Ես՝ Տինտորետտոն, որդին ներկարարի

Հեղինակ:

20152511123033177

Ա
Երկնքի մի շերտ մետաքս է լողում արհեստանոցում:
Ճակատը, ձեռքը արևն է օծում…
Ես անրջում եմ օրն այդ, իմ հորը
Սանդուղքներն ի վեր՝ խավարներում խոր,
Մոլորակների, աստղի, գիսաստղի տանիքից հակված
Ժամանակներին՝ բացվող ու փակված:
Նա սանդուղքն ի վար նայում է դեմքիս անվերջ փոքրացող,
Ահ ու զարմանքիս: Ես դառնում եմ ցող
Նրա շնչի տակ հավիտենական
Ու պիտի ցնդե՛մ իր հետագծի ցնորքում, սակայն
Մեխվում եմ գետնին: Գետնի՛ն է խաչս:
Թիթեղագործի զոմփն է ափնառաջ
Իմ մեջ մխրճում եղելությունը. մեկ վայրկյան, երկու…
Ու չգիտեմ, թե ո՞ւմ կողքին եմ ես և որ եզերքում,-
Նկարների՞ս դեմ — Ոչնչի առջև… Մնացյալն արդեն
Հայեցումն է ձեր՝ Ոգու և Մարդու:

Բ
Չքված մի հավերժ: Եվ քանի՜ ալիք անցան ափնբախ,
Գոնե մի վայրկյան մնայի այդ նույն ալիքի մեջ պաղ:-
Ախ, զո՜ւր էր, քանզի ալիքը արդեն մասն էր անհունի,
Եվ մաս ու ամբողջ հավիտենության սոսափը ունեն:
Հո՜րս եմ հիշում. բռաչափ վրձինն ու մազը փափուկ,
Հպվում, ասես թե մետաքսի ճամփեքն իրար էր կապում:
Ես՝ արարմունքով լուսապսակիս
Էներգիան ամբողջ այս ճյուղի միջով ինձ արյունակից
Ոգեմղում եմ մինչև մազափունջ, մինչև կտավը,
Որը թրջվում է պոչի պես կատվիս:
Հրահեղում եմ յուղաներկերս, որ վեր եմ առնում
Ներկապնակից, ինչպես տատրակը օդում սավառնող,
Որ ջուր է խմում պուճուր կտուցով: Մի կտուց գույն՝ և
Աջս դառնում է հավք հազարաթև —
Հորիզոններից իր որսին տեսած մի որսկան բազե
Կամ էլ հրեշտակ՝ հեշտի՜ն սահանքող խորշերս անզեն,
Որ տանի կերպարն, ում որ կանչել է Տե՜րը երկնքում:

Երբ հրեշտակը սահում է իմ մեջ՝ դևն է ընկրկում,
Այդժամ վրձինս անցնում է որմի երեսով մեռյալ,
Ասես հպվում է դեմքին կատարյալ
Մի գրկանոցի՝ թողած Տիրամոր լուսե ստինքը:
Ու երբ մերկանդամ մեջն եմ Ստիքսի,
Վրձինս եմ վարում իբրև Քարոնի թավջութակը-թի՛ն,
Եվ հառաչնե՜րն են ծփալով հասնում իմ կճատ քթին,
Մեղքե՜ր ձայնասպառ, ձայնածվեննե՜ր, խզխզումներ գոց-
Բի՛րտ բնազդների գազանանոցից: Սա խռովք է, կոծ,
Եվ ուղեղիս մեջ ժայթքո՛ւմ են գորշեր, հրկիզված ամպեր,
Եվ իմ դիտակը իմ գետնահարկում ակն է կկոցում, որ չվրիպեմ
Շե՜րտը նախալույս – վարագույր ու բեմ,
Խեղկատակների, որոնց սատիրիկն հայրաբար բամփել
Ու գուբն է նետել, ուր դառն հեծության ջրերն են հոսում
Կապարակպչուն, և լույսն իմպուլսով դեպի վայնասուն
Շուքեր է նետում — սրահ, որբատուն ու հրապարակ,-
Եվ ով ճամփորդն է գիշերաժամի, տեսնում է — արագ.
Մեղքն աղջամուղջից սողանցում ասես վարձկան ավազակ
Եվ բազմապատկված ցրվում է որպես հանքերի ավազ
Ակնագնդերում – արնապուտերով:
Չգիտես ինչու կավակույտի է նմանվել գութը,
Երբ կա ի ծնե, ինչպես կենդանու հոտը, արցունքը…
Հայրս՝ սանդուղքին… Շարժվում է, փա՜ռք… Ծալում է ծունկը…

Գ
Ե՛վ պալատներում, և՛ շուկաներում, և՛ զորանոցում,
Ե՛վ զնդաններում, և՛ ռազմադաշտում խոցո՛ւմ է
Մարդը, և հրակարմիրն ասես պատանքն է հողե անոթի,-
Վհուկի, բոզի, գուշակի, սուրբի, զոհի, պոետի,
Ով կախարդանքով հրահրում է խարույկը նոցա
Մեղքի՜ արվեստով, երբ օդն է բուրում, և ինկվիզիցիան
Մահավճիռ է կարդում ամբոխին, ում որ չի՛ սնում,
Արհամարհում է, ում որ չի՛ տեսնում,
Ինչպես էլ նայի, քանի որ հենց իր բիբերի մեջ է սատանան խուժում
Իբրև ակնաբույժ, որ թութք է բուժում:

Գեղեցկությունն իր Սուսաննայի մեջ դյութա՜նք է արդեն…
Ճիկ էր իրանը, և պտուկներից շատրվանո՜ւմ էին վրեժի վարդեր,
Մարմինն արեգակ լուսավորել էր արվեստանոցս,
Ու ես՝ հայրիկը ութ զավակների, գրկեցի հետույքն ու անձայն լացի,-
Կատարելությո՜ւն, որպիսին գունդն է,
Ընդդեմ հարկերի՝ պոռնիկների բունտ.
Նա՝ հրդեհներում ամռան անտառի լուսան էր գայթող…
Խարույկի միջով ես տեսա նրա սրտի՜կը պայթող:

Դալուկ էր պոետն իբրև երկինքը ամպրոպից հետո,-
Անունը չասեմ, գուցե մեր ցեղից, հենց Տինտորետտո,-
Նա մահացա՜ծ էր մինչև մեռնելը
Եվ արևի մեջ ապրում էր ասես սրբազան մեռել.
Պիտի տեսանես, տողի ետևն է, և հետևում ես
Հենց որ տարիքդ է մոտ երեսունին,
Եվ մերձավորդ բոթում է ի չար — մինչև մահասյուն:-
Երբ լափլիզեցին բոցերը նրան՝ տողե՛րն իր նետեց մահվան հնոցը,-
Օձի կծածը — հնուց է հայտնի — բուժում է օձը:

Մարտի՛կն էր թքում դահճի մռութին ու կարդինալի,
Ծուխ ու կրակում ասես ելնում էր ադրենալինը,
Եվ զարկելու էր առանց նիզակի, գլխով թրաշած,
Ուստի՝ քաշվեցին: Ամբոխն ա՜խ քաշեց: Խարույկը ֆշշաց:

Տե՜ր Աստված, որքա՜ն լուռ են սուրբերը,
Նրանք պտուղ են դեռ ընկերքի մեջ, լուսաբացներ նուրբ,
Նրանցից ո՛չ ոք չարի ուժի տակ չտեսավ դևին,
Իր Աստծո հետ էր, հրեշտակների՜ աղավնաթևիկ,
Հենց նոր էր ասես կոկոնը խարույկ բաց արել կակաչն,
Ու նրա միջից պիտ համբառնային քերովբեների խմբին ընդառաջ…

Դ.
Այդ ժամերին էր ձեռքս գունատվում, խոկումս՝ հատվում,
Իմ կտավները սևագորշերի շնչով էին պատվում,
Հոգիս կառչում էր դիասայլերից համաճարակի,
Իսկ աչքս երրորդ ծիլ էր՝ հեռացած ձիթաճրագից,
Սալահատակին կայծեր էին ցրում զորաց պայտերը —
Մահաշինարան-հյուսնե՜րն էին տաշում խաչափայտերը,
Եվ ավաղների աղավաղումից շապիկն էր ճղվում դրախտի օձի,
Եվ քարտաշների կացնազարկերն էին տանջում երազը գերեզմանոցի:

Ամեն Աստծո օր սրտիս բաբախն էր գերարագանում,
Կա՛ր, նկարված էր «Սուրբ Մարկոսը…» և «Հարսանիքը Կանում»,
«Խորհրդավոր ընթրիքն» ու «Դրախտը շարժուն»
Վիթխարի որմին, որ կյանքս արժեր…
Եվ իմ Դրախտից բզկըտված, քշված,
Հանց շրջըված նավ ծովափերին աշնան՝
Գոյի խորքում եմ: Կանգառում գույնի: Աշո՜ւն եմ ապշած:
Եվ ամեն իրի, ամեն կերպարի ավյունն իմ բաշխած
Երկինք ու Երկրի ջրաշխարհի հետ թափանիվի պես հա պտտվում եմ,
Եվ ջո՜ւրն է քացախ, և՛ թույն, և՛ արյուն մգլում-թթվում են,
Ու չկա՜ լույսը, որքան էլ մարմնով ու ոգով ձգես
Մառախուղը խակ ու խավարակեզ,
Ոնց գործավորն այն – նավաճոպանով – խաչը այն գողի
«Խաչելության մեջ». ճարճատյունով իր թեք ողնաշարի – դեպի դիտողը:
Ասես օվկիանից ցցված հրեշի տակն ընկած անօգ, անզոր երեխա,
Իբրև պատանի Միքելանջելո — գծերով կալի հրե երախը
Այդ զարհուրելի զազիր գազանի, զի այս դրաման,
Դրված ի վերուստ, նախապայման է կենաց և մահու,
Պոկում է փառն, ու՝ տեսնում ես քեզնից հեռացող մի ամպ,
Տեսանում վեհը, նվիրաբերումն, ստորն անտարբեր,
Մերկ ոտքերի մոտ առաքյալների ինչպե՜ս է ոխը դառնությամբ արբել,-
Կենդանակերպի ողջ դիմակաշարն այս դրամայում,
Եվ մի ակնթարթ՝ ու հար կհիշեն, որ գառն է մայում:
Եթե սիրտ ունեն, կբացեն ունկերն ու կորոնեն մայունը գառան
Անապատներում, քաղաքների մեջ, գագաթին լեռան
Եվ մրմունջները կլսեն իբրև մի ծեր ճգնավոր
Կամ ծովերի մեջ սիրենների հետ խաղ անող նավորդ,
Ով ընտելացած քամու, գազանի ու հավքի ձայնին՝
Հեռուն է լսում – ակուստիկայով, և այսուայնիվ
Գունաշարերը, երանգները ողջ մեր մեջ են դրված
Իբրև լճերը, երազը, ցուրտը՝ ի վերուստ տրված,
Եվ չկա՛ ուրիշ ներկապնակ, քան մեր բնությունն է
Եվ արտացոլված Երկնային Տիրոջ Արքայությունում:

Ե
Ինձ դև՛ը դրդեց ածուխ վերցնել-քսել կտավին,-
Միներվան գիտի՝ վշտի բաժին ես, խինդի թե դավի,-
Նկարում էի, իսկը դարբնոցի վառվող ածուխով՝
Մատներիս մաշկի ճենճերոցի հետ բխո՜ւմ էր ծուխը,
Միֆածի՞ն է սա, կարա՞պ է, թե կին –
Քանի կիրք ունի մարմինը, այնքան դի՛րք ունի հոգին:
Ձեռքս թռչում էր Հերմեսից արագ, և թափն իմ հուժկու
Ուղղորդում էի առ ամենայնը՝ ցավ ու բժշկում,
Ապա մեղավոր իմ հրեշտակը
Ամպաթևերով հով էր անում ինձ, առնում թևի տակ,
Որ մե՜ղմ ճառագի մորմոքը մռայլ – այս դրամայից
Վարագույրն ի դուրս, առ հանդիսատես – Երկիրն ամայի:
Եվ որ մենք կերանք մարմինը Նրա՝ Միածին Որդու,
Ցաված, մենացած մեր ընդերքների տիեզերքը հորդուն,
Ելած՝ հրաշքով, հղացումով մի՝ հանց մեր կենտրոնից,
Որ զոհաբերմամբ փրկի՜ այս ցեղը՝ չարը տրոհի:
Մահկանացու ենք: Կմեռնի Տերը, երբ որ չիմանաս,
Թե իր կերպերից որն է գեղեցիկ, ուր է ապրում նա,
Եվ աղետ ու ողբ, թափ ու մաքառում, ոճիր ու ցասում
Պտույտի մեջ են, ինչպես մարմընում արյունը հոսող,
Եվ հայտնվում են գոյանդունդներից աստեղասոսափ՝
Շանթազարկելով մարդակուտակի ոգեքաոսում:
Խաչելությունն ինձ օտարեց այնքան, մինչև որ հասա
Ակունքին կյանքիս: Սանդուղքից հակված՝ հայրս մեղմ ասաց.
-Մետաքսե գետե՜ր, արտե՜ր մետաքսե ու մետաքս այգի,
Ո՛չ մի արնաբիծ չեմ թողել ոչ մի դրվագում կյանքիս…

Զ
Չգիտեմ ինչպես, մազերով մեռած
Վրձինն ընտրեցի, ու կիրքս եռաց,
Լազո՜ւր եմ դնում,սպիտա՜կ, դեղի՜ն
Ու տանիքներն եմ ներկում այնտեղի՝
Մոլորակների՜, աստղի՜, գիսաստղի՜ և օդաքարի՜,
Չէ՞ որ որդին եմ ես ներկարարի,
Ես՝ Ռոբո՛ւստի, հենց Տինտորետտոն,
Ծերության շեմին, այսքանից հետո,
Որպեսզի մանկունք սերնդաշարում
Տեսնեն՝ ինչպե՜ս եմ Սերը նկարում,
Չլինի՜ թաղվեն սևականաչի
Հեռանկարում – իմ փայտախաչի:

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք