Բանաստեղծություններ

Հեղինակ:

nkar

Աղոթք

աղոթում էի,
որ անձրև գար,
չգիտեի
գալուդ մասին,
երազում էի
անձրևի մասին
անձրևը գա՜ր,
ջուրը բերեր,
նախկին կյանքում
շունչդ եղած
ինչ-որ կաթիլ
լեզվիս դներ…
Երեկվա այստեղդ
Այստեղիս հետ
Մի տեղ դարձավ.
Դու իմ քաղաք եկար,
Որ ինձ տանես,
Տանես տանիք
Իմ քաղաքի…
Դու եկել ես,
Ինձ ես բերել,
Ու,
Քաղաքս
Համբարձվել է,
Ու ապրում է
Մեռածը,
Քանդածը,
Էլ չեղածը,
Վտանգվածը։
Բերել ես քեզ,
Որ մտնեմ տուն,
Քո մատները
Քարերի տեղ
Շուրջս շարեմ ,
Պատերի տեղ
Թիկունքդ բացեմ
Ինձ քո ներսում
Փռեմ,
Ինձ քո ներսով ծածկեմ…
…Հանգստանա՜մ

եկար,
Որ պաշտոնանկես
Այսօրները,
Այստեղները,
Տեղերը,
Ձևերը,
Եղած-չեղած
Ապրած-չապրած
Կարոտները

Այսօրվանից
Այս քաղաքի
Տանիքի տակ,
Այս Երկնքին `
Իբրև հատակ
Երկնքի տակ
Պաշտոնանկ են
Տողերը
Չափերը,
Չապրված տաղերը,
Հանգերը,
Վանկերը,
Վանքերը,
Քաղաքը լղոզող
Իշխանական տանկերը…

Հաստատում եմ ծիսակարգը`
Պաշտամունքդ,
Ներկայությանդ ներքո
քաղաքի վարքը…
Զի քո է արքայություն
և զորություն
և կյանք
և կիրք
Ամեն

* * *

Քաղաք, որտեղ կորչելու տեղ չկա,
Տեղ, որտեղ քաղաք չկա,
Չկա, որ լիքն է,
Լիքը, որ խուլ անդունդ է,
Անդունդ, որ աղմկոտ կյանքդ է,
Կյանք, որ կարծես ապրում ես,
Ապրել, որ վաղուց մոռացել ես,
Մոռացում, որ կարմիր ներկա է,
Ներկա, որ դանդաղ քամվում է,
Քամիչ, որ պոռնկաբար տիրում է,
Տիրել, որ ցավոտ է,
Ցավ, որ վերապրում ես,
Վերապրուկ, որ կանգնած շունչդ է,
Շունչ, որ ագահորեն քաշում ես,
Քաշ, որ ձգած հեռավորություն է,
Հեռավորություն, որ կշիռ է,
Կշիռ, որ ունայն է,
Ունայնություն, որ չի շնչվում,
Շունչ, որ չես քաշում,
Քաշ, որ բարձրություն է,
Բարձր, որ վերև է,
Վեր, որ գետին է,
Գետին, որ ուղղահայաց է,
Հայացք, որ կորացավ,
Կոր, որ խեղդում է,
Խեղդում, որ կանգնել է,
Կանգառ, որ վազեց,
Վազք, որ հոսում է,
Հոսք, որ արյունդ է,
Արյուն, որ երակներումդ է,
Երակ, որ չկտրվեց,
Կտոր, որ արյունոտվեց,
Արյուն, որ կանգ առավ,
Կանգառ, որտեղ չկաս,
Չլինելություն, որ արնահամ է,
Համ, որ կոկորդիդ է,
Կոկորդ, որ խեղդվում է,
Խեղդում, որ տարավ,
Տեղ, որտեղ չկամ,
Չլինել, որ կյանքդ է,
Կյանք, որ լռվեց ափումդ,
Ափ, որ դարձավ փողկապ,
Կապ, որ մահ էր,
Մահ, որի վրա թքում եմ…

Ընտրությունը

Գյումրին մեր ընտրությունն էր

Թափորը շարժվում է,
Տանում է դագաղը.
Ծանր է:
Կորվել է ամբոխը,
Անկռելի են ոմանք,
Կարմիր են,
Ամբոխը՝ սև:
Կարմիրները արբած են,
Բուրում է մահը,
Բոլորն անդեմ են,
Շղթաները ձեռքերին է:
Երգում են
«Նույնիսկ ընձուղտը…
Բայց, որ փակված է,
Դա արդեն երգ չէ»:
Քաղաքը վարդագույն է,
Մահը ծաղիկ է,
Կյանքը՝ կեղտոտ տակաշոր,
Ամեն ինչ սկսվեց, երբ կռվեցին սրանք,
Ու մարդը ընտրեց ծաղիկներին.
Վերջ:

Մարդիկ տանում են դագաղը,
Վարդագույն է,
Ոմանք դեռ կռացած չեն,
Նրանք կարմիր են,
Նրանց շղթաները բազուկներին է:
Ու բոլորը, որ քայլում են,
Որ տանում են դագաղը քաղաքի,
Քայլում են մութ արկղի մեջ:

 

Share

Կարծիքներ

կարծիք