրվա պես –
փոշման – փոշման կորչում –
թե չհիշեն հանկարծ – ինչե՜ր էի փչում…

* * *
Ես ասում եմ –
դու գնում ես, դու ինձ մոտ չեկար:
Իսկ դա` ինչ, դա ոչինչ,
դրա մեջ կարոտ չկա,
մեկնված ձեռք չկա ու`
ոչ մի հնչյուն մեղեդու:
Գնում ես, գնա:
Գնացող, անցնող ու դարձող
մարդիկ, որոնցից հասկացվում է
միայն այդքանը, այն, որ
անցնող ու դարձող մարդիկ են,–
այդպիսին ես դու հիմա:–
Անցորդ, որ իմ մայթից անցավ
ուրիշ մի մայթ,–
ոչ թռչուն ես, որ թևես,
ոչ կանաչ ծիլ, որին ուզենամ
ցողել անձրև ու երգ,
ոչ ամպի պես թեթևասահ ես
ու ըղձալի, որ քաշեմ, իջեցնեմ
ցած, իմ թևերի մեջ:–
– Ես ուզում եմ փնտրել,–
այդ ո՞ւր թռավ սերը,
ո՞ր պուճախը մտավ,
ինչպե՞ս դուրս կորար
անուրջի, պատրանքի և
գունավոր հազար ու մի
քնքշանքների միջից, և
ինչպե՞ս ուրվագծվեց
սովորական անցորդի
քո ուրվագիծը:–
Որ ոչ թե հեռանում ես, սեր իմ,
այլ քայլում ես, անցնում,–
գնում ես պարզապես –
քո ճամփան` փոքրիկ ու
սովորական:

ԴՈՒՔ ԻՆՁ ԵՐԱԶԵՔ

Դուք ինձ երազեք իմ պարզ ու հասարակ տեսքից հեռու,
Հենց սկզբից բանի տեղ դրեք ինձ:
Երբ ես մոտենամ,
նոր միայն կգցեմ վզովս ոսկե, ծանր իմ շղթան,
Դա իմ պահուստն է – դա իմ սերն է, որ շատ թաքուն ու խորն եմ պահում,
Իսկ դրսից երևում եմ խեղճ:
Դուք դեռ հեռվից ճանաչեցեք ինձ –
Վստահ եղեք`
Ես կլինեմ հարուստ ու պերճ –
Կլինեմ չքնաղ,
Երբ մոտենաք ինձ:–

Երբ մոտենաք ինձ,
Կտեսնեք, որ ես
Չունևոր ու խեղճ չեմ,
Արհամարհելի ու ցածր չեմ,
Որ` դուք ինձնից բան ունեք հարցնելու,
Եվ որ ես` ի զորու եմ տալու հարկավոր պատասխանը:

Եվ երբ վզիս ոսկե շղթան ահա ձեզ նվիրեմ,
Դուք հպարտ կզգաք, որ դա իմ նվերն է,
Որ` ինձ ունեք, որ` ես ձերն եմ,
Որ` ինձ երազեցիք
Ու հասաք –
Դուք հպարտ կզգաք,
Որ ինձ ճանաչում եք:
Դուք ինձ երազեցեք
Հենց այսպիսի տեսքով–
Այնպիսին, ինչպիսին կամ:

ՀՈԳՆՈՒԹՅՈՒՆ

Հոգնել եմ ես – քեզ հարգելուց –
սահմանն անցնել – սիրել կուզեմ,
հոգնել եմ, այ` քե՛զ – սիրելուց –
քեզ բաց աչքով – հարգել կուզեմ:

Այսպե՛ս անցնել – ա՛յս նույն ճամփան –
Բարև ասել ա՛յս նույն մարդուն –
ա՛յս նույն ժամին,–
գլխարկ հանել ու խոնարհվել –
նո՛ւյն խոնարհմամբ –
հոգնել եմ ես:–

Մաքրությա՛նն այս – մաքուր ասել –
հոգնել եմ ես –
ա՛յս ճերմակին ճերմակ ասել –
և սևին` նույն սևով մրե՛լ –
հոգնել եմ ես:–

Նույն բողոքից, նույն ստերից,
նույն պակասից ու պռատից,
թույլ կոչվելուց, անկամ, անուժ
ցանկանալուց,–
անկամ, անուժ – աթոռի մեջ`
ես իմ նինջից –
հոգնել եմ ես:

Առերևույթ, աներևույթ –
տաշեղի պես ջրի վրա
հիմար լողով, թրև գալով
հոգնել եմ ես…
Կուզեմ – ես իմ ծանրությո՛ւնը –
Խորքը գնամ ծովի անտակ,–
Եվ ինձ հանեն ծովի տակից –
սուզակները`
հանց մարգարիտ` թա՛նկ ու կրա՛կ…

ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանդաղ հանգչում է – երբ օրը,
սենյակը դանդաղ առնում է մութը –
բայց ասես – հավետ – առնում է մութը,
ես – արագ, գիտեմ` ինչ եմ անում –
իհարկե – վառում եմ լույսը,–
ու դեղին քույրս – ջերմ– հեռացնում է մութը:

Մի քիչ անց – սակայն – սառչում է դեղինը,
դեղինը դառնում է դառը վախ, քստմնելի –
գորշը առնում է դարձյալ սենյակը –
մութը առնում է դարձյալ հոգիս –
ո՛չ քույր կա իմ կողքին, ո՛չ կրակ, ո՛չ լույս…

Ես հանգցնում եմ չնչին այդ լամպը,
ու տիրում է իսկական խավարը…
Մեծ մութը – տիրո՛ւմ է, լափո՛ւմ,–
սա արդեն տղամարդու տեղ է,– եղբա՛յր իմ,
ո՛ւժ իմ, սե՛ր իմ,– հայտնվի՛ր…

Բայց ոչ ոք չկա…
Ես արագ-արագ, խելքս թռցրած –
վազում եմ ահա կայարան.–
իբր – գնացքից կուշանամ, էհե՜յ…
Եվ ամբողջ գիշեր ես վազվզում եմ
կայարաններում ու ուշանում եմ –
– բոլոր գնացքներից – չվացուցակով –
մինչև առավոտ…

* * *
Երբ ես ու դու գրկում ենք իրար
Ու բարձրանում նստում ենք
ծառի ամենավերին ճյուղին –
Որ բոլորն են տեսնում,
Ասում են – դա բողբոջն է,
Ասում են – ծառը բողբոջել է…

Անդին 8, 2013

Կարծիքներ

կարծիք