Բանաստեղծություններ

Հեղինակ:

20152511123033177

Ազատ

Ինձ հողից հավաքեցին.

Ու շինվածքս բարձրուղեշ ծառ էր,
Որ աղոթելիս էր միայն ծնկում:

Իմ պատկերի մեջ Աստված էր,
Ու ես այգեպանն էի մեր նմանության:

Ինձ տրվեցին բոլոր պտուղները,
բույսերն ու գազանները,
և ասվեց՝ անո՛ւն տուր:

Ես մտա նրանց բարեշնորհության,
վայելչության և համտեսի մեջ,
Որ լուրջ հիմքեր էին անվանառության,

Ու կանչեցի նրանց իրենց անուններով,
Ու նրանք ինձ ընդառաջ ելան
Համերի, հոտերի, գույների, շարժումների
ու շոյանքների նվագարաններով:

Որքա՜ն սիրված եղա Քեզնից
Ազատ սիրուց ծնվածս,
Որ չթաքցրիր ոչի՛նչ ինձնից
իմ բարեզարդության համար
Ու ասացիր՝ ահավասիկ և այն, ինչը քեզ համար չէ,
Ապրի՛ր Իմ Կամքի լայնարձակ ճեմուղիներում
և կատարյալ եղիր հրաժարումով:

Խածեցին իմ գարշապարը
Ու գողացան անմահությունս՝
Ազատ սիրուցդ ծնվածիս,
Ու ես վտարանդի թափառում եմ
Կամքիդ լայնարձակ ճեմուղիների հիշողությամբ
և որոնում արահետը Տունդարձի:

Գողացան ինձնից անմահությունս,
Որ հետո խածված գարշապարիս,
թունավորված քիմքիս որպես դեղ դնեմ բառերը,
Որ տալու էիր ժամանակ անց.
«Եվ թող քո կամքը լինի երկնքում և երկրի վրա»….

Եվ իմ կյանքի օրերը հաշված են Արյանդ կաթիլներով,
և ժամանակը քրքում Վարդն է,
որ սպասում է ինձ Խաչի վրա….

Ներկայություն

-Ի՞նչ է մահը,- հարցրեց Օտարականը:

-Դեպի ներս կծկումն է,
երբ աճումիդ սաղարթն էլ չի ծավալվում դեպի ուրիշը
ու դառնում նրան դրախտի այցեքարտ:

-Աշնան անթերի ոսկին է,
երբ փակում ես աչքերդ, որպեսզի հիշես:

-Անթերի ճերմակը ձմռան,
երբ թողել ես այնտեղ արդեն ոտնահետքդ:

-Մայրուղին է,
որով քիչ առաջ անցավ բեռնատարը՝ հորթերի բառաչով,
որ դեպի սպանդանոց միակ վայելուչ կատարումն է՝
պահի հանդիսավորությունից ազդված:

-Մահը մահիճն է,
որտեղ վերջին անգամ պառկեց քեզ հետ Սերը,
ու այն նեղ եկավ երկուսիդ:

-Մահը սպասում է նորածնի ճիչի մեջ,
արբունքի հասած պատանու բեղ-մորուսում,
հարսանեկան առագաստի տակ պահմտոցի է խաղում մահը:

-Գաղտագողի իր ժամին սպասման ծես է մահը,
որ ատում է ամեն մեռած բան.
նա սնվում է ապրողների կենսահյութով՝
կում-կում՝ զգաստ չափաբաժիններով՝
հավասար կիսած բոլոր օրերի մեջ:

-Նա ամենուր է, ուր չկա Սերը,
և ամեն ինչն է, որ Սերը չէ:

Գերեզմանոցում նա՛ չէ այլևս, այլ նրա ավարը.
փնտրեք նրան գերեզմանոց տանող բոլոր ճանապարհներին…

Սերը

գետը փրկում է դաշտը արևի սիրուց
մայրը փրկում է մանկանը գետից
որի ջրերի մեջ խաղալ է սիրում մանուկը
մանուկը տարիներ անց կփրկի մորը ուշ այցի եկած սիրուց

կինը փորձում է փրկել տղամարդուն մեկ այլ սիրուց
տղամարդը փորձում է փրկել կնոջը սիրուց
որն իրեն այլևս պետք չէ
մարդը փորձում է փրկվել Աստծո սիրուց
որ բեռ է իր համար
մինչդեռ Աստված փրկում է Սերը
որից փրկվել ենք փորձում մենք

Մայրս

աշխարհ գալուս պահին գլխավերևս էիր
ու դեռ երկար այդպես
տարիներ անց հայտնվեցիր կողքիս
ու դեռ երկար այդպես
հիմա կորացել ես ու ես կռանում եմ որ գրկեմ քեզ
ու մի քիչ էլ այդպես
որքան երկար եղար դու իմ կողքին
ու դեռ որքան քիչ է

Անդին 5, 2015

Կարծիքներ

կարծիք