Բանաստեղծություններ

nkar

Մ Ի Ն Ա Կ

Տարիներն, որոնք ետիս են՝
Իրենց զվարթության դառն հիշատակով
Զիս կչարչարեն:
Տարիներն, որոնք առջիս են՝
Խելագարության ահռելի հեռապատկերով
Զիս կքարացնեն:

Հին տարիներն, որոնց լիալույս պայծառությունն
Աստիճանավ կնվազի,
Նոր տարիներն, որոնց դեռաբույս մթությունն
Տենդերու սաստկության հետ կաճի:
Հին տարիներն, հնագույներն, ի՜նչ քաղցր կժպտին.
Նոր տարիներն, նորագույներն, ի՜նչ ծամածռություններ ունին:

Հին տարիներն իրենց հետ ամեն բան,
Հին բարի՜ տարիներն անգութ,
Տարին ամեն բան իրենց հետ,
Ամենքն ու ամեն բան անդարձ հավիտյան.
Մայրս, հայրս, եղբայրս.
Սերս հույսս, հավատքս:
Նոր տարիներն ոչի՞նչ պիտի բերեն ինձի,
-Նոր տարակույսներ պիտի բերեն մտքիս.
Նոր հուսախաբություններ սրտիս,
Ու նոր մշուշներ հոգիիս:
Արագ-արագ կուգան որպես գուժկան,
Ու համր-համր կերթան,

Զի ծանրաբեռնյալ միշտ կերթան
Նոր տարիներն, որոնք հի՜ն են այժմ:
Անկողինները մեկիկ-մեկիկ ծրարեցան,
Պնակները մեկիկ-մեկիկ վերցան,
Ու ձայները մեկիկ-մեկիկ մարեցան:
Ու տունս հիմա մեկ անկողնյակ,
Ու սեղանս հիմա մեկ պնակ,
Ու բընա՜վ կենդանի ձայնի մ’ արձագանք:

Ես կերակուրս կուտեմ, ու կերակուրս զիս կուտե:
Ես սենյակներս կպտտիմ, և ուրվականք գանկիս սենյակները կպտտին.
Եվ պատերուն վրա պատանքի պես ճերմակ՝
Կպտտին գիրկընդխառն իմ սիրելյացս ստվերները:

Կպտտին գիրկընդխառն հի՜ն տարիներուն ստվերները:
Հին, բարի տարիներն անգութ,
Երջանկության պայծառաշող պատկերներ
Աչքիս տակ միշտ կպտտցնեն:
Ու տարիներն, որ պիտ գան,
Սև սև սարսուռներ
Հոգիիս մեջ կպտտցնեն…

Բ Ա Ր Ձ Ը

Անկողնո տեղ լոկ բարձ մը,
Բարձին վրա լոկ փոս մը

Գտնել, ո՜հ, դառն է, Տե՛ր իմ:

Ոտիցը տեղ լոկ հետք մը,
Գլու՞խ… մազի լոկ թել մը,
Գտնել, ո՜հ, դառն է, Տեր իմ:

Լանջքի տեղ՝ լայն պաստառ մը,
Ծծի տեղ՝ ծալք մ’ ու ծալք մը
Գտնել, ո՜հ, դառն է Տեր իմ:

Պրկու՞նք, ո՜հ, պատռվածք մը,
Բարձին մսահամ բացք մը
Գտնել, ո՜հ, դառն է Տեր իմ:

Թաշկինակ մը ու բարձ մը,
Հրաժեշտ ու արցունք մը
Գտնել, ո՜հ, դառն է Տեր իմ:

Եվ այդ բարձին վրա քուն մը,
Հավիտենին Հունկ քունը.
Քնել ա՜խ, դառն է, Տեր իմ:

Մ Ա Հ Ա Կ Ե Ն Դ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Երկրես չվող մեն մի հոգի ևս անձուկ
Երևցնե զաշխարհն աչացս իմ, բաբե,
Եվ անդրագույնն անհուն ևս ինձ հայտնե,
Անծանոթին մտրակելով հիս անձուկ:

Ամեն մեռել զիս իրեն հետ կթաղե.
Իբր ողջ կուլա՜մ, իբրև մեռել կորդնոտի՜մ,
Երկնավորին ես ի՞նչ արդյոք կպարտիմ,
Որ այս անլուր տանջանաց զիս կմատնե:

Մա՜յրս է, մա՜յրս է, որ կանիծե զիս.
«Տղաս, գրող եղար, անոթի պիտի մեռնիս»:

Վ Ի Շ Տ

Հորժամ տեսնեմ շրթունքդ անշարժ
Աչքդ հանծանոթ կետ սևեռած,
Ոչ ասեմ քեզ. «Ի բանս անվարժ».
Չասեմ. «Հոգին է քո սառած»:
Աjլ տրտմիմ.
Քեզ առավել ես հարիմ…
Հորժամ լռին, աչք հարտասուս
Խորհիմ խավար իմ նսեհին,
Եվ մրմնջեմ մերթ երգս անհույս,
Ասես. «Ցամաք ես. երգդ է հին»:
Ես տրտմիմ.
Մնաս բարյավ, ո՜, Սեր իմ:

Ե Ս Ի Մ Շ Ի Ր Ի Մ Ի Ս Վ Ր Ա

Տո՜ւր ինձ, ո՛հ, Տեր, որ ցայգ մ’ելնեմ շիրմես դուրս
Որորանես, ուր այնքա՜ն դույզն դիեցի,
Սրսկապանես, ուր ցուրտ ստվերը սեղմեցի,
Վսեմագույն վայրն այցեմ, աչք հարտասուս:

Ուռենվույն զույգ՝ տապանաքարս-մարմար կույս-
Թևերուս մեջ գրկեմ՝ հանգետ լույս գանձի,
Եվ իմաստյուք թմին, տառյուք գեղոսկի
Տապանագիրս ընթեռնում, աչք հարտասուս:

Եվ զի չունիմ մայր, որ շիրիմիս վրա գա լա,
— Քանզի մայր մը կրնա անկեղծ լալ,-
Կուշտ մ’արտասվեմ ընդ վա՜յր անցած կյանքի վրա,
Սիրտս պարապ, ուր պարտեր սերն՝ ոհ, լողալ,
Լեցնեմ զայն դառն արտասվոքս հրահալ:
-Միա՜կ ապրած օրս այդ, եղուկ, երկրի վրա:

Share

Կարծիքներ

կարծիք