Բանաստեղծություններ

20152511123033177

Նահանջ տարի

Նայում եմ քարին՝ հուզավառվում է,
Նայում եմ ջրին՝ հօդս է ցնդում.
Նախապատմական ի՞նչ զորություն է
Ծլարձակել իմ տեսադաշտում:

Աչքերիս առաջ հողն ակոսվում է,
Ջուրը հոսում է առվակներով,
Ծիլերն ընձյուղվում ու անգոսնում են
Ակնթարթային լուծումներով:

Նահանջ տարի է ձևակերպումը,
Ժամանակն ինքն էլ կուլ է գնում,
Տարին գլորվում, օրը բեկվում է
Ակնթարթի մեջ անագորույն:

Կյանքի տարերքը տեղախախտվել է
Ու հավերժության ծուխը մարել,
Հոգեդարձության գործը կարճվել է,
Եվ անիմաստ է աճապարել:

Իմ բնությունն էլ հող է ու ջուր է,
Օդ ու կրակի համակցություն,
Ուր տիեզերակերտ չորրորդ չափումը
Սին երազներ է միայն բուծում:

Նայում եմ հողին՝ պարապություն է,
Նայում եմ ջրին՝ մոռացություն,
Կյանքի մակարդն էլ անթոր ծծումբ է,
Որ տրոհվում է, բայց չի լուծվում:

Օտարումի շքահանդես

Օրերն անկարգ ու անկամորդ
հավաքվում են մի օր ի մի,
ու կատարվում է հոգեխորթ
շքահանդեսն օտարումի:

Մնում ես դու մերկ ու մոլոր
աշխարհի դեմ՝ ականջը խուլ,
ներսում՝ մտքեր խռովարար,
դրսում՝ տագնապ ամենակուլ:

Կրկնվում ես ամենայն օր՝
ինքդ քեզ ես արդեն ցիտում,
ու քայլում ես մտամոլոր՝
տնից գործի ու գործից տուն:

Դատարկվել է միտք ու հոգի
ու ողորկվել հերկն առաթուր,
ցանքսը սակավ եղավ կրկին,
բերքը մնաց անտերուդուս:

…Մի՛ վհատվիր, քայլի՛ր անկանգ,
արբեցումի դուռը թակիր,
ու թե բացվի՝ խրախճական
սեղաններին մատռվակվիր:

Հակի՛ր աչքդ աստանդական,
ձիրքդ մսխի՛ր հանուն գոյի
ու ցասումով արարչական
գոցի՛ր դուռը երկնավորի:

Հոգ չէ՛, սակայն, կգան օրեր
բազմախոստում ու հոգեշահ,
և դու նորից կնորոգես
անցյալների վարկն անկաշառ:

Պեղես ընդերքն ու գտածոն
շաղ տաս դատարկ օրերի մեջ,
և լիացումն անմնացորդ
մսխես իսպառ ու անտնտես:

Վերջին օրով՝ այս կյանքի հետ
հաշիվները դեռ չփակած,
դեռ մի բան էլ պիտի անես՝
վարկատուին օրհնելուց զատ.

վարկի տոկոսը պիտ մարե՛ս՝
պարտամուրհակն ապակնքած,
դողդոջ ձեռքդ անուժ հակես
ու մրափես՝ աչքերդ բաց:

Անպարտակելի պարտքի զգացում

Կյանքն ապրվում է ամեն աստծո օր,
երկուշաբթիից մինչև կիրակի,
քնի մեջ անգամ խոր ու մեղսավոր,
նաև տոներին Պահոց ու Զատկի:

Ապրվում է միշտ՝ խանդով հոգնակի,
հանգամանքներում հույժ արտասովոր,
չորս պատերի մեջ ճաղավանդակի,
ուր մարմիններն են տնքում թախծածոր:

Դարձել ես գերին քո ազատ կամքի,
ինքդ քո ձեռքով քեզ բանտ ես նետել,
և որպեսզի քո ուժը ցամաքի՝
հոգս ու կարիքն էլ կարգել ես քեզ տեր:

Ա՛րդ, հրաժարվի՛ր հասույթից տիրոջ,
մեծն Ոչնչին դարձիր փայատեր,
աշխարհից հեռու սլացիր, ուր ոչ
պարտապան կա և ոչ էլ պարտատեր:

Տալ-առնել չկա, առերեսում՝ չիք,
մենակ ես համայն տիեզերքի հետ,
քնում-զարթնում ես գոհ ու երջանիկ,
դեպի քեզ տանող չկա արահետ:

Թեթև ես՝ ինչպես մեղքը նախաստեղծ
անկշռելիության տիրույթում հածող,
որ պատվիրված էր թեև նախապես,
բայց ոչ տուժող կա և ոչ էլ հայցվոր:

Քո մեջ է ողջը՝ դու քեզ հենման կետ,
օդում գլխիվայր կախանված չղջիկ,
և էլ չի՛ զորի ոչ մի Արքիմեդ
տեղախաղտվածքը վերստին շրջի:

Կյանքից փախուստը կփրկի միայն՝
Ամեն աստծո օր, քնած թե արթուն,
նաև տոներին պարզ կամ տաղավար՝
Խաչելությունից մինչև Հարություն:

Մահն հետևանք է մեր կենսաձևի
Տուրք Մուզիլի «Թյորլեսին»

Մահն հետևանք է մեր կենսաձևի,
մեր ապրումների կիսատ-պռատ,
մեր մեջ ընկլուզված ցաքուցրիվ
խոհերի՝ անսկիզբ ու անավարտ,
նրանք չեն հոսում հանդարտ ու լուռ
ինչպես հորձանքը խաղաղավետ,
այլ ցած են ընկնում ու տապալվում
մեր մեջ՝ խմբովի, այլև մեկ-մեկ,

մեր մեջ են ընկնում քարերի պես,
երկնքից թափվող ասուպների,
ճեղքելով անձուկ անցքերը սև
և մթագնելով միտք ու հոգի:

Մահն հետևանք է մեր կենսաձևի,
մեր ապրումների կիսատ-պռատ,
մեր մեջ ընկլուզված ցաքուցրիվ
խոհերի՝ անսկիզբ ու անավարտ:

Մշտադիտարկում

Խոսքեր, որ չունեն կշիռ,
գործարքներ՝ թիկունքում կնքված,
օրերում այս ցոփ ու արբշիռ՝
անհաղորդ դեմքերին տպված:

Խոստումներ՝ մամռոտած ելունդ,
խաբկանքի զանգուլակ հագած,
տանում են մի ամբողջ սերունդ
երազի թևերը կտրած:

Անդին 11, 2014

Share

Կարծիքներ

կարծիք