Ես մեկն եմ եղել ծանոթ գիշերին

Հեղինակ:

20152511123033177

Ես մեկն եմ եղել ծանոթ գիշերին

Ես մեկն եմ եղել ծանոթ գիշերին։
Դուրս-ներս եմ արել անձրևների տակ:
Հասել քաղաքի վերջին լույսերին։

Չափել եմ տխուր նրբանցքներ դատարկ,
Պահապանների հարցից խույս տվել
Նայելով ներքև՝ իմ ոտքերի տակ։

Կանգնել եմ անշարժ ու ականջ դրել
Երբ հեռվում, մի այլ փողոցի վրա
Հանկարծ ընդհատված մի ճիչ է սառել,

Որն ինձ չէ՛ր կանչում կամ վանում ՝ գնա՛․․․
Իսկ առջևում դեռ լուսատուն վերին
Հայտարարում էր երկնքի վրա

Ոչ ճիշտ, ոչ սխալ ժամը երկնային։
Ես մեկն եմ եղել ծանոթ գիշերին։

Ամպի ստվերը

Մի մեղմիկ քամի գիրքս բաց գտել
Էջերն էր շրջում, փորձում էր փնտրել
Ձոն գարնան մասին, որ կար նախկինում։
Ասացի․ «Չկա՛, իզուր ես փնտրում։

Ո՞վ պիտի այստեղ ձոն գրեր գարնան»։
Բայց չտվեց ինձ քամին պատասխան,
Ամպի ստվերը լոկ դեմքով սահեց,
Իբր՝ չլինի՞ տեղը կորցրեց։

Հանդիպեցինք ու անցանք

Երբ իջնում էի բլրից՝ կողքով մի ցանկապատի,
Դարպաս կար այնտեղ, մի պահ կանգ առա դարպասին հենված
Ու հազիվ էի ես շուրջս նայել` քե՛զ տեսա հանկարծ,
Դու գալիս էիր բլուրըն ի վեր, իմ կողմը դեպի։
Մենք հանդիպեցինք ։ Բայց ամենը, որ այդ օրն արեցինք
Խառնելն էր միայն մեր մեծ ու փոքր ոտնահետքերի,
Կարծես գծելով մեր լինելության պատկերը թերի.
Երկուսից պակաս, բայց դեռ մեկից մեծ։ Քո հովանոցի
Թողած փոսերն էլ տասնորդականի կետերն էր ասես։
Ու ողջ ժամանակ, երբ խոսում էինք, ժպիտ էր բերում
Դեմքիդ ինչ որ բան, որ տեսնում էիր փոշու մեջ կարծես ։
(Օ՜, քավ լիցի, ես չունեի ոչ մի նախապաշարում)։
Հետո հեռացանք, դու՝ ճամփով, որով անցել էի ես,
Իսկ ես գնացի այն ճամփով, որով դու էիր անցել։

Բացակա

Դարձա՝ Աստծո հետ խոսեմ
Աշխարհի սին հույսերից,
Բայց — նո՛ր հիասթափություն –
Աստված այնտեղ չէր նորից։

Աստված դարձավ դեպի ինձ
(Չփորձե՛ք իսկ ծիծաղել)
Աստված տեսավ` այնտեղ եմ
Լո՛կ կիսով չափ, ո՛չ ավել։

Չանցած ճանապարհը

Ճամփաս երկատվեց դեղնած անտառում,
Իսկ ես մեկն էի, պիտի ընտրեի։
Նայեցի որքան աչքս էր կտրում
Առաջին ճամփով, մինչև այն հեռվում
Թիկունքն էր անցնում խիտ թփուտների։

Բայց երկրորդ ճամփան ինձ ձգեց հանկարծ —
Գուցե արդարև գերադասելի,
Զի խոտածածկ էր և քիչ էր մաշված,
Թեև այն մեկն է՛լ խոտով էր ծածկված,
Սակայն մաշված էր փոքր ինչ ավելի։

Երկուսն էլ՝ մաքուր, վաղ առավոտյան —
Դեռ չէր տրորվել մի տերև անգամ։
Օ՜, ես պահեցի առաջին ճամփան,
Որ մի ուրիշ օր անցնեմ անպայման,
Թեև գիտեի՝ դժվար թե հետ գամ։

Ես պիտի հիշեմ դեռ տարիներ անց
Ու պիտի պատմեմ հոգոցով տխուր.
Երկու ճամփա էր անտառում դեղնած
Ես ընտրեցի այն, որ քիչ էր մաշված
Եվ դա որոշեց հետագան հանուր։

Անգլերենից թարգմանությունը՝ Մուշեղ Բադալյանի

Share

Կարծիքներ

կարծիք