Բանաստեղծություններ

20152511123033177

Հողը հայելին էր կեղծիքի

ու պայթեց.

լվա՛ հողը պտղաջրերով:

Քայլի՛ր:

 

Երբ հողն արև էր

ու արևը՝ հող,

ամեն ինչ այլ էր:

 

Նայեց ծովին,

բայց ծովը չզգաց,

քանի որ ծովն իր մեջ չէր:

 

Նայեց երկինք,

բայց երկինքը չզգաց:

 

Վերջում փակեց աչքերը:

Ինքը ծովն էր, երկինքը՝ հողը:

 

Դատարկվի՛ր

ցավից,

անցյալից,

ստվերներից տեսանելի ու անտես,

դատարկվի՛ր ինքդ քեզնից:

Խմի՛ր այս գավաթը

ոչ մինչև վերջ.

թո՛ղ մի կաթիլ

ու թող, որ այն հոսի…

 

Լռությամբ կհյուսեմ քո վերադարձը,

որ կլինի անհայտ մի ժամի,

այնպես, ինչպես լինում է.

երբ  երկրի վրա իջած կլինի խավարը,

երբ քնած կլինեն բոլորը,

ու միայն հազարամյա մի բու

կմատնի քո վերադարձը:

 

Լույսը ողողում է քաղաքի սևացած բիբերը.

իմ միջով հոսում է քաղաքը,

իմ միջով հոսում են մարդիկ,

ես զսպում եմ արցունքներս

ու ձուլվում լույսին,

որ ողողում է քաղաքը

ջրհեղեղից հետո բացվող առաջին առավոտվա նման:

 

Երբ այլևս հնարավոր չէր հավատալ մարդկանց,

ես ընտրեցի թռչուններին:

Եվ թռչունները կաշառված էին:

 

Անդին 2, 2015

Share

Կարծիքներ

կարծիք