Անքուն քաղաք

nkar

(Գիշերանկար Բրուկլինյան կամուրջի)

Ոչ ոք չի քնում այս երկնքի տակ,
Ոչ ոք, ոչ մի մարդ: Ոչ ոք չի քնում:
Լուսնային գունատ ուրվականներն են
Թափառում իրենց խրճիթների շուրջ:
Այստեղ, այս անքուն գիշերների մեջ
Իժերն են խայթում սրտերը մարդկանց,
Իսկ բոլոր նրանց, ովքեր ուզում են
Կոտրված սրտով փախչել այստեղից,
Հետապնդում են հսկայամարմին
Կոկորդիլոսներ,
Պահված փողոցի մութ անկյուններում,
Աստղեր, անտարբեր ձեր թույլ բողոքին,
Ոչ ոք չի քնում այս երկնքի տակ:
Ոչ ոք, ոչ մի մարդ: Ոչ ոք չի քնում:
Մի մեռել հեռու գերեզմանոցում
Երեք տարի է գանգատ է անում
Գիշեր ու ցերեկ, որ իր ոտքերը
Ցավում են անգամ գերեզմանի մեջ,-
Իսկ փոքրիկ տղան,
Որին թաղել են այսօր առավոտ,
Այնպես հեծկլտաց, որ հարկադրված
Շներ կանչեցին՝ ձայնը սաստելու:
Կյանքը երազ չէ, ոչ, բոլորովին:
Լսեցեք հիմա:
Մենք սանդուղքներից ընկնում ենք ներքև,
Որպեսզի մի քիչ խոնավ հող ուտենք
Կամ թե ձյուների բարձունքն ենք ելնում
Ընկղմված մռայլ շուշանների մեջ:
Սակայն քուն չկա, մոռացում չկա
Եվ չկա երազ,
Մարմին կա միայն, կենդանի մարմին:
Համբույրներն այստեղ
Կապում են բերանն ուրիշ բերանի
Մազանոթների խճճված ցանցով:
Իսկ ով տակավին գիտե ցավ զգալ,
Նա ցավը կզգա ամեն ակնթարթ:
Իսկ նա, ով մահից վախենալ գիտե,
Կտանի մահն իր ուսերի վրա:

Եվ կգա մի օր:
Երբ որ ձիերը պանդոկ կմտնեն,
Եվ խելագարված մրջյունները չար
Կսկսեն սողալ կովերի տխուր
Աչքերում բեկված դեղին երկնքով:
Կգա օրն, այո,
Եվ չորացրած թիթեռներն անգամ
Իրենց թևերը կթափահարեն,
Գորշ ռետինի
Եվ խուլ ու համր նավերի տեղակ
Կփայլատակեն
Նշանի ոսկյա մատանիները:
Եվ պոետների շրթունքներն ի վար
Բանաստեղծության վարդեր կթափվեն:
Լսեցեք հիմա:
Նրանց, որոնց կուռ ձեռքերի վրա
Հետքեր է թողել խարիսխի շղթան,
Նրանց, որոնց լուռ դեմքերի վրա
Դեռ չեն չորացել
Շիթերը մթին տեղատարափի,
Եվ այն տղային, որ լաց է լինում
Ու Բրուկլինյան կամուրջի մասին
Չգիտե ոչինչ, և այն մեռելին,
Որ հանգիստ քնել չի կարողանում,-
Նրանց բոլորին տանելու եք դուք
Խուլ պարսպի մոտ: Ճշմարիտ է, չէ՞…
Այն պարսպի մոտ,
Որտեղ իժերն են սպասում նրանց,
Կոկորդիլոսներն ահեղամարմին:
Որտեղ սրատամ արջն է հոշոտում
Մարմինը նրանց,
Եվ մումիաների մատներ են դառնում
Երեխաների մատները քնքուշ,-
Որտեղ սարսափից ուղտի բուրդն անգամ
Բիզ-բիզ է կանգնում:
Ոչ ոք չի քնում այս երկնքի տակ:
Ոչ ոք, ոչ մի մարդ: Ոչ ոք չի քնում:
Իսկ եթե մեկին
Հաջողվում է իր աչքերը փակել,
Ոչինչ, խփեցեք, խփեցեք նրան:
Չէ՞ որ սիրում եք
Շրջապատկերը դուք բաց աչքերի
Եվ այրվող խոցի
Շրջապատկերն եք սիրում խենթորեն:
Ոչ ոք չի քնում այս երկնքի տակ,
Այդ մասին արդեն ասվեց այս երգում:
Բայց գիշերն եթե մեկի գլխի տակ
Թաց մամուռ դնի,
Ձեր դիտանցքները բաց արեք, որ նա
Ձեր կեղծ բյուրեղյա թասերը տեսնի,
Տեսնի թույնը ձեր
Եվ կառափները ձեր թատրոնների:

Համո Սահյանի թարգմանությամբ

Անդին 10, 2014

Կարծիքներ

կարծիք