«Գիշերային վարդ» ժողովածուից

20152711171002524

 

 

 

 

 

 

 

 

 

Թաջ Մահալ

Ջրերի միջից ելնում ես թեթև,
Որպես շփոթված մարմարե երազ-
Ուխտավորներդ՝ դողդոջուն տերև,
Երկինքը՝ հեռու, երկիրը՝ ավազ:

Երջանկությունը՝ կռունկի երամ,
Սերը՝ հին խոստում, որ մի օր կգա,-
Այնինչ հեքիաթը պատմել են երեկ,-
Ինչ որոնում ենք՝ այլևս չկա:

Ամենակարճ գիշերվա և ամենաերկար ցերեկվա սահմանագծում

Ես կավ եմ հիմա ու կավե սափոր,
Խոսում եմ քեզ հետ քամու անունից,
Վաղը, սիրելիս, կբացվի նոր օր,
Եվ դու կարթնանաս կրկին առանց ինձ:

Սիրո սահմանը դժվար է չափվում,
Ես չեմ նախանձում բախտ բաժանողին,
Այդ քո արցունքն է մութի մեջ հալվում՝
Իմ կարոտի հետ կաթկթում հողին:

Իմն են շուրթերդ, մատներդ երգող՝
Կուրծքդ՝ ծովերի անսահմանություն,
Սիրո շղարշ ես ու գաղտնիքի քող,
Ինձ ու՞մ ես թողնում, իմ հավերժություն:

Իրիկուն կիջնի, և Երևանի
Ամենաերկար օրը կմարի.
Ես քեզ սիրում եմ կոռնամ մենակ…
Ու իմ խոսքերը քամին կտանի:

Անքնության շարունակությունը

Երևաններում կամուրջ չմնաց,
Որից չգցվեմ ամեն կես գիշեր,
Փողոցները խուլ պատուհանդ բաց.-
Եվ ինձ մեծարող անտերունչ շներ:

Գիշերվա աղոտ թունելի միջով,
Էլ չեմ երազում ոչ մի տեղ գնալ,
Եվ մոռանալով քաղաքներ ու ծով,
Ուզում եմ քո տան պատի տակ մնալ:

Միայն խոստացիր մենակ չմնաս,-
Մեռած աստղերը նորից ետ կգան,
Կյանքը գինի է, թախիծդ՝ կարաս,
Երբ ես չեմ լինի, կամուրջները կան:

Օգոստոսի 24

Երևան քաղաք, սիրո հայրենիք՝
Ծննդյան գինի ցողիր քո վրա,
Լույսով զարդարիր փողոց ու տանիք,
Եվ հնչեցրու անունը նրա:

Բացիր գաղտնիքը և նվիրական՝
Փռիր գթության ծիրանին ուսիս.
Կավահամ փոշին քո արևելյան
Թող սրբագործի հարավ ու հյուսիս:

Եվ թող մեզ ներեն հարսանիք ու ծես
Ծննդյան օրդ՝ համբույրի պես տաք …
Երևան քաղաք, պսակիր դու մեզ
Թեմուրանոցի մաշված պատի տակ:

Խոստովանություն

Ներիր ինձ մորի, մորի ուշ աշնան,
Ես չճաշակած համը սուրբ ցողի,
Բախտս չտեսած օրերս անցան,
Եվ ցրտերի մեջ քեզ մենակ թողի:

Ձյուները կանցնեն, գարունը կգա,
Ներիր, որ սերդ իմ դեմքը ունի,
Մորի, իմ աշնան, քո հարսանիքին
Բոլորը կգան, բայց՝ ես չեմ լինի:

Որդեգրություն

Քո և իմ սիրո երկու կյանքերում՝
Բացվում է ջահել վարդը գիշերվա,
Երկու բաժակը՝ քո երկու ափում
Զրնգացնում է գաղտնիքը օրվա:

Երկու կրակ է վառվում քո ափում՝
Մահվան ու սիրո գինիով լցված,
Ո՞վ է մեր կենաց սահմանը չափում,
Ո՞վ էր, որ սերը անվանեց Աստված …

Ես՝ փոքրիկ տղա, դու՝ քույր ու դահիճ,-
Տիրակալ բախտի, խաչի ու սրի,
Գիրկդ բաց արա, որպես սուրբ մահիճ
Եվ գիշերվա մեջ ինձ որդեգրի…

Share

Կարծիքներ

կարծիք