Բանաստեղծություններ

20152511123033177

***
Այս ինչպե՞ս ստացվեց, որ ապրելով հանդերձ նույն քաղաքում՝
մենք իրար տեսնել չկարողացանք,
ինչպե՞ս կարողացանք այդքան անտարբեր լինել
մեր մասին մարդկանց ասածների հանդեպ…
դու ասում էիր, որ խելագարություն է ինքնասպանությունը,
որ չարժե կրել այդքան մեղք և ո՛չ մեկի համար.
ու գիշերներին դեպի անհուն՝ պատշգամբիցս կիսով չափ կռացած,
ես լսում էի խոսքերդ ու վերադառնում սենյակ…
Սերս զորու չեղավ հասնել մինչև մահ.
ինքըն իր հետ ու ժամանակի՝ նա երկինք է հառնում օրավուր,
իմ սերը հավիտենական է…
Դե, արի՛… արի և ունկ դիր սրտիս տրոփին…
ականջ դիր, որ հասկանաս, որ քեզնից բացի չե՜մ սիրել ոչ մեկին…
Արի ու նայի°ր աչքերիս…
նայիր, որ հասկանաս, որ քեզնից բացի չե՜մ տեսել ոչ մեկին….
Արի՜, գրկիր ինձ…
ինչի՞ց ես վախենում, ի՞նչ պիտի տանի ժամանակը քեզնից,
ժամանակն արդեն խլել է մեզ իրարից,
ու հիմա գեթ մի անգամ էլ թե գրկենք իրար,
ոչի՜նչ այլևս մեզ չի հեռացնի իրարից…

***
Քո գնալուց հետո այնքա՜ն բան փոխվեց…
ինձ թվում է՝ ինձնից բացի ամեն ինչ ու ամեն ոք…

Չպարզեցի ես այլևս աջս ոչ մեկին
ու չասացի բառերը այն, որ քեզ էի ասում…

Երևի խենթություն է այն հույզին հավատալը,
որին չի՜ հավատում աշխարհում ոչ ոք…

Քո գնալուց հետո ես ձգտում եմ ապրել այնպես,
որ հանկարծ չստվերվեն քո մասին հուշերս…

Այսպես սիրում են միայն մեռածների°ն,
այսպես սպասում են միայն կռիվ գնացածներին…

Քո գնալուց հետո ես իմ կյանքը հորինում եմ,
քո գնալուց հետո սիրտն իմ չի՜ բաբախում…

***
Այս աղջկան ես մի ժամանակ լավ էի ճանաչում՝
այսուհետև այսպես կարող ես ասել իմ մասին,-
այն ժամանակ նա սիրում էր անձրև, հավաքում բռի մեջ
ու բաց էր թողնում շիթ-շիթ՝ արանքից մատների….
այս աղջկա հոգում էլ ապրիլն էր լալիս,
աստվածներն այն ժամանակ սիրում էին նրան
և ուղարկում նրան թախիծներ աստվածային …
այս աղջկա հայացքում հույզեր կային այնքան,
և աղավնագույն էին երազները նրա….
Այս աղջկան ես մի ժամանակ լավ էի ճանաչում….
այս աղջիկն ինքն էլ ինձ լավ էր ճանաչում…
սիրում էր նա շատ, երբ երկուսով նստում,
փնջաններից սուրճ էինք ըմպում, և
ունայնությունից բզկտված հայացքը նրա
վստահում էր հանց աղոթք հնչող հանգերին,
հուզախռիվ քամիներին օտար, անծանոթ
և սպիտակ տողերով լաքոտված մատներին…
Ու մի օր էլ նա գնաց ու գնաց այնպես,
որ գեթ մի բառ անգամ չարտաբերեց,
քանզի մինչև երկինք ճշմարիտ էր նա՝
լոկ Աստծո առջև ու սեփական անձի…
նման աղջիկներին չե՜ն սիրում երբեք,
նման աղջիկներին լքում են անպայման..
դու կարող ես միայն այսպես ասել իմ մասին՝
այս աղջկան մի ժամանակ լա՜վ էի ճանաչում…

***
Դու՝ սիրավեպերին ու արկածներին սիրահարված տղա,
ես՝ ճնճղուկներին ու պոեզիային սիրահարված աղջիկ,
դու՝ հազա՜ր առու թռած, որտեղ ասես ընկած-ելած,
ես՝ միայն քո հասցեն իմացող,
դու՝ «ամեն ինչ միևնույնն է» սկզբունքով ապրող.
ես՝ «առանց քեզ կմեռնեմ» սկզբունքով ապրող,
դու՝ հեռախոսին մշտապես անհասանելի ու ցինիկ,
ես՝ տերևներ ու հիշողություններ ժողովող,
դու՝ կռվարար ու ճակատագրին ընդդեմ խուլիգան,
ես՝ թախծաշունչ ու անուղղելի ռոմանտիկ,
բայց ախր… ախր ինչո՞ւ այսուամենայնիվ…
այսուամենայնիվ ինչո՞ւ պիտի մենք սիրեինք իրար…

***
Վերջին նամակը
Բարև, թանկագի՜նս…
սա իմ առաջին ու վերջին նամակն է,
որ այսքան ուշացումով գրեցի ես քեզ…
երազանքներից այն միլիոնավոր մեկն անգամ չկատարվեց,
և հետևաբար մենք երբեք չենք կարողանա միասին լքել այս քաղաքը,
չենք կարողանա գնալ ո՛չ Նորվեգիա, ո՛չ Շվեդիա, ո՛չ Դանիա,
չենք կարողանա մեր հագուստեղենը դասավորել նույն ճամպրուկում,
այլևս երբեք միմյանց հոտ ունենալ չենք կարողանա,
չենք կարողանա բնավորվել Կոպենհագենի գողտրիկ մի հյուրանոցում,
այլևս երբեք չենք մտածի, թե ինչ անուն տանք մեր ապագա երեխաներին,
երբեք չենք կարողանա ուրախանալ այն պատկերացումից,
որ նրանք չորսն են լինելու՝
երկու տղա, երկու աղջիկ,
երբեք չենք կարողանա խոսել ժարգոնով,
այս քաղաքն այլևս երբեք չի կարողանա ուրախանալ
տևական ժամանակից հետո մեր վերադարձով…
ամեն ինչ վճռված է՝
ամեն ինչ տեղի կունենա պրոզաիկորեն…
մեզ երբեք այլևս չեն հիշի միասին,
բայց փոխարենը մենք իրար կհիշենք,
երևի այն պատճառով, որ քեզ երբեք չի հանդիպել
ինձ նման անհոգի ու գոռոզ աղջիկ,
երևի ա°յն պատճառով, որ ինձ երբեք չի հանդիպել
քեզ նման անտանելի խաբեբա տղա,
երևի այն պաճառով, որ մենք իրար ճանաչում ենք
բացասական այսքան հատկություններով «զուգված»…
իմ հեռախոսի համարը նույնն է դարձյալ,
տանս հասցեն էլ նույնը նմանապես…
քեզ երբեք չեմ սիրել այսպես գժի նման,
ինչպես այսօր եմ սիրում…
սակայն դու պիտի ունենաս այնքան համարձակություն, որ այլևս չգաս.
հիմա այլևս անիմաստ է ամեն ինչ,
ամեն ինչ արդեն չափից ավելի է եփված, եռացված,
ամեն ինչ ապրված է արդեն ու դիմագրավված,
և դու այսօր ավելորդ ես քո հանդեպ իմ սիրո մեջ…
և սա էլ իմ վերջին նամակն է,
որ գրեցի քեզ համար այսքան ժամանակ հետո…
բարո՜վ մնաս, թանկագի՛նս…
ես ուզում էի հասնել մինչև այնտեղ,
ուր հավատում են, որ սերը հավերժական է,
ես ուզում էի մինչև ա՛յն պահը կտրել օղաթոկը,
երբ կանգնում էի աթոռի վրա…

Թարգմանությունը՝ Անահիտ Բոստանջյանի
Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք