Բանաստեղծություններ

20152511123033177

Կանթեղ

Լուռ վառվում ենք երկնքում,
ու արև է, տե՛ս,
կայծկլտում են ու անցնում
կյանք ու մահ մերմեջ:

Թավալվում են հողերում
ջրերը արծաթ,
ալիքներին են խառնվում
օրերը հատ-հատ:

Կյանքը ջրերի շուրթին
մանկություն է հար,
մենք՝ հողմերի բերանին,
տարուբերվող նավ:

Մունջ են բառերը սրտի
այս ճանապարհին,
հոգին՝ թանձր մի շղարշ
անհունում — անդին:

Քնած Տաճար

Ի՞նչ աշտարակներ պիտի
ամպերին դեռ հպվեն,
որ լռությունը հնարավոր լինի
երկրի – երկնքի միջև քնած արթնացնել,
ի՞նչ աղոթք բառերը շրթիցշուրթ
պիտի զորեն փոխանցել,
ի՞նչ դարպասներ խորքերում
պիտի բացվեն դեռ,
որ զանգերը սրտերից կախված
կարողանան մի օր ղողանջել

Առասպելաբար

Ապրել՝մինչ ապակին փշրված
հասնի մինչ աստղեր:

Փաթիլները ձյունի հատ-հատ ըմպել,
մինչ ամպերը հոսեն հանց անձրև:

Բոբիկ՝ քարերով քայլել. մինչհողը
ոտնահետքը կարողանա ճանաչել:

Պարզ լիճ

Կապուտաչ լճակ,
դող երազների,
Անցյալ ջրասույզ.
մեկը սրբում է
Օրերը հանդարտ
խորտակումների
Ու լույսեր վառում
կոհակների մեջ
Ծփուն ջրերի.
նավակն է լողում
Լճակի վրա
անհուն անուրջի:

Երկտողեր

* * *
Բառից մինչև բանաստեղծություն
աղոթքն է գծումուղին անհուն:

* * *
Դռների ետևում խաբուսիկ են լույսերը.
երբեմն լավ է չբացել դռները:

* * *
Ես հավերժ մանուկ, աշխարհը՝ ծեր,
հոգիս չգիտեմ ո՞ւր թաքցնել:
* * *
Անձրև է պետք դառնալ
երկնքի արցունքը հասկանալու համար:

* * *
Սարքում-քանդում են մարդիկ, քանդում-սարքում,-
աշտարակը բաբելոնյան երկինք չի հասնում:

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք