Բանաստեղծություններ

nkar

Նախագո եզերքներին շանթը դիպավ՝ Աստծո ձեռքերից էր. արարվելիքը այդտեղ արարվեց, արարվածի տեսքով՝ դրսում եղածը իրենց ներսում ճշգրիտ ունեցող հոգիներ եղան, նրանց շրջագայությունը այդ եզերքների շուրջ էր. Անին նրանց մեջ էր՝
Իր այնտեղից պահպանածը այսօր մեզ է հանձնում: Բարի երթ մարդկանց երկրում, շամանդաղներում հունցված հոգի:
Վահան Վարդանյան

ԱՆԳՈ ՀԻՇՈՂՈՒԹՅՈւՆ

Այսքանը չէ, սրանով չի ավարտվում,
Հեռուներում անմեկնելի թախծի մեջ,
Աներևույթ, աննյութեղեն անգոյում
Միայն ոգի, միայն ոգի ու ոգի:

Այսքանը չէ, սրանով չի ավարտվում,
Անդարձ կարոտ, անցած երազ մի լուսե,
Հոգեթախիծ մոլորակի մշուշում
Միայն ոգի, միայն ոգի, միայն սեր:

ԱՆՀՈՒՍԱՀԱՏ ԵԶԵՐՔ

Դու ստեղծեցիր Քո կերպարով մեզ այնպես,
Եվ մենության կնքամոմով, ինչպես Դու,
Մենք արարիչ` մեր չափի մեջ չափահաս,
Մոլորվեցինք ճամփաներում այս անհաս:

Ուրվագծիդ անուրվագիծ եզերքում,
Եվ փառահեղ փեշերիդ մեջ պարփակված,
Մենք խոսքերով Քո խորհուրդը օծեցինք,
Որ բարուրվենք անչափում Քո Մեծության:

ԽԱՂՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ուզեցի հոսել ինքս ինձանից,
Լինել ամենուր և լինել անես,
Ուզեցի անփակ վերքերն իմ անտես,
Ահռելի գրկով առնել ինձնից ներս:

Ուզեցի քամվել ինքս ինձանից
Կավե սափորում ճկուն, մարմնատես
Ուզեցի գինին արյան տեղ ըմպել,
Խաղողի ներհոս հիշողության պես:

ԽԱՂԱՊՏՈՒՅՏ

Այս համատարած անհայտության մեջ,
Այս լույսի ներքո տվնջենական,
Ոչինչ էլ չկա այստեղ առանց Տեր,
Միաժամանակ ամենն են անՏեր:

Եվ սփռման մեջ լուռ անտերության,
Անցանք շրջանը՝ շրջադարձային,
Այնինչ, Տերը մեր վաղուց է ննջել,
Մեր բախտը հանձնած պտույտախաղին:

ՀԵՏԱԳԻԾ

Գիշերվա հեղձուկ, խավար սենյակում,
Սևազգեստ դևը երգ է մրմնջում.
Վիճակների մեջ միայնակն է ճիշտ,
Եվ մենակի մեջ ես` ունայնափակ:

Տագնապը շուրջս շուրջպար է բռնել,
Հեռուները` մութ, առանց ուրվագիծ:
Արև, ես նորից քեզ եմ կարոտել,
Եվ խավար տանող լուսավոր ճամփիդ:

ԱՐՁԱԿ ԵՐԱԶ

Մտրակիր քամի,
Շեղբահար մարմինն իմ առ քեզ գերի,
Գուցե մարմնակեզ մրմուռը հանկարծ
Լռեցնի բախտիս ցավը անմեկին՝
Տեղահանվելով մեկ այլ հարթություն.
Այնտեղ, որտեղ կամ,
Որտեղ ես շատ եմ,
Անասանելի…

ԽԱԲՈՒՍԻԿ ՏԱՐԱԾՔ

Ինչ որ ասում ես, ես գիտեմ վաղուց`
Լուռ կարոտ անդարձ օրերի հանդեպ,-
Այն, որ չես կարող ետ բերել ոչինչ,
Այն, որ լուծվել է տարածության մեջ:

Ժամանակը խուլ, հորդառատ մի գետ,
Ջրվեժածածան, սակայն խաբուսիկ,
Երազանք ծամող հրեշների հետ
Ամեն ինչ տարավ. որ չբերի ետ:

Ինչ որ ասում ես, ասել ես վաղուց,
Աչքերիդ մթնում չկա ոչ մի վեճ,
Եվ էլ չես կարող ոչինչ ետ բերել,
Քանզի լուծվել ես տարածության մեջ:

ՀԱՅԱՑՔ

Մեծ քաղաքների տանիքին նստած, մի օր, բոլորս՝
Աղավնու ճերմակ թևերը հագած՝ պիտի որ նայենք
Մայրուղիներին,-

Մարդկային խղճուկ անգոյն իր գոյում,
Եվ խնդությունը նույնքան խղճալի…

Մենք վերևներում ճերմակ երազի՝
Անտարբեր ցավին և տարբեր անցավ մեր հոգիներին,
Պիտի որ նայենք անուղի, անղեկ
Մայրուղիներին…

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԳՈՅԻՑ

Ես ապրել եմ հեռուները և թախիծը տարտամ լույսի,
Եվ խոտերի լռությունը, թափառումը աշխարհների,
Տարագրված մեկ կաթիլի ուծացումն եմ ապրել կյանքից,
Եվ բաշխվել հեռուներին,
Բիլ վարարուն գետակների խինդը շաչյուն՝
Օվկիաններում վերածնված,
Տարերքների թափն եմ ապրել՝ մարդահմա,
Իրենց զորեղ ճշմարտության մտորումի վկան եղել:
Ես ապրել եմ երկունքների ցավը վերին,
Եվ երկրային կնոջ մահը,
Տղամարդուն շանթահարված, անօգնական արարման դեմ,
Անասելի ցավեր բեկել անդարձների,
Եվ հեռացող ժամանակի թարթն եմ եղել:
Ես եղել եմ ճիշտ իմ տեղում,
Ուր արդար են ապրումները՝ անգթությամբ միահյուսված
Այլխոհերի գիտակցությամբ…
Ես ապրել եմ ընդերքները և որսացել միտքը Նրա:
Ես ապրել եմ, իմ իսկ, կյանքը…հեռուներում:

ԾԱՆՐ ՔԱՅԼ

Ոնց մենք հասանք մինչև այստեղ`
Հորձանուտով շրջապտույտ,
Հեղձագալար տարերքներով,
Ներհոգնությամբ հեռուների,
Օր խնդությամբ անկարեկից,
Եվ իմ հոգին…
Եվ մարմինն իմ առանց եզրի,
Առանց հստակ սահմանների,-
Ոնց մենք հերթով ճամփա դրինք
Պահերը` թարթ, մահերը` թարթ առանց գրկի,
Առանց ամփոփ ընդգրկումի,
Մանրակրկիտ ճշգրտումի`
Եզրահավաք, շոշափելի և անհոգի:

«Լուսնաքար» ժողովածուից

Share

Կարծիքներ

կարծիք