Բանաստեղծություններ

20152511123033177

Քաշաթխպերը

Ձմեռ է: Անհավատալի գարուն է արել,
Հոնին զարթնել է և տագնապած է անակնկալից,
Մթնաձորի մեջ քաշաթխպեր են նորից վարարել,
Ու փսփսում են երկնակեղևի ջրազուրկ հալից…

Արևը երկնից հրահեղեղ է ասես մղեղում,
Թութ ու թխկենին հարսանքավորի տեսքի են եկել,
Զորություններ են ծավի խորքերում անտես հեղեղվում,
Եվ որոտներ են աղերսահառաչ ընդոստնում մեկել…

Ձմեռ է: Լուռ քրթմնջում է մեր Աթա «դային»,
Նա տիեզերքի փորացավերից գլուխ չի հանում,
Երկնքից թափվող արևաբոսոր տապին դիվային
Նա կսմթում է ու գուշակելով հոգոցներ տանում:

Իսկ Շարմաղ տատին կիսախավարած արևի նման
Ձորերից ելնող քաշաթխպերին քարով է տալիս,
Նա հավակնում է ծաղկափրփուրին դառնալու դարման
Եվ Աթա «դայու» կանխասումներին է՛լ մոտ չի գալիս…

Հավք ու մշահավ քաշաթխպերին օրոր են ասում,
Տմկած խաշամը թթխմորի պես գրկել է հողը,
Այս ի՞նչ գարուն է, այցեքարտերով տապերին անսում,
Սիրահարի պես նա ունկնդիր չէ իր սրտի դողին…

Ձմեռ է: Երկնի աչքերը լալիս են տխուր,
Քաշաթխպի հետ լացող անձրևը մորմոք է դառնում,
Մի տարօրինակ հոգեվիճակ է քեզ պատում փխուր,
Ու ցավալի է, երբ անուրջներդ թևեր չեն առնում…

Անհավատալի գարուն է եկել ձմեռվա կեսին,
Շատուշատերը տարակուսած են անակնկալից,
Իսկ բնությունը ներդաշնակվում է զարթոնքի ծեսին
Եվ պճնվում է տարերքների մեջ նշանակալից…

Մայրական քնար

Մայրի՜կ, քեզ ի՞նչ բառերով աստվածացնեմ,
Որ Աստված Ինքը դա ճիշտ համարի,
Ծիածաններով տիեզերածուփ քեզ մի՜շտ սրբացնե՛մ,
Քնարի՛դ դառնամ, որ արևներդ հավերժ չմարեն…

Քեզ ի՞նչ խոսքերո՜վ, հրահոսքերո՜վ հրաշապատեմ,
Ոգեղեն կանչով կանչե՛մ անդադա՜ր, անդիմադրելի՜,
Անխույզ ցավերդ ու տրտմանքներդ ականապատեմ,
Եվ բողբոջներով պայթեմ ձեռքերիդ անկողոպտելի:

Ի՜նչ դարմաններով բալասան բերեմ անմեռ ցավերիդ,
Բացվող ցայգերիդ շուշանի նման շրշամ քաղցրաբույր,
Պատարագ դառնամ ու անդրադառնամ օրհնյալ լավերիդ,
Եվ լուռ ընձյուղվեմ ու վերընձյուղվեմ իբրև մի աղբյուր…

Մայրի՜կ, որդիդ քեզ համար տրտում է անվերջ,
Ամեն առավոտ նա աղոթում է ցավերիդ համար,
Երկինքը ասես ալեկոծվում է նրա սրտի մեջ,
Երբ նա նայում է քո մայրամուտի աստղերին մարմար:

Խորքերում նրա Ծիրկաթիներ են անաղմուկ լալիս,
Պաղ արցունքներ են կուտակվում անվերջ լացելու համար,
Մայրի՛կ, քեզ համար հրեշտակներ են դեռ այցի գալիս
Եվ ինձ հսկում են, որ արթուն մնամ քնարիդ անմար:

Մայրի՜կ, քեզ համար հորովելներ եմ ասեղնագործում,
Սիրտս ակամա լուռ մղկտում է քարափների պես,
Հոգուս խորքերում արշալույսներ են քեզ ստեղծագործում,
Եվ արևներ են քեզ երկրպագում աշխարհին ի տես…

Քեզ ի՞նչ խոսքերո՜վ, հրահոսքերո՜վ հրաշապատեմ,
Ոգեղեն կանչով կանչեմ անդադա՜ր, անդիմադրելի՜,
Ծիրկաթիներում նուրբ անուրջներդ արծաթապատեմ,
Եվ քեզ դարձնեմ Մարիամի նման անհամադրելի:

Տե՜ր իմ

Տե՛ր իմ, ո՞վ է կանչերիս հագուրդներ տալու,
Ո՞վ է ասելու, թե ի՜նչ ցավեր եմ լռակյաց տարել,
Այս փուչ աշխարհում ո՞վ է ինձ համար անաղարտ լալու
Եվ ափսոսալու, որ անուրջներ եմ անտրտունջ մարել…

Մի կտոր կարոտ ո՞վ է բերելու ընկածիս համար,
Ո՞վ է երկնքից հրեշտակներին կանչելու ինձ մոտ,
Լացող սրտիս մեջ ո՞վ է դնելու արևներ մարմար
Եվ ափսոսալու անմեռ հուշերիս շողքը վեհերոտ…

Ո՞վ է հիշելու, թե ինչ օրեր եմ տարել անողոք,
Թե ինչ արկեր են անձրևի նման տեղացել վրաս,
Եվ ի՜նչ տղերք են հանուն գալիքի ննջել անբողոք,
Որ լույսի շողը հայոց վանքերում խնկա անվնաս…

Տե՛ր իմ, ո՞վ է կանչերիս ընդառաջ գալու
Եվ լուռ շրշալու մանուշակաբույր անուշ շրշյուններ,
Ո՞վ է ծարավիս գթասրտորեն մի բուռ ջուր տալու
Ու կարոտներիս հեռվից բերելու սիրո հնչյուններ…

Կյանքս թեքվել է դեպի ձորերը տխուր ու տրտում,
Ձմեռ է իջել վարսերիս վրա անտես ու անդարձ,
Հոդացավեր են կամակորի պես վխտում իմ գրկում,
Չգիտեմ՝ ով է տարիքս հիշել երկնքից հանկարծ…

Տե°ր իմ, օրերս կարուսելի պես պտույտ են տալիս,
Քառասուն տարի և դեռ ավելին՝ նույնն է հիրավի,
Ամեն պտույտին նոր կնճիռներ են երևան գալիս,
Եվ նոր հոգսեր են հրահեղեղում ինձ հանիրավի…

Քառասուն տարի երկնի աստղերի կաթուկն եմ նայում,
Մեռնող-ապրողի տառապանքներ եմ շրշում շարունակ,
Ամեն աստղի հետ նրա կորուստն եմ ակամա վայում
Եվ հոգիս թովում աստղաբույլերի կանչով պարունակ:

Ո՞վ է հիրավի ինձ ուղղորդելու դեպի հանգրվան
Ու տանիք տալու հավիտենական Սուրբ Ավազանում,
Ո՞վ է վերջապես հոգուս բերելու ամոքիչ դարման
Եվ ինձ սերտելու արշալույսների ստույգ զանազանում…

Տեր Աստված

Թո՛ւյլ տուր աղոթեմ ու անխոս խնդրեմ,
Թո՛ւյլ տուր մոտենամ քո սուրբ խորանին,
Տե՜ր, ինձ զորակցի՜ր, որ բարին ընտրեմ,
Թո՛ւյլ տուր շաղախվեմ խունկիդ ծորանին:

Բացի՛ր աչքերս անկողոպտելի լույսդ տեսնելու,
Բացի՛ր շուրթերս, որ անճառելի սերդ ճաշակեմ,
Օգնի՛ր ինձ, Յիսո՜ւս, ողորմամեղա կանչիդ հասնելու,
Եվ ողորմի՛ր ինձ, որ ապրումներս քեզնով մշակեմ:

Օգնի՛ր ինձ, Տե՜ր իմ, աղաչո՜ւմ եմ Քեզ,
Պաշտպանի՛ր սիրտս որոգայթների վտանգումներից,
Պահպանի՛ր կյանքս սուրբ Խաչով անկեզ
Եվ քաջալերիր՝ ձերբազատվելու սին անկումներից:

Խնդրո՜ւմ եմ, Հա՛յր իմ, օրհնությո՜ւն բեր ինձ,
Արթնություն տուր ինձ հանապազօրյա խղճով գործելու,
Ի՛նձ էլ դարձրու բյուրեղանման անաղա՜րտ, անբի՜ծ,
Ի՛նձ էլ պատրաստիր տիեզերական Խաչին օծելու…

Օրհնի՛ր ինձ, Յիսո՜ւս, զգեստավորի՛ր մերկապնակիս,
Օրհնի՛ր գործերս, որ տարատեսակ ճաքեր են տալիս,
Դարձի՛ր ապավեն աննախանձելի խարխուլ տնակիս
Եվ գթա՛ հոգուս, որ աղերսանքով կորուստ է լալիս…

Հիշի՛ր ընկածի՜ս և բարձրացրո՛ւ ոտքի կանգնելու,
Հավա՛տք պարգևիր՝ երկրպագելու քո սուրբ լույսերին,
Հիշի՛ր զարկվածիս՝ խաթարված սերս վերականգնելու
Եվ կարելությամբ ապավինելու փառյաց հույսերին:

Տե՜ր իմ, Սուրբ Հոգու սերը դի՛ր սնարներիս,
Թո՜ւյլ տուր ձեռքերս երկինք համբառնեմ,
Սերովբեներով շրշահար իջի՛ր լուրթ քնարներիս
Եվ ինձ զորակցի՛ր, որ կարոտներս Յիսուսով առնեմ…

Խնդրո՜ւմ եմ, Տե՛ր իմ,
Թույլ տուր աղոթեմ ու անխոս խնդրեմ,
Թույլ տուր մոտենամ ու հպվեմ Խաչիդ,
Թույլ տուր քեզանով միշտ բարի՜ն ընտրեմ,
Թույլ տուր ունկնդիր լինեմ սուրբ կանչիդ…
Աղաչո՜ւմ եմ, Տե՜ր…
Աղաչո՜ւմ եմ Քե՛զ…
Ամե՜ն:

«Այսօրն էլ սահեց»
Ա.Սիսյանին

Դու գեղեցիկ ես, և քո աչքերում արևն է ժպտում,
Ծավե հույզեր են երկնից վար իջել ու համակել քեզ,
Ափսոսանքներ ես հաճախ շաղ տալիս հոգով անհատնում
Քո ճանապարհին քառասուն տարվա հուշերով անկեզ:

Անհուն կարոտ կա քո սիրատոչոր տաղերում դալուկ,
Խելագար քամին տանել է ուզում քեզանից մի բան,
Քամու քնարին քո նուրբ հույզերը՝ դարձած հանելուկ,
«Մի կտոր երկինք» ուզում են պոկել ու դառնալ դամբան:

Հոգուդ խորքերում մի բուռ կարոտ ես խրձել հույզերով
Եվ ոտաբոբիկ ծովերի վրա քայլահոսում ես բանաստեղծորեն,
Ամենամթին խորքերից անգամ վերադառնում ես սիրո լույսերով
Ու կախարդում ես քո լուրթ աչքերով առեղծվածորեն:

Երկինք ու երկիր քո գիրկն ես առել երկնելու համար
Եվ հրդեհներով մորմոք ես մաղում իրիկնամուտի շառավիղներին,
Ինչքան թախիծ կա ցավի անողոք ծերպերով մարմար՝
Հանձնել ես թղթին՝ քանքար դառնալով իմ տավիղներին:

Դու հրածին ես և հրդեհներով մեղրածորում ես քո աշխարհներից,
Իսկ հմայքները աշխարհակործան հրասանդում են քեզ ամենուրեք,
Ախ, ի՜նչ պարծանք է անվերջ ճաշակել քո նշխարներից
Եվ կախված լինել քո նուրբ հույզերից ամենադուրեկ…

Քո երազներից, որ իմն են նաև, գլուխ չեմ հանում,
Եվ ո՞վ է այսօր մեր երազներին ինչ-որ տեղ տալիս,
Մեր տառապանքին անթիվ հոգսեր են լոկ ավելանում…
Մեզ խժռում են ու մեր կանչերին էլ մոտ չե՛ն գալիս:

Քեզ ընթերցելով քո ծիծաղի հետ՝ ես էլ եմ ժպտում,
Սին պատրանքներ են սողոսկել հոգիս ու ճարակել ինձ,
Այս ի՞նչ փորձանք է, ուզում եմ անկեղծ չհանել ծպտո՜ւն,
Ուզում եմ նորից սիրով տապակվել ու լինել անբիծ…

Դու գրավիչ ես, և դա լոկ սկիզբն է քեզ նախանձելու,
Ինչքա՜ն սրտեր կան, որոնց ճմլել ես մեռնելու չափի,
Խորքերից մեկը համարձակվում է քեզ թախանձելու,
Որ երբե՜ք, երբե՜ք, չտրվես երբե՛ք «հոգեսպան լափի»…

Անդին 2, 2015

Share

Կարծիքներ

կարծիք