Բանաստեղծություններ

nkar

* * *
Դու հաղթեցիր ինձ,
հոգնությո՛ւն,
ուրեմն թույլ տուր ինձ
հանգստանալ.
պարտվել եմ ես…

* * *
Այն բոլոր օրերի համար,
որոնց ես չեմ տեսնելու,
այսօր կսիրեմ քեզ, օ՛ր,
կփայփայեմ իմ ձեռքերում,
կհամբուրեմ վարից վերև,
կջերմացնեմ քեզ իմ գրկում,
որ շունչս տաք` խոսքեր հագած,
հասցնես նրանց
ու մինչ բարի ճամփա կընկնես,
արի սիրեմ քեզ, օ՛ր,
այն օրերի համար բոլոր,
որոնց ես չեմ տեսնելու…

* * *
Լավ է` հեռանամ ինքս իմ մեջ,
քան հոգիս խեղեմ
պարտադրված միասնությամբ.
ինչ անե՜զր է երկինքը ազատ…

* * *
Տողով հաղթահարեցի
կորուստներս,
ցավերս,
կարոտներս,
տողով հաղթահարեցի ինքս ինձ:

* * *
Վայրկյանը սեթևեթում է, որ րոպե դառնա,
իսկ րոպեն տառապում է
ժամի համար 60 անգամ…
Ժամը ձգտում է լիացնել օրվան,
որ իրենով լցնի,
իսկ օրը գլխովին նետվում է
գիրկը գիշերվա…
բոլորս ձգտում ենք մի բանի,
բայց ոչ իրար…

* * *
Երբ սերը քանդեց բոլոր արգելքները
երեկվա ու վաղվա միջև,
մնաց ամենամեծ պատնեշը`
այսօրը.
դու չկաս այնտեղ…

* * *
Այսօր ինձ փրկիր մեկ անգամ ևս, Տե՛ր.
Լուսածին սերս մի պահ խավարեց,
Հիշաչար քամու քինոտ պտույտից
Մի պահ կարկամեց…
Բայց ես քոնն եմ, սե՛ր,
Ու այսօր փրկի՛ր ինձ մեկ անգամ ևս, Տե՛ր…

* * *
Անկապ կապեր երկրային
(Vivacell, Orange, Armentell),
իսկ իմ կապը վերևի հետ հասանելի է
ու կարիք չկա լիցքավորել ոչ մի տեղ,
ես երկնքի մշտական բաժանորդն եմ,
վերջում հոգիս կվճարի այնտեղ…

* * *
Հոսի՛ր, հոսի՛ր, իմ մեղեդի,
Արյանս հոսքով անցի՛ր,
Սահի՛ր սրտիս զարկերի ռիթմով
Ու շուրջառվի՛ր նորից,
Չգիտեմ` դո՞ւ ես իմ մեջ,
Թե ես քո հոսքում,
Լույս եմ հիմա ես,
Արև եմ ու ջերմ.
Ո՞րն եմ` չգիտեմ…
Հոսի՛ր, հոսի՛ր, իմ մեղեդի,
Ու ձուլվի՛ր ինձ հետ…

* * *
Մի բուռ ջերմություն դրեց
աշունը ծնկներիս…
հուզմունքս ալիքվեց
ու քնքշանք սփռեց
աշնան ծառերին…
Երբ վեր կացա,
թողեցի ներկայությունս
նստարանին.
սա քեզ համար, աշո՛ւն…

* * *
Տերևները երկար դողացին,
երբ հոգիս մրսեց քո պաղ խոսքերից…
մի փոքր կամա՛ց…

* * *
Մատներիս միջև սառչում է հիշողությունը,
սառչում են աչքերս,
ու թռչունները ճարահատ
չվում են տաք տարածքներ:
Քամիների հաղթանակն է
և ոչ սրտի,
որ այտերս չեն շառագունի
ջերմության հուշից:
Բառերս հետևում են թռչուններին.
նրանք հանգրվանում են այնտեղ,
ուր բանաստեղծությունն է…

Երբեմն

Հրեշտակները երբեմն
շատ են ուզում տեսնել այն,
ինչը իրենցը չէ, ու պատժվում են.
հետաքրքրասիրությունը փոքր-ինչ
այրում է նրանց թևերը, ու
նրանք թևաթափ են լինում,
երբեմն…
Հրեշտակները երբեմն ուզում են
լինել այնտեղ, ուր պետք չէ,
ու ոտքը նրանց խփվում է քարին.
արյան փոխարեն ցավ է հոսում նրանց ոտքերից,
ու դժվարանում են շարժվել առաջ,
երբեմն…
Հրեշտակները երբեմն ուզում են փորձել այն,
ինչ իրենցը չէ, ու քիչ է մնում
կորցնեն իրենցը,
ու նրանց աչքերից երկինքն է հոսում…
գուցե պարզապես ներե՞լ է պետք հրեշտակներին,
երբեմն…

Անդին 1, 2015

Share

Կարծիքներ

կարծիք