Բանաստեղծություններ

Հեղինակ:

20152511123033177

***
Ո՞ւր, հոգիս,
Նորի՞ց մարդկանցից հեռու՝
դաշտերը դեպի,
Դեպի ծառ ութուփ,
Արահետները մեկմեկու հատող,
ցրված, խառնիխուռն…
Ուր աստղածաղիկ, հասմիկ ու քրքում
Վարսերս իրենց ծաղկաբույլերով
Զուգելու թաքուն երազ են պահում…
Ո՞ւր, հոգիս, նորի՞ց լեռնալանջն ի վեր՝
Ամպերի ծածան, կաթնաթույր փեշեր,
Նորի՞ց դեպ երկինք՝ աղոթքով առ Տեր,
Անհունի անբիծ ու մաքրագործող
լուսահորդ շիթեր,
Նորի՞ց կապույտը,
Նորի՞ց հավերժի կանչերը դեպի…
Բայց քո մարդ-բախտի ոտնահետքերը
Դեռ պաշար ունեն, տուրք ունեն տալու
Այս քար ու փշին…

***
Աշխարհը վայրագ խենթության մեջ է,
Հողմերի մեջ է ու կործանումի…
Հեգ մոլորակն է ամեն անկումից,-
Մի կերպ դեռ հենված իր կոնդ առանցքին,-
Ճռնչյունով խուլ հազիվ դուրս գալիս:
Եվ ժամանակն է,-
Վայրկյան իսկ երբեք չհանած հաշվից,
Հիմա ռիթմից դուրս, հիմա՝ խառնիխուռն,-
Մեկ իր ընթացքը խև վարգի փոխում,
Մեկ շփոթելով քայլերն իրար
Ընկնում ոտքի տակ …
Բան մնացե՞լ է իր սովոր տեղում-
Իրարից արդեն տարբերել չկա
Երեսու աստառ, ոտքերու գլուխ…
Հետինները որ առաջին դարձան՝
Գարշահոտեցին հետինի կաշվում…
Առաջին տեղը թափուր էլ մնաց…
Երթ է անգլուխ՝ անդունդից անդունդ
Քայլքը իր բռնած…
Այստեղ քաոս է, այնտեղ տարաժամ…
Ճոճվող օրն ահա ուշաթափ ընկավ…
Թե դու էլ ծնկե՜ս…
Դու… կանգուն մնա…

***
Երկարող շուքը մթնշաղ-ժամի
Հերթով ջնջում է օրվա պատկերը
Իմ պատուհանից…
Շուտով կաղնուտը-
սև ուրու դարձած-
Ինձ աչքով կանի…
Մաղթանքս տալով «Բարի գիշերի»
Կաղնուտին, թռչնանց,
աշնանն ու սյուքին-
Կմնամ մենակ…
Լոկ մենությունը՝ ժամերիս ընկեր…
Բայց հոգիս օրվա երանգներ ունի
ամփոփած իր մեջ,
Ու ես գիշերվա սևթույր պաստառին
Կվրձնեմ ինչե՜ր…
Լուսնակաթ պահին բիլ թիթեռնիկներ-
Փութով թռչելով այստեղ ու այնդին-
Կիջնեն իմ խռիվ ու արձակ ծամին…
Հետո սնարին
Ծիածանաթույր երազ կմաղվի,
Ու… կելնի քամին
Աշնան տերևներս փռելու ի վար…
Եվ գիշերվա մեջ կթևաբախի
մի հրաշք աշխարհ…
Ոչ միայն իմ շուրջ-
սրա, այն մյուսի…
Այնպես որ, կարծես
Ես չեմ մնալու
մենության հույսին…

***
Հուշը դռան մոտ՝ բախում է դուռը,
Բայց…բացողն ո՞վ է…
Սիրո անցյալի վայրիվեր դողը,
Թեժ ավարտի մեջ՝
զոհ կամ հաղթողը-
Տաղտկալի խաղ էր,
Որ իրական էր ցավեցնում այնքան…
Ու որքան ահա իմ սրտին մոտ է
Այս խաղաղ ներկան,
Ուր ոչ սեր անմիտ, ոչ խաղն իր
չկա՜ն…
Եվ չի լինելու վարագույր իջնող…
Ավարտի օրը…
Հուշը դռան մոտ՝ բախում է դուռը,
Բայց…բացողն ո՞վ է…

***
Երբ մենության մեջ ձայնս հնչում է
Առանց բախվելու
Անթարթ, ապակե պատ-հայացքների,
Երբ թուղթն է ճերմակ
պարապն իր հանձնած
Իմ վայրագ գրչի բիրտ վայրուվերին
Ու քմայքներին թևող խոհերիս-
Ես… շատ եմ խոսում…
Չշատախոսե՞մ, երբ պատճառ չկա
Գլխիս նեղ, անձուկ կաղապարի մեջ
միտքս բանտելու,
Երբ հաշվող չկա սխալն ու ճիշտը
խոհերիս երթում,
Երբ իմն են և հարց, և պատասխանը,
Եվ չկա ականջ՝ սրված ու թաքուն
հառված գայթելուս…
Ես շատախոս եմ՝ ինքս իմ կողքին-
Ծաղիկների հետ, աստղերի՜, քամո՜ւ…
Փութացող միտքս ընկնում է, հառնում.
Մեկ թավալ տալիս հենց ոտքերիս տակ,
Մեկ իրեն հանձնում ճախրանքի վերում…
Սակայն… գալի՜ս եք…
Ժամն է լռելու…

***
Ժամանակների սև մղձավանջում
Տևելու համար, ապրելու նաև —
Ինչե՜ր փորձեցի, սակայն չօգնեցին
Ոչ աչք փակելը,
Ոչ էլ օրվա մեջ մի քանի անգամ
Տարբեր դիմակներ հագնել-հանելը…
Մեկ է՝ նույն սևը ու մութ բարքերը
Խուժում են աջից, ձախից ու խառնում
հոգուս գույները…
Բայց կարծես արդեն գլխի եմ ընկել՝
Ինչո՞ւ է այդքան թեթև ու չնչին
ձե՛ր կյանքի բեռը…
Եվ աղաչո՜ւմ եմ. ինձ էլ ցույց տվեք
Վարդագույն ակնոց գտնելու տեղը…
Կհագնեմ ու…վերջ…
Աչքերիս առաջ՝
Հորինված աշխարհ ու գունագեղ կյանք,
Կարող եմ ժպտալ արդեն այգից այգ.
Չնկատելով ոչ մի բիծ մռայլ,
Ու շատերի պես բարձրաձայնելով՝
Տեսեք ինչ կյանք է, ինչ առաջընթաց…
Ինձ էլ տեղն ասեք,
այ, հենց Դուք, ասենք…
Օ՜, ինչ շքեղ է, որքան կատարյալ.
Ի՞նչ եք վճարել, որտեղի՞ց գտաք…
Բայց ակնոցի տեղ հառվել են վրաս
Զույգ վարդագույն աչք…

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք