Նատյուրմորտ

Հեղինակ:

20152511123033177

Կեսգիշերին երեխաները շիա երազներ են
տեսնում բերքահավաքի մասին առավոտվա,
մինչ սուննի-սաուդյան ցիկլոնի կարկուտն իր
նեոնե այգեկութն է կատարում
Հալեպի ծիսական ճակատագրի պարտեզների մեջ:
Ցուրտը մոխրոց հինգշաբթի է շաղ տալիս
ուրբաթօրյա-սպիտակ մաշկին քաղաքի:
Լուսաբացի կոկորդում պայթում են
սեմաքամյան հատապտուղ-բաղաձայններ:
Հազի միջով տոն է տալիս նարգիլեի
ծուխը բարակ, որի մեջ ձգվելով՝
հասունանում են պճղովի աչքերը
երիտասարդ գեյշայի
(անզուգական նշեր՝ Հիրոսիմայից):
Ծառերից թափվում են շարիաթի էջերը՝
տերևների նման, որոնց տողատակերում
փուլ են գալիս հսկա արմավներ՝
արևադարձված Ավետյաց երկրից:
Մեռյալ ծովից բեռնատարներով ավետում են
թավշյա բարձեր, ինչպես թուրքերեն լեզուն,
որի գերմանական ձայնորդները-գնդասեղ
փշատներով ծակծկում են հղիների որովայնը…
Կույրերը երթևեկում են նռան համի ուղղությամբ,
որբերը նռնակներով քարկտիկ են խաղում:
Եվ մուսուլման օրիորդների թաքուն հասած
պտուկներից շառաչում է կարմիր կաթը,
որի քաղցրահամ գետակներով
ճերմակ օրորոցներ են լողում դեպի Դեր-Զոր…

Անդին 4, 2015

Share

Կարծիքներ

կարծիք