Բանաստեղծություններ

Հեղինակ:

20152511123033177

ԻՄ ՉԻՄԱՑԱԾ

և թող քամին կրկնի-
տուր թևերդ
իմ չիմացած
իմ չիմացած ծովին տուր՝
թանկանամ
խենթանամ` տուր
մարմնիդ շղարշները սփռեմ հորիզոնին
ալիքները գրկեն թրթիռներդ ներսից

գրկեմ քեզ՝ քնքշանամ
գրկեմ քեզ՝ քնքշացնեմ

քեզ տամ
սարսուռներս
սրտապատառ
քեզ գլորեմ ավազներին
թաց գլորվենք
ընդդիմադիր ու սիրաշատ
հոսքով՝
վեր վեր
ու երբ կուրծքդ հանկարծ
ճողփա իմ համբույրից.
ես խռովքս կխոնարհեմ
ոտքերիդ տակ
ու կշնկամ` թաց մազերիդ

թաց կշնկամ՝
սերս՝
ծովադուստր

երկինքը մեզ սաստի
քամիները վնգան
հորիզոնն ինձ
հետ
կանչի-
ծովը խռով ելնի ալիքներին

մենք խելահեղ երկու
մենք երկուսս հեղված սիրով
մայրամուտի նարինջները
պատառ-պատառ
կանենք
սիրուց

ԽՈՍՔ ՏՈՒՐ

բաց թող ինձ

բաց թող ելքերից քաղաքի
բաց թող-

մաքուր հիշողություն է
արբեցումն ափեափ է
իսկ սերը` հաստատ ավելի

երջանկությունը փչում է
վախը
կասկածը
փչում են
բայց մի ծառ ծառանում է
մեջքիս`
մի բողբոջ է պայթում
մի քամի
ուզում է զուգավորվել

բաց թող ինձ

այսքան մնացել է հասկացվելու
այսքան՝
լցվելու
լցնելու թացով
այսքան վերև չգիտեմ
ում աստղի հսկումն է
ում տղամարդն է
ում կառչումը

քաղաքը հավես չունի զբաղվելու ինձնով բայց
մի ճյուղ սրտիս
մի ճյուղ
ճոճք է դարձել
ինձ թող-

բողբոջը անմեղ զմայլանք է
օտարությունը երկաթի համ ունի
քաղաքն ափեափ է
տղամարդիկ կատարելագործվում են
ինձ սիրահարվելիս
ես հավես չունեմ
լիքը
ավել-պակաս
սիրահարությունների
ծառերի փախուստն անհաշիվ ինձնից է
և սերը` հաստատ ավելի

բաց թող ինձ

ծլումն այն կողմ գիտեմ
խախտումը` ծավալների
օդը` անարյուն
օդապարուկների
քաղաքի գլխին տրաքվող
գույների
գոլերի
բայց քամին այն բողբոջն է տանում
միշտ սերն է
հաստատ ավելի
խոսք տուր
խոսք տուր որ երկուսով լինելը
խաղուպար է
որ ծղրիդները չեն լքի մեր զարթնումը-
այսքան էլ ծալում ենք հիացմունքը
քաղաքը չի՞ դիմանա
սիրուն
սիրուն աղջիկների տխրությանը
մրսածության համար
քաղաքը բանաստեղծին պատժում է
ես հավես չունեմ
ես հավես չունեմ մեղավոր լինելու
քաղաքը դժվար է համոզվում
տղամարդիկ պատրանքը կլլում են
բայց ճյուղը
դիմադրում է
դիմադրում է ճոճքին
այսքան մնացել է հասկանալու
այսքան էլ շրխկալու
քաղաքում բամբասում են

բաց թող ինձ

սիրուն աղջիկների լրջությունն անտանելի է
խոսք տուր որ
խոսք չես առնի
խոսք տուր
որ ցանկություն չմնաց ցանկանալու
բայց բառը խոստանում է
գնացածների ծանրությունը ռելսերի հետ է
ճանապարհը չեն բաժանում երկուսով-
ճանապարհը չեն բաժանում երկուսով
մնացորդը
բողբոջը
առաջնեկը
երկուսինն են

մազ մնաց գիտենամ`
ինչ է ապրելը

Share

Կարծիքներ

կարծիք