Առանց հետգրության շարքից

Հեղինակ:

nkar

Դու աշխարհի լույսն ես

Թե ո՞ւմ է նման երկնքի արքայությունը,
ես չգիտեմ,
բայց երկրի վրա իմ գանձը դու ես.
ու տեսնելով քեզ,
ես հավաքեցի իմ ընկերներին
և սիրո մասին խոսեցի այպես.

երանի հոգով ազատիս, որովհետև քեզնով պիտի լցվեմ.
երանի կորցրածիս, որովհետև քեզ պիտի գտնեմ.
երանի է համբերողիս, որովհետև քեզ պիտի ժառանգեմ.
երանի ինձ, որ քաղցն ու ծարավն ունեմ քո մարմնի, որովհետև պիտի հագենամ:

Այգեպանդ լինեմ, մարմնիդ պահապանը միակ.
առավոտյան գամ ու քեզ վայելեմ մինչև երեկո,
կեսօրին գամ ու նույն չափ հագենամ քեզնով,
գամ երեկոյան և ամբողջ օրվա հաճույքը ինձ տաս:
Ամառ լինեմ ու այգիդ.
չզրկես` ինձ վճարելով արժանը ու ասես`
մի նախանձեք, որ առատաձեռն եմ:

Երանի, որ տալիս եմ, որովհետև քեզ պիտի ստանամ.
երանի է, որ սրտով մաքուր եմ, որովհետև քեզ պիտի տեսնեմ ու փառավորվեմ.
երանի, որ փնտրում եմ սեր, որովհետև իմն է քո սիրտն ամբողջությամբ.
երանի է սիրողիս, որովհետև քո սերը պիտի կոչվեմ:

Ճշմարիտ եմ ասում,
հոգնած ու բեռնավորված եկա քեզ մոտ,
կույր էի ու տեսնում եմ.
խուլ էի ու լսում եմ.
համր էի ու խոսում եմ:

Դու երկրի աղն ես, եթե պակասես, կանհամանամ ես.
դու աշխարհի լույսն ես, իմ քաղաքը,
որ տարածվել ես թևերիս վրա ու չես կարող իմը չլինել:
Երանի, որ քեզ ունենալուս համար ինձ պիտի նախանձեն.
ցնծում եմ և ուրախանում,
որովհետև քո պատճառով բոլորի մեջ ամենալավն եմ:

Ցպահանջ

Էլ ի՞նչ դրախտ, երբ քո լույսի մեջ եմ,
ո՞ր Ավետարանը կարող է գայթակղել ինձ`
խոստանալով արքայություն,
երբ կատարյալ արքա եմ քո մարմնի թագավորությունում:
Պարզապես մարմին չես` թեկուզ լույսի ծարիրով գծված,
հին աստվածների ժառանգորդն ես,
որ իջնում ես քո բարձրահարկից` ինչպես Ափրոդիտե Օլիմպոսից:

Քեզ սիրում եմ բացարձակ ու ցպահանջ,
անպարունակ` ինչպես երկինքն է.
այդպես մեր տեր Աստվածը սիրեց երկիրը,
երբ դրախտի ամենակրքոտ կավից արարում էր մեզ:
Բայց իր սիրո մեջ չշնանալ պատվիրեց ու չսպանել.
ես չունեմ պահանջ,
թեկուզ շնանաս` ինձ սպանելով
այդպես բարբարոս ու անկարեկցանք.
ամեն անգամ քեզ կսիրեմ մինչև պահանջ ու պատվիրան:

Մերթ Ափրոդիտե ես տարփացած, մերթ Տիրամայր,
ու մերթ էլ սովորական կին ես պարզապես մերկացող.
երկիրն է ցնցվում ու դուրս պրծնում իր շավղից,
երբ մատներս սահում են քո փշաքաղված ազդրերով…
Ու թե հարցնես այդ մերկ պահին` ի՞նչ եմ ուզում ի խորոց սրտի.
խմված լինեմ քո շուրթերից ամբողջովին`
մինչև վերջին կաթիլս, կասեմ,
իմ կողոսկրն ես` չքնաղորեն վերափոխված,
ուզում եմ վերադարձնել իր տեղը,
որ ամփոփվես իմ մեջ.
բայց ամեն բան թող քո կամքով լինի, իմ սեր:

Ի՞նչ պատահեց, չիմացա,
երբ աշխարհն այդպես շուռ եկավ գլխիվայր,
ու ոչ մի բան իր տեղում չէ.
հիմա դու ես արարիչը` քաոսից ամենը ստեղծող:
Հունվար

Կյանքից թանկ սերն է քո անունով.
քանի՞ անգամ ուզել եմ մեռնել,
բայց ապրում եմ,
որ մեկ օր ավել զգամ համդ։

Նախ բարակ մարմնիդ նուրբ կարերը տեսա,
հետո ճանաչեցի հայտնության պես հոգիդ.
հայացքիս պատռված տեղերը հավաքվեցին,
և մարմնիս ամեն բջիջը դարձար:
Ու քեզ այնպես սիրեցի,
որ ձմռան մեջ խոստացա մեկ օր գարուն,
և հունվարի վերջին օրը գարուն էր արդեն:
Դու անակնկալ ուրախ ցատկոտում էիր տաք լույսի մեջ,
քեզ հետ` բոլոր ընկերուհիներդ զարմացած.
արթնացած բնության ասվածուհին էիր,
և այդ մեկ օր գարունը քոնն էր ձմռան կեսին:
Նայում էի կատարված հրաշքին ու ասում`
ի՞նչ հզոր է սիրո ուժը, Աստված իմ,
որ կարող է բնության ընթացքը փոխել:

Իմ ապրելու բանաձևը դու ես տվել.
երջանիկ եմ, երբ սեր կա մեջս
ու բանաստեղծություն:
Բայց այդ բառը` սեր,
որ տիեզերքի այցեթուղթն է մարդու աշխարհ,
այնպես նեղլիկ ու լղար է հիմա թվում
և անկարող է տեղավորել ամբողջը`
ինչ ես եմ զգում քո նկատմամբ.
սիրուց առավել դու ես միայն,
թող ների ինձ երկինքը, ոչ թե Աստված:

Մարմնիդ մոտենալով`
ես քո դուռն եմ եկել որպես ուխտավոր,
ոչ թե կրքից մոլեգնած կեսգիշերի սիրեկան:
Քեզ սիրելով` ինձ եմ փրկել.
քեզ ունեմ օդ, աշխարհ ու արև,
իսկ թե ի՞նչ ես զգում դու, ներիր,
այնքան էլ չի հուզում ինձ…
ու թե կուզես սիրտս հանիր,
ես չէ, նա է ինձ ուղղորդել` մատնելով հասցեդ:

Քեզ չեմ ասել այս պատմածից գոնե մի բառ.
հանկարծ չավերես այն գեղեցիկը,
որ իմ կյանքն է քո նվիրած օրերով:

Վերցրո՛ւ քեզ հետ, երակիդ մեջ առ
սրտի գույն խոստովանությունն այս,
որ կյանքիդ բոլոր օրերում
չար ու փորձանքից քեզ կպաշտպանի թալիսմանի պես:

Սերը կատարյալ է քո տեսքով

Իմ վերջինն ես` հավելյալ արժեքով տրված.
մինչ քեզ սիրո փորձեր էին իմ կանայք,
քանի որ սերը կատարյալ է քո տեսքով:

Քո մարմինը բանաստեղծություն է չքնաղ,
որ կարդում եմ մանրամասն
և հիանում կատարման արվեստով:
Համաչափ ու ներդաշնակ չես,
ոչ էլ ասեղնագործ հյուսվածք ու գորգ ես` կասեմ,
բայց կատարյալ ես ու լիքը որպես կին:
Այդ գիշեր մոլորակների շքերթ է եղել,
աստղերի շուրջպար,
երբ ծնողներդ արարել են քեզ,
բայց նրանք այնքան էլ մասնակից չեն այդ ծեսին.
ես հո գիտե՞մ, որ դու ծնվել ես լույսից:

Քեզ ամբողջովին հավաքում եմ շուրթերիս մեջ`
ումպ-ումպ ամփոփելով մարմինդ բացարձակ.
ուրիշ գիշեր էր,
էլի մոլորակների շքերթ
և աստղերի շուրջպար էր տիեզերքում,
երբ իմ մարմինն էիր ու քո մարմինն էր իմ մեջ:
Քո հերթական ավարն էի`
հիմա մեր կեսգիշերային սավանն եմ համբուրում
և գթություն հայցում աստվածներից,
որ մեղավորիս պատժեցին քո մաքրությամբ:
Գեղեցկությունդ ավերելու համար են ծածկոց ու ներքնազգեստ.
գոնե մեկ անգամ
բանաստեղծություն գրեի մերկությանդ պես կատարյալ:

Անդին 8, 2014

Share

Կարծիքներ

կարծիք