Մեղուն վարագույրի վրա

Հեղինակ:

332x498setԼուսամուտները բացելուց հետո թարմանում է ոչ միայն սենյակի օդը: Արտաքին աշխարհի օդն էլ է որոշ չափով թարմանում: Երևի հենց այդ մղումով էր Աննան բացում լուսամուտները: Երևի հենց Աննան էր թե՛ սենյակի, թե՛ աշխարհի թարմացման գլխավոր գործոնը: Արդյոք գիտակցո՞ւմ էր Աննան իր դերն այդ թարմությունների փոխանակության գործում. ոչ,  չէր գիտակցում: Նա պարզապես ամեն առավոտ բացում էր լուսամուտները:

Կար ինչ-որ կախարդական, հեքիաթային փայլ նրա շարժումներում: Այդ շարժումներն առաջին անգամ տեսնողը գուցե դրանք համեմատեր մարդու կողմից ստեղծած ու մաթեմատիկական ճշգրտությամբ շարժվող մեքենայի շարժումների հետ, բայց երբ ամեն առավոտ դիտեր նույն տեսարանը, թե ինչպես է Աննան դանդաղ նստում անկողնու եզրին, ինչպես է տարածում մարմարի նման սպիտակ ձեռքերը, ինչպես անում են այն մարդիկ, ովքեր պատրաստվում են պինդ գրկել անչափ սիրելի մեկին, կամ ինչպես անում են ուժեղ քամու ժամանակ օդում կախված թռչունները, ինչպես է դանդաղ բարձրանում անկողնուց՝ մի փոքր կռանալով, ինչից ողերը հատիկ-հատիկ ուրվագծվում են մերկ ու սպիտակ մեջքի վրա, իսկ ոսկու փայլով վառվող մազերը հոսում են հատակին, ինչպես է մարմարե մատներով հավաքում այդ ոսկյա գետը ու լցնում հետ՝ դեղին ալիքներով փակելով մարմարե մեջքը, ինչպես է հետ տանում գլուխը, ինչից ոսկյա գետը մի փոքր էլ է իջնում ու ծածկում նույն մարմարից ձուլած կոնքերը, ինչպես է նորից տարածում ձեռքերն ու խորը շունչ խլում սենյակի օդից, որն այդ պահին լցված է միայն Աննայի բույրով, ինչպես է բարձրանում կուրծքը, ինչպես են հաճույքից սեղմվում կոպերը, ինչպես է լիանում ինքն իրենով, ինչպես է ինքն իրեն շնչում, ինչպես է մի քանի զգուշավոր քայլ անում դեպի լուսամուտը, նույն դանդաղությամբ ու զգուշավորությամբ առաջ է պարզում ձեռքն ու բռնում է վարագույրի կողքից կախված մետաքսե թելը…

Եվ բացվում են դարպասները լուսավոր ու արևոտ կախարդական աշխարհի, որտեղից լույսը գրավում է սենյակը, իսկ սենյակում լցված և միայն Աննայի համար տեսանելի լույսը ծորում է աշխարհ, ու այս ամենի՝ այս լուսափոխանակության կենտրոնում կանգնում է նա՝ անվերջ լուսավոր մարմարե մերկությամբ…

Այս ամենը տեսնողը չէր կարող չհավատալ կախարդանքին, բայց առաջին անգամ տեսնողը Աննայի շարժումներում կտեսներ մեքենայություն:

Եվ այսպես ամեն առավոտ Աննան բացում է այդ դարպասները: Նա զգում է, թե ինչպես են իր շուրջ լողում արևի գծած նեղ ճանապարհում փայլող հատիկները, արևի լույսը գրկում է նրա դեմքը, ջնջում է քնի մնացորդները: Արևի հետ ու նրա թելադրանքով Աննայի դեմքը սկսում է փոխվել, սկսում է լցվել գույներով. վարդագույն երանգը գրավում է նրա երեսի տաք գծերը: Արևը համբուրում է աչքերը, և աչքերը պատասխանում են համբույրին փակ կոպերի տակ հայտնվող թույլ թրթիռով, որը հոսում է ներքև ու ներծծվում է մաշկի մեջ, ինչպես ջուրն է ներծծվում ծարավ հողի շերտերում, շուրթերի սահմաններում ժպիտ է նկարում: Աննայի ու արևի, կամ ներսի ու դրսի արևների, կամ ներսի ու դրսի Աննաների համր երկխոսությունը միայն մեզ՝ կախարդանքի ձայնին խուլ մարդկանց համար է համր, իսկ իրականում այն ոչ թե պարզապես երկու բարեկամների երկխոսություն է, այլ հանճարեղ պոեմ, որ գրվում է լույսով ու ջերմությամբ, ու երբեմն հնարավոր չէ տարբերել, թե ում լույսն ու ջերմությունն են այդ հանճարեղ պոեմը:

Նրանք երկուսն էլ հանճարեղ են՝ իրենց անսահման ու անսանձ մերկությամբ:

Եթե նրանցից մեկի լույս մարմնի գոնե մի մասը ծածկված լիներ մյուսի լույսից, ապա կախարդական ձուլումը երբեք չէր լինի: Այս երկխոսության ընթացքում Աննան հիշում է իր նախկին երկխոսություններն աշխարհի հետ, որոնք լցված էին լույսով: Նրա հուշերը դեռ պահում են իրենց գրկում այդ լույսը:

Աննան ձեռքը տանում է վարագույրին: Զգուշորեն շոյում: Հետո նրա մատները դառնում են ավելի համարձակ, սկսում են ավելի պինդ սեղմել բարակ կտորը, ճմռթել նրա թելերը: Ու աշխարհի աչքի առաջ Աննան սկսում է կերպարանափոխվել, ձեռքերը ծալվում են նյարդային դողի մեջ: Նույն դողը հասնում է շուրթերի սահմաններին, նրանք սեղմվում են ամբողջ ուժով ու վերջին ջանքերով փորձում են զսպել կրծքում փակված ճիչը: Բայց ինչպես սարի խորքում բանտարկված հրաբուխն է ժայթքում ու թափվում իրեն զսպել փորձողների գլխին, այդպես էլ ճիչը, ըմբոստանալով շուրթերի ճնշման դեմ, քանդում է բոլոր արգելքներն ու ժայթքում:

Ամեն ինչ քանդելու, սպանելու, ոչնչացնելու մոլուցքի առաջին ու հերթական զոհը դառնում է վարագույրը, որը խուլ ձայնով պոկվում է տեղից ու սահում ներքև: Հիշողություններում փակված լույսի տեսքը սկսում է ցնդել, գոլորշիանալ: Առաջին ճիչը ճամփա է բացում երկրորդի, երկրորդը՝ երրորդի, երրորդը՝ չորրորդի համար: Ճիչերից կազմված կործանիչ ալիքները շարժվում են առաջ՝ ողողելով ամբողջ սենյակը: Ու ամեն մեկն ասես սնվում է նախորդի ձայնով ու ավելի բարձր, ավելի ուժեղ է դառնում:

Նորից լույս գտնելու մոլուցքը շարունակում է քանդել, սպանել, ոչնչացնել:

Վայրկյաններ անց լուսամուտները ծածկող բոլոր վարագույրները թափված են գետնին: Ամենահամարձակը ընկել է Աննայի ուսերին՝ ասես փորձելով հանգստացնել նրան: Բայց ընդամենը մեկ շարժում անց բարձրանում է վեր, ընկնում է պատշգամբին՝ մի մասը կախելով պատուհանից դուրս:

Մարմարե ձեռքերը ծածկում են դեմքը՝ վարդագույն դարձած մաշկից փորձելով մաքրել արևի համբույրները: Բայց մաքրելու փոխարեն այն դարձնում են կարմիր. եղունգները սկզբում թեթև սահում, հետո քերծում, պատռում են նուրբ մաշկը: Արյան կաթիլները, առաջին պահին ամաչելով, բայց հետո արդեն ընտելանալով ազատությանը, ընդարձակվում են, հոսում, լվանում: Աննային արցունքներ էին պետք, ու նա գտնում է այդ արցունքներըª կարմիր, թանձր, տաք: Անարցունք լացի խռպոտ հնչյուններից խեղդվելով՝ Աննան արյան կաթիլները սկսում է տարածել դեմքի վրա՝ շուրթերին, քթին, աչքերին… Աչքերին… Աչքերին…

Աչքերին բաժին է հասնում մեծ մասը: Տարիներ անց նրանք նորից զգում են աղի ու տաք կաթիլների ներկայությունը: Բայց նրանց այսպես հեշտ չի ստացվի խաբել:

Նրանք չեն բացվի: Նրանք կմնան փակ:

Ճիչերը թուլանում են, խլանում, ձուլվում պատերին: Նրանց փոխարինում է ծանր, խորը շնչառությունը, որը սկզբում նշանավորվում է հառաչներով, հետո դրանք էլ են արժանանում ճիչերի բախտին: Անցնում է դողը, ձեռքերը իջնում են աչքերից, գրկում են ուսերը: Մարմարի սառնությունը ստիպում է սթափվել: Կոպերը պատռել փորձող խելագար թրթիռը մարում է:

Ձեռքերը սահում են ուսերից, շոշափում են կուրծքը, փորը, ծակծկվելով մազերից՝ կանգ են առնում, նորից բարձրանում են ու սկսում տարածվել: Մի քանի լողացող շարժում կատարելուց հետո սկզբում ձախը, հետո աջը ընկնում են անկողնու վրա, ձգվում են, օգնության են հասնում ոտքերը, Աննան դանդաղ բարձրանում է, ու վայրկյաններ անց դեղին գետը նորից հոսում է բարձի վրա:

Երկրորդ հարկ բարձրացող աստիճանների վրա լսվում է ծանր քայլերի ձայն, որը գրեթե խլացնում են ոչ պակաս ծանր շնչառությունն ու հազը: Սենյակի դուռը բացելուց հետո առաջին գործը, որ անում են հոր ձեռքերը, վերմակով ծածկում են մարմարե մերկությունը: Աննայի մարմինը փաթաթվում է վերմակի մեջ, բարձրանում է հոր ձեռքերի վրա: Վաթսուն տարեկան ձեռքերը դողում են քսանհինգամյա ծանրության տակ: Անգամ վերմակը չի խանգարում մատներին զգալ հարազատ մերկությունը, ինչի պատճառով նրանք չեն համարձակվում ավելի ամուր սեղմվել՝ վախենալով կոտրել այդ հախճապակե արձանը:

Րոպեներ անց Աննան նորից անկողնում է: Նրան դուր է գալիս մշակված վերքերի մրմուռը: Ցավը ստիպում է հավատալ կյանքին, հավատալ իրականության գոյությանը՝ միշտ սև, գիշերային իրականության: Նա սիրում է ցավը, և այդ սերը փոխադարձ  է: Վերջին տարիներին Աննայի կյանքում եղած միակ փոխադարձ սերը, միակ զգացմունքը, որ ստիպում է նրան երջանիկ լինել: Նրանք միասին են, անբաժան են: Ցավը Աննայի նոր իրականության հիմնաքարն էր, որի վրա այդպես էլ ոչ մի նոր քար չդրվեց, չկառուցվեց ոչ մի ամրոց:

Ցավը դարձավ նոր իրականություն, որի ներսում նրանցից բացի չկար ուրիշ ոչինչ ու ոչ ոք: Եվ պետք էլ չէր: Նրանք երկուսով ապահովում էին սև իրականության ամբողջությամբ փակ համակարգի լիարժեքությունը: Այն վայրկյանները, որոնց ընթացքում համակարգը բաց էր լինում աշխարհի համար, գնալով քչանում էին: Նրանք մարում էին, ինչպես մարում էին Աննայի հիշողությունները աշխարհի մասին, ինչպես մարում էին աշխարհի հիշողությունները Աննայի մասին:

Հոր ձեռքերը ղեկի վրա… Մոր հայացքը հայելու մեջ… Խլացնող ազդանշան… Հարված… Մոր ճիչը… Սեփական սրտի խելագար հարվածները… Լռություն… Մարող լույս… Ցավ… Մթություն… Մթություն… Մթություն…

Ու սևացած տարիները ջնջում են այս վերջին կտորներն անգամ, ինչպես ջնջեցին մի կտոր ևս այսօր:

Հոր ձեռքերը կախում են վարա•ույրը: Վարագույր, որ գնել էին Աննայի մանկական խնդրանքով: Վարագույր, որի համար վճարելու ժամանակ հոր ձեռքերը դեռ չգիտեին, որ կատարում էին աղջկա վերջին խնդրանքը. մթությունից հետո Աննան այլևս ոչինչ չէր խնդրում:

Հոր ձեռքերը խրվեցին դեղին գետի մեջ, ծածկվեցին ալիքներով: Աննան շարժեց գլուխը՝ դուրս նետելով նրանց: Ձեռքերը նորից բարձրացան: Հայրը ծանր արտաշնչեց, շարժվեց դեպի դուռը: Արդեն դուրս էր գալիս, երբ լսեց Աննայի կիսաձայն, դուրս չթափվող արցունքներով խեղդված հարցը.

-Վարագույրի վրա… Երբ փոքր էի… Ինչ-որ նկարներ կային… Չեմ հիշում… Ի՞նչ… Ի՞նչ նկարներ էին:

Առանց շրջվելու, առանց գլուխը շարժելու հայրը մի կերպ դուրս բերեց կոկորդից.

-Մեղուներ:

 

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք