Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

* * *
Մատներիս սահքը ուսերիդ ոսկրագծերով.
այդ է երգը, որ չի վերծանվում,
այլ գնում է միայն…

***
…Եվ լռությունը քո
տաք ծածկոցի նման
գցել ես ուսերիս…

և կաթը քո սիրո,
և արևդ լռին
ըմպելու ես թողնում…

* * *
Դու իմն ես այնպես,
ինչպես դեղինն է արևինը,
ինչպես հայացքն է աչքերինը,
ինչպես մերկ տողն է
բառերինը չգրվող…

* * *
Ի՞նչ երիտասարդ կարոտներ են զուսպ
թրջում քաղաքը,
ի՞նչ անձրևներ են
լվում թևերը թափանցիկ կանանց,
ի՞նչ ջրեր են,
ծա՛ռ,
ի՞նչ կանաչներ են,
ինչո՞ւ են այդպես խորը ու խոնարհ…

Ի՞նչ կապույտ վերք են
պարանոցներին կախել գաղտնորեն,
ի՞նչ թաքուն գորով,
ի՞նչ վսեմ լռում…

Ի՞նչ են մայրորեն
այս ամռան միջին
ինձնից թաքցնում աշունները,
ծա՛ռ…

* * *
Հուշերս՝ խունացած կոշիկներ,
տողերս՝ թափառում գիշերում…
Կարոտը սև-սպիտակ կինո է,
փողոցը՝
փոշոտված ժապավեն…

* * *
Վերադառնում է կոկիկ գրելու ժամանակը.
ամառվա անվրդով լռության մեջ՝
խաղաղված հայացքով հակվել սպիտակ թղթին
և անշտապ ու նուրբ շարել բառերը հանգստության…
Նորից ոտք դնել անդորրի ճանապարհին,
զգուշորեն երկարել մատները, շոշափել թելերը հովերի…
Վերադառնալ տուն՝
հասկացած, խոնարհ…

* * *
Խաղողի վազը
մենավոր տատիս է նման,
երբ շուրթերը շփոթված սեղմելով՝
կոպերի տակ թաքցնել էր ուզում
աչքերի փայլը,
և արևի դեմ կախ թարթիչներն էին փայլփլում՝
սրտառուչ խոնարհ ու տաք…

* * *
Ամառվա կանաչ հետկեսօրյան
մեր պատշգամբում այնպես լայն
և խաղաղ է ասես…
Ճոճանը օրորվում է մեղմիկ.
մեր տունը ծիկրակում է ճանաչ արևին…

Agnus Dei

Տատս մեռնում էր…
Խաղողի թառամած ճութի պես՝
շուրթերն էր դողացնում
խնդրանքիս ի պատասխան…
Ամոթալի լռություն էր
այդ փոքրիկ սենյակում,
ամոթալի լռություն…

* * *
Քո մեռնելուց հետո
նույն ամռանը քեզ լուռ մենաստանում գտա, տա՛տ…
Ինձ պատմեցին`
յոթանասուն տարի կանաչ դաշտերում
մեն-մենակ սունկ ես հավաքել,
փակ աչքերով խոտեր ես շոշափել, տա՛տս,
փնտրել ես, միայնա՜կ-խոնարհս, փնտրել ես…

Անդին 10, 2014

Share

Կարծիքներ

կարծիք