«Անհնար է արթնացնել մեկին, ով քնած է ձևանում» շարքից

nkar

 

Առաջին հրաժեշտ՝ նոր ուղղագրությամբ և երբեմն կետադրությամբ

 

Հեռացող-

ինձ համար աննկատ էր հոսանքը:

Մեղմածոր

նույն պատկերն է իմ շուրջը: (Սա արդեն աղերսանք էր):

Ինչ հապճեպ ընտրվեց ապրելու-ապրելու ժամանակը.

Մայր իմ, դու

երազում էիր, որ սա ինձ հետ կատարվի, և ահա՝ ես մենակ եմ:

 

Մի՞թե կար:

Մի՞թե ես այդ ամենը տեսել եմ:

Աստղաքայլ

քարանձավնու Ճերմակը և Սևը…

Նախնական

մոլեխինդը արդեն կոկորդին է հասել  իմ,

ու չկա

ու չկա փրկություն նրանից, ինչ արդեն արտասել եմ:

 

Ու չկա —

ոչինչ: Դե, իհարկե՝ ոչինչ, միայն ծանր է տանելը

այս ինչքան

տարեկապ հանդուրժող շղթաները,

որ միակ իբրև կերպլինելու անարգանք են ու ծաղըր,

Մինչդեռ  քեզ

ես սիրում էի շատ ավելի, քան քո ոչ-գոյությունը ծածկող շամանդաղը:

 

Թիկունքում

դժվարին, դժվարին մայրամուտ է,

ու տնքում,

հառաչում ու կանչում է հեռվից ինձ այն անծանոթը,

որ հայացք  ուներ ծով-ծխանի (կարեկցող) ու թողեց զարդերակս.

նույնիսկ Նա: (կոտրող վանկ)՝ Մի՞թե իսկապես ես մենակ եմ

 

վերջապես:

Բայց ինչ կեղծ է արևը, և ինչ ծանր է տալ քո անունը

քամուն: Հեզ՝

հրեշտակները լքել են այս վերջին հողագունդը,

և այն մերն է արդեն լիովին, և այսու՝ հեռացրե՛ք իմ աչքից երկնաքողը.

ես արցունք եմ տեսել արցունքի՛ պարզությամբ, և սուտ է՝ ե՛ս չեմ լքողը:

 

Ու դանդաղ

համբուրում ու լիզում են ձեռքերս Սիպտակն ու Սևուկը,

ու անթարթ

մոտենում է Նա ինձ՝ առնելու մնացուկը,

ու  ծածկում են դեմքերն ափերով

ինձ համար վշտացած  ծնողներըս,

ու ճոճվում են մաշկիս

ծաղիկները, որ ինձ

անխնա, անխնա ողողել են:

 

 

Արմեն Դավթյանի հետ Տիգրան Պասկևիչյանի մասին ջահելավարի զրուցելիս

Մենք  սպասեցինք, նրանք չեկան:

Տ.Պ.

 

Պարտվողների համար աղոթողներ չկան,

Ինչպես հաղթողներին չկա դատող.

Եվ սա՛ է ամբողջը, սիրտ իմ, իմ բարեկամ,

սա՛ է ճշմարտության երթը գայթող:

Երգիր, սի՛րտ իմ, երգիր, մենախո՜ւց  իմ,

Ցավը Սեր չտեսած մեր սերերի,

երգիր օրվա շրջված աչքի սպիտակուցը,

երգիր գիշերների դանդաղ լեղին:

Նրանք չէին գալու, զուր մատուցվեց կարոտ

խելացնոր նրանց  հրաշանուն,

նրանք չէին գալու և գալ  չէին կարող,

քանի որ անդունդ է մեզ բաժանում:

Կամուրջները սուտ են, պիտի լցնես քեզնո՛վ

այս անդունդը՝ մեր ու մեր մեջ  ընկած.

և լավագույն  մահվան ակնկալիքներով

լավագույններն — ահա — թափվում են ցած:

Երգիր, սիրտ իմ, երգիր սպիտակուցը  օրվա,

երգիր գիշերների դանդաղ լեղին.

դեռ  շատ երկար պիտի դիզվեն իրար վրա

Եղբայրներս՝ մինչև բացվի ուղին,

բայց առաջին քայլով մեր առաջին Մանկան

Ոգու Հայրենիքի ճանապարհին

պիտի հուշ խնկարկեն,

պայթեն  ցնորական

քառասուն  հազար  վարդ

ապաշխարհիկ:

 

 

Ոչ մի խոսք այն մասին, ինչի շուրջ հավաքվել էիք՝ իբր խորհելու

 

…Եվ քառասուն հազար առաքինի այրեր,

և սլացիկ կույսեր ալ-հուրհրան

գալարուն տքնանքով պարիսպացու քարեր

շարեցին անկանոն իրար վրա,

 

Եվ խոսքեր ճշմարիտ, և տենչանքներ հասուն

շաղախվեցին իրար, խոյացան վեր,

ու անխորտակ կանգնեց պարիսպների ներսում

այն, ինչ կռահվում էր մոմի պես մերկ:

 

Այրերին ի պապանձ հարսները հուրհրան

շշնջացին շիկնած,-սիրո  ամրոց:-

Ու նրանց հոգու և պարիսպների վրա

Թևաբախեց  բազեն՝

սրտի  մեջ  բոց:

 

 

LACRIMOSA

 

Կապտակապույտ  ծովում  անինքնաբավ լույսի

իմ  օրերն են լողում և օրերը այլոց.

ալիքներից ներքև՝ նիրհը տասներկուսի,

ալիքներից վերև՝ ես՝ վերջինը քայլող:

Բայց հող չճանաչած իմ ոտքերի առաջ

քամիները՝ պոկված ապագայի եզրից,

փռում են ջրերին տեսիլախառն ավազ

ու զարկում աչքերիս ավազախառն տեսիլ,

իսկ ինձ արդեն թարթել չի կարելի, ավաղ,

և աչքերս  ծածկել  չի կարելի ափով,

և ամեն  մի աստծո ամեն մի լուսաբաց

դաջում է բիբերիս.

թափոր

թափոր

թափոր,

 

Եվ ամեն մի երազ՝ նիրհել ջրերից ներս,

ալյաց  քամահրանքով շպրտվում է երկինք.

-Ինձ մի՛ տարեք այնտեղ, որտեղ մեռնում եմ ես,

-Ինձ մի՛ տարեք այնտեղ, որտեղ գտնում եմ ինձ,

 

Տարածությունն արդեն սահմաններ է գտել,

և օրով է չափվում տոնը ժամանակի,

ե՞րբ են չըպայթելու քարաձնավներն ըստերջ

և չըծառանալու ջրերը սաղմնակիր

 

մինչ թափորն իջնում է սանդուղքով աստղերի

որպես բանակ՝ պարտված մերձավորի դավով,

երկնահըմա, սակայն՝ արդեն վարժվա՛ծ դերին.

անպարունակ

անկման

հավերժական նավորդ

 

 

Եվ սեփական արյուն տեսածի պես նվաստ,

և մարմնի՛ միայն ջերմությանը հաղորդ,

եթե  մտնի պիտի ապագայի դրախտ,

ապա՝ որպես դիակ և կամ հուղարկավոր:

 

Այսպես:

Իջման  մոլուցք,

Իսկ ներքևում՝ փակ դուռ:

Եվ դեռ չներվելու ժամանակ ինքնակեզ,

Եվ ամենայն լուսեղ ինձնից ելնում է դուրս,

Ճերմակ  թղթի

եզրով

կաթկթում է

ներքև:

 

 

CONFUTATIS

(բալլադ)

 

Ես գիտեի՝ ոչ ոքի համար եկա ես այտեղ,

Սակայն այստեղ (երբվանից) ոչ ոք չկար էլ արդեն,

Միայն մի կանչ էր ծանոթ, և իմ պատկերն էր դեռ թաց

Տիեզերքի իմ բաժին սա կողմերու ավետյաց:

Ու տրվելով այդ կանչին, ու ձայնելով նրա հետ,

երակներով իմ կապույտ ես լողացի դեպի ետ՝

թափառելու նրա՛նց մեջ, ով տեսնելով ինձ սրինգ

միանվագ իմ հոգուն կավե մարմին հագցրին.

— «Մենք ենք ուղին անըսկիզբ անվախճանվող մինչ հիմա,

մենք ենք ակունքն այս գետի՝ քո թիկունքում, քո դիմաց» —

Ես քայլեցի նրանց մեջու… չտեսա ես նըրանց,

Շիրմաքարեր էին լոկ ինձնից առաջ, իմ առաջ,

 

 

Շիրմատներ էին լոկ, ուր ստվերները ներհուն

Երա՛զն էին խնկարկում պակա՛ս մենակ լինելու,

Ու կանչեցի ես նրանց՝ չարյունոտված այս հողով

Ստվերներին այդ մոլոր իմ ծարավի մեջ գոյող:

Անարձագանք-եռաձայն խելագարվող իմ նրանք,

որ ապրեցին հազար մահ ու մահացան մեն-մի կյանք,

խարխափելով  ցողի մեջ քայլում էին գլխաբաց,

որպես երեք առասպել իրա՛ր, իրա՛ր նվիրած:

— «Մենք ենք այլոց մեղքի դեմ՝ հավերժ մեխված սա տեղին,

Եվ սա սրտերն են մեր տաք՝ ցրիվ եկած մայթերին» —

Ես բախվեցի նրանց հետ ու… չտեսա  ես նըրանց,

Սոսկ Մարդիկներ էին խենթ՝ ի խույզ երկինք սևեռված,

ու երակից բարձրացող կարմիր մշուշ էր աղոտ,

որ իմ անզոր ռունգերին մատուցանվեց  որպես  օդ:

 

 

Երևելքի շողի մեջ լոկ գիշերն էր հուսակիր,

ու կանչեցի ես նրան՝ իբրև միակ կողակից,

Բայց խավարի մեջ նյութեղ, զնդաններում եռանիստ

ո՛չ մի, ո՛չ մի հեռացող ինձ չբավեց սպեղանի,

մանկավրեպ-ուշացած-ականատես միայն Նա

մատուցանվեց իմ ծեսին ու… չզորեց կայանալ.

— «Ես եմ հակված սնարիդ՝ եղերամայր խառնածամ,

որ արտասվում եմ անձայն, ու արտասվող՝ միայն կամ» —

Ես ծաղկեցի նրա դեմ… ու չտեսա ես նըրան,

Միայն տեսիլք էր ու տենդ, միայն պատրանք էր ու ձայն,

ապա՝ խարույկ էր ու բոց,

և երկինքներն՝ արդեն բաց,

և իմ պատկերն էր՝ արդեն հրացոլքի մեջ բեկված.

 

— «Մենք ենք ուղին անըսկիզբ, հավերժ մեխված սա տեղին,

որ արտասվում ենք անձայն ցրիվ եկած մայթերի»-

Ես քայլեցի սրանց մեջ… ու չտեսա ես Նըրանց.

Շիրմաթմբեր էին լոկ՝ իմ կարոտից հըմայված:

 

 

 

Գազել պարզ ու հասարակ

 

Կանցնեն օրերը հերթով, քո սերը միշտ կմնա,

աններելի հոգեթով քո սերը միշտ կմնա,

 

Կյանքը հստակ շղթայող տարիների շարքը ձիգ

կանցնի անփույթ իր երթով, քո սերը միշտ կմնա,

 

Մեր արևի փոխարեն կիջնի ուրիշ մի ձմեռ

անմահաշունչ իր հևքով, քո սերը միշտ կմնա,

 

այն, ինչ տեսել ես վսեմ, այն, ինչ կարծել ես հավերժ,

կծածկըվի  ձյան ներքո, քո սերը միշտ կմնա,

 

ողջը Կապույտ կխամրի, կդառնան հող ու մոխիր

մարմինները իմ և քո, քո սերը միշտ կմնա,

 

կգան դարեր անծանոթ, մեզ անհաղորդ, և սակայն

թագադրված ի՛մ երգով՝ քո սերը միշտ կմնա:

 

 

Փոստալ իմպրեսիա, զորօրինակ՝ Մուսայի առնչությամբ

 

Ձեռքդ  բաց թողնելու տևողությամբ կյանքիս հայցական տրական

վերջում (համարիր՝ ծառուղի, տերևներով – ցավում եմ՝ դարձյալ դեղին)

կանգնել ես դու, կառանել, կանգ ես առել տիրակալ,

ինչպես կանգ է առնում երակներում արյունն ու կոկորդին՝ լեղին,

ինչպես կանգ է առնում ժամանակը՝ կինն այդ անխտրական

ու անսահման հղի:

 

Ցող է,

Ցող է իջնում կորացած ծառուղու աչքերին կուրացող,

մազերին՝ այլևս ճերմակ, ու սրտին՝ արդեն կիսաբաց,

ու քո վրա՝ ավելի գեղեցիկ, քան երկինքն ու ծովը,

ավելի սիրելի, քան լուսնաթաթախ գիշերները իմ ներքնիմաց,

 

ավելի անպաշտպան, քան ես՝ անցողիկ ուրացող

այս ամենի դիմաց:

 

Ոչինչ չի բոլորի այսպես. տարի, օտարված տիրոջ

անտարիք գալստյան մասին շիդարի վտարման բարբաջանք…

Եվ այն, ինչ ամենասկզբում սիրով

անվանարկեցի ես կյանք,

Այլ ինչ չի եղել, քան՝ ծանուցում ցպահանջ սիրո,

Կամ՝ դարեր շարունակ ձեռքդ բաց թողնելու

նախա-

նախա-

նախա-

նախավարժանք:

 

 

Ասնանալու  հրավեր

 

Հայրենիվո իմ արնասերտ

նորիցահամ ահ վանտեսիլ

Տես՝ անտեսո վարսեր նասետ՝

սնարահաս ժամը ես իմ…

 

քնարաշաղ սամը եսին՝

սահմանա՞կն էր նամակնահարս,

թե՞՝ անդատոց դաստածեսին

երկնամնա  անմասնեմաս:

 

Բայցեղենիկ աստեղնահար

 

(արհամորեն իրիկնատեր)

միթեվերջեն ներինքնաբար

ցողաթոթով ընտե՛լ պիտեր

 

ու սե՛լ պիտեր որպես թելոկ

մի ետնիմահ վերատիսում,

սակայն մշտեց ընդմշտելով

սրտմահարույց ամեն եսում:

 

 

 

 

Այլևս  անվերնագիր

 

Ճակատագիրն ահա՝ իր մատներով հողե

հեքիաթներից ծանոթ դևի նման

մեր կոկորդը սեղմած՝ պահանջում է զոհեր

մի  կում ջրի, մի կում հողի համար,

 

և ըստ հրահանգի — ինքնազոհաբերում —

ընտրվում են զոհերն՝ անուն-անուն

ու՝ արալեզների կարոտն ուղեղներում,

ջոկատներ են կազմում ու հեռանում,

 

և ըստ հրահանգի վանկարկում են — ի զե՛ն,

երակներում՝ ցավի աճող ծարավ,

…և արդյոք ո՛վ եմ ես, որ պիտի երազեմ,

թե՝ իմ աշխարհում կա բնական մահ.

 

Կշեռքի նժարին երբ երազ է դրվում,

մատաղացու գառն էլ անասուն է,

միայն՝ ստեպ-ստեպ տարածվում է հեռվում

առյուծ  ծնվածների վայնասունը…

 

Նրանց համար հիմա նշխար է ամեն հաց,

և ամոքող սուտը հավք է փյունիկ…

և  արդյոքո՞վ եմ ես, որորոնեմ Աստվածք.

ես հրաժարվո՛ւմ եմ ընտրությունից:

 

Միայն՝ այսքան վերջին կոչերի տակ — ի զե՛ն,

արալեզներ, մի՛ խմբվեք իմ առջև,

և ինձ դեռ մի՛ լիզեք, դուք ինձ դեռ մի՜ լիզեք,

իբրև դիակ ես դեռ կատարյալ չեմ:

 

Հակառակվում եմ, ուրեմն՝ Կամ

 

Գեղեցիկ, ինչպես սիրտը,

անբասիր, ինչպես նախկինում

գալիս է

ծիծաղս

անձրևների միջով, արձանների միջովու անձավների

 

Ժամանակը, այսինքն,

չորրորդ չափում չէ ամեն ահրիմանի համար ու ներքինու

այնտեղ, ուր երգն անգամ երկրից է աճում

և ոչ թե բառերից ու ձայներից:

 

Կամ՝ հակառակը,

և նախորդը վերջինից չի տարբերվում ոչնչով,

այնտեղ, ուր արևի խավարումն անգամ

կատարվում է անձնապես քո հետ,

 

և տիեզերքի առանցքը

 

անցնում է մոտակա թնդանոթի միջով,

որի անկասկած հարեւանությամբ

արքաները դառնում են պոետ:

 

Կամ՝ հակառակը,

«ինծի թաղեք ալագյազներուն  դոշին,

դու, երկու տառ լա՛ո,

կարոտ եմ մորս համբույրին»

և այսպես շարունակ…

 

Դժվար է, իհարկե,

գտնել սև այս ամենը հասունության սև, սև դրոշին,

առավել ևս, երբ հարսներն են ամուրի

և մանկության ընկերներն են պատանեկության պարոնայք:

 

Կամ՝ հակառակը:

Եվ լեզուն չէ՛ այլևս հաղորդակցման միջոց.

անառիկի-խամաճիկի, հալալը հարամի.

 

Եվ խնդրո առարկա

ծիծաղս

շարունակում է գալ,

բայց արդեն միայն անձրևների միջով,

ու ես շարունակ փակում եմ աչքերս

ու տեսնում նույն  քամին:

 

 

 

 

Ազատ  թեմայով  փոխադրություն

 

Ես ուզում եմ սրինգ  նվագել:

 

Ես ուզում եմ սրինգ նվագել հեռու ամայի մի տան մեջ:

 

Ես ուզում եմ սրինգ  նվագել հեռու ամայի մի տան մեջ,

ուր խաղաղ շնչում է վառարանը:

 

Ես ուզում եմ սրինգ  նվագել հեռու ամայի մի տան մեջ,

ուր խաղաղ շնչում է վառարանը՝

ստվերներ փռելով փայտյա պատերին ու գերանակապ առաստաղին:

 

Ես ուզում եմ սրինգ նվագել հեռու ամայի մի տան մեջ,

ուր խաղաղ շնչում է վառարանը՝

ստվերներ փռելով փայտյա պատերին ու գերանակապ առաստաղին,

ուր երեկո է միշտ, և ուր ոչ ոք չկա՝ քեզնից բացի:

 

Ես ուզում եմ սրինգ  նվագել հեռու ամայի մի տան մեջ,

ուր խաղաղ շնչում է վառարանը՝

ստվերներ փռելով փայտյա պատերին ու գերանակապ առաստաղին,

ուր երեկո է միշտ, և ուր ոչ ոք չկա՝ քեզնից բացի,

և ուզում եմ, որ դու լինես հղի:

 

 

Կարծիքներ

կարծիք