Բանաստեղծություններ

Հեղինակ:

20152511123033177

Իզաբել

Խորունկ քուն էր մտել սիրտս վաղուց ի վեր
Եվ հույս չուներ երբևիցե, թե կարթնանա,
Բայց քո ձայնից բարձրացըրի գլուխս վեր,
Եվ ահա սերը պաշարեց ինձ ակամա:

Ահ, Իզաբե՛լ, Իզաբե՛լ իմ,
Իմ սեր, իմ սեր…

Ինչպես այր ու կնոջ միջև օտար մի մարդ,
Այդպես է, որ սողոսկեց սերն իմ մաշկի տակ.
Այնքան հզոր էր նա, այնքան բուռն ու անպարտ,
Որ ես չունեմ հանգստի հույս ու հիշատակ:

Ահ, Իզաբե՛լ, Իզաբե՛լ իմ,
Իմ սեր, իմ սեր…

Քեզ մոտ ժամերը անցնում են, ինչպես վայրկյան,
Քեզնից հեռու կարծես օրը լինի տարի,
Որ իմ սիրուն հաղորդում է դողը մահվան
Եվ մարմնիս հետ հուզում շղթան իմ խոհերի:

Ահ, Իզաբե՛լ, Իզաբե՛լ իմ,
Իմ սեր, իմ սեր…

Դու ապրում ես լույսերի մեջ, իսկ ես՝ շուքի,
Քանի որ քեզ կյանքն է գերում , ինձ՝ սերը քո.
Ես ստվերդ փայփայելով կլինեմ գոհ,
Թե ինձ ընդմիշտ ձոնես բախտ ու ճակատագիր:

Ահ, Իզաբե՛լ, Իզաբե՛լ իմ,
Իմ սեր, իմ սեր…

Ինձ տվեցին

Ինձ տվեցին աչքեր և ասացին՝ նայի՛ր,
Նայեցի, բայց կյանքում ոչինչ ես չտեսա:
Ինձ տվեցին մի սիրտ և ասացին՝ պահի՛ր,
Պահեցի, բայց մի օր, ա ՜հ, կորցրի ես այն:
Ինձ տվեցին սերը, որ լոկ բերեց կսկիծ,
Քանզի նա էլ մեկնեց, երբ հավատս հանգավ:
Ինձ տվեցին մարմին, բայց կորցրի ես ինձ
Եվ մարմինս տվի օտարների՛ն անգամ:
Ինձ տվեցին, ինձ տվեցին, այնքա ՜ն…

Ինձ տվեցին երազ, որ գիշերս չզգամ,
Բայց երազս դարձավ մղձավանջ ու տանջանք:
Ինձ տվեցին շրթներ, որ շշնջեն միայն,
Սակայն անհույս բառեր լոկ ասացին նրանք:
Ինձ տվեցին արցունք, որ լամ վիշտ ու խնդում,
Բայց չեմ լալիս – սիրտս սիրտ է անսի՛րտ մարդու:
Ինձ տվեցին նաև մի խիղճ, բայց իմ սրտում.
Ես չեմ լսում երբեք նրա ձայնը հեռու:
Ինձ տվեցին, ինձ տվեցին, ինչո՞ւ…

Ինձ տվեցին գրքեր, որ ես կարդամ կյանքում,
Սակայն դեռ բաց չարած՝ ես այրեցի դրանք:
Ինձ տվեցին ձեռքեր, որ միանան վանքում,
Բայց ճակատիս դժո՞խք, թե՞ դրախտ է գրած:
Ինձ տվեցին հոգի, որ ես պահեմ անեղծ,
Բայց մատնեցի դևի՛ն ես իմ հոգին մաքուր,
Ինձ տվեցին կյանքը, որ կիրակի անեմ
Բայց վատնեցի կյանքս և չգիտեմ, թե ո ՜ւր…
Ինձ տվեցին, ինձ տվեցին, իզո ՜ւր:

Ոսկի հասակ

Չծիծաղած՝ արդեն մանկությունն ենք լքում,
Չգիտակցված՝ ոսկի ջահելությունը մեր:
Այնքան կարճ են թվում մեր օրերը ծաղկուն,
Որ, չըմբռնած, ապշած՝ թողնում ենք կյանք ու սեր:

Երբ բռնում են ձեռքերը մեր
Գանձեր անտակ՝
Խոստումնալից վաղորդայններ,
Ոսկի հասակ,
Երբ մեզ սերն է հսկում, որ տա
Իր գիշերները սպիտակ,
Երբ խնդությամբ հարուստ և դեռ
Հույսով բանված
Կյանքի ճիչն ենք լսում մեր դեմ,
Խենթ ու զվարթ՝
Պետք է խմենք,
Խմե՛նք այդ հին
Ու թունդ գինին,
Քանզի նրա
Ումպն իսկ հաշված է մեզ վրա:
Եվ էլ երբեք
Կորած րոպեն
Չի նայի ետ.
Կանցնի անհետ:
Զուր ենք մեկնում ափսոսանքի
Ձեռքեր նրան,
Ո ՜ւշ է, շա՛տ ուշ՝
Էլ չի թեքի
Նա իր ճամփան…
-Ա ՜հ, քեզ ինչպե՞ս պահենք, ասա՛ Ոսկի՛ հասակ:

Պետք է գիտնալ

Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն,
Երբ կորչի բախտն իսկ լավագույն,
Եվ վատթա՛րը մնա միայն
Արցունքի շիթ չարժող կյանքում:
Պետք է գիտնալ կյանքի՛ գնով
Պահել պատիվ ու արժանիք,
Ետ չնայել հեռանալով,
Թեկուզ մահն իսկ գա այդ ժամին:
Պետք է կորած երջանկության,
Ճակատագրի դեմ անխնա
Գիտնալ ծածկել արցունքը դառն,
Բայց ես, հոգի՛ս, ես չգիտցա ՜:

Պետք է գիտնալ ելնել, երբ որ
Սիրո սեղանն է հավաքած,
Եվ չկանգնել խեղճ ու մոլոր,
Այլ մեկնել լուռ, անվերադա՛րձ:
Պետք է գիտնալ ցավը դաժան
Պահել օրվա քողի ներքո
Եվ զսպել ճիչն ատելության,
Որը վերջին բառն է սիրո:
Պետք է գիտնալ սառըն դատել
Եվ լռեցնել սիրտը մեռնող,
Պետք է գիտնալ անհույզ դիտել,
Բայց ես, ես չե՜մ կարող՝
Շա՜տ եմ սիրում ես քեզ,
Պետք է գիտնալ, բայց ես,
Ես չգիտե՜մ…

Մեր ցնորքների պալատը

Ամուսնացա՜նք… Մեր շուրջ կար լոկ ծիլ ու թիթեռ
Էլ ո՛չ տերտեր, ծնող, ո՛չ օրենք ու ընկեր.
Եվ մենք հազիվ քսան տարեկան էինք դեռ,
Բայց մեր մանուկ սիրտն էր վառում հասուն մի սեր:
Մի գիշերում նա մեզ ձերբազատեց հանկարծ:
Ամաչելով խինդից, գրկել էինք իրար.
Մեր լայնաբաց աչքում վախի հետք իսկ չկար.
Ջահելության ճիչը մանկության մահն է չար:

Ցնորքների պալատը մեր
Մենք կերտեցինք հորիզոնին,
Գրկում էինք երկիրը հին,
Որպես երկու շրջմոլիկներ:
Խմում էինք սիրո ակից,
Որ գարունն է հավերժական,
Բաժանելով մամուռն անգամ
Վարդ ու Քամու զով դղյակի:

Հիմա մենակ եմ ես ու քայլում եմ կրկին,
Բայց երբ զգամ, թե իմ ժամն է հնչել վերջին՝
Իմ երջանիկ սիրո գերեզմանի քարին
Կպառկեմ և ե՛ս էլ կմահանամ լռին:
Եվ նույն խաչի ներքև մենք կննջենք անձայն,
Նույն հորիզոնը մեզ կդառնա լուրթ սահման,
Կլցվեն նույն հողով մեր բերաններն այնժամ,
Մինչ հոգիները մեր հավերժի մեջ կզգան:

Ցնորքների պալատը մեր
Դարձավ հույսիս պես փլատակ,
Թափառական մի սիրտ է դեռ
Շրջում նրա քայլերի տակ:
Իմ անցյալն է, արթուն թե քուն,
Սիրտս վարում, որ նա հսկի
Եվ ննջի լուռ ավերակում
Վարդ ու Քամու զով դղյակի:

Մաման
(Հետևողությամբ Ռոբեր Գալի)

Բոլորն եկան,
Մա՛րդ չմանց,
Հազիվ տխուր ճիչը լսած՝
Հոգեվարքի մեջ է մաման:
Բոլորն եկան,
Մա՛րդ չմնաց:
Իտալիայից եկան անգամ,
Եկավ նույնիսկ Ջիորջիոն՝
Նզովք տղան,
Գիրկը լեցուն նվերներով:
Մանուկներն են խաղում անձայն
Մահճակալի մոտ, հատակին,
Բայց նրանց խաղն է աննշան,
Կարծես նվեր լինի վերջին
Խեղճ մամային:
Համբույներ են բաշխում նրան,
Բարձրացընում բարձ ու սնար՝
Հոգեվարքի մեջ է մաման:
Ա՜հ, սուրբ Մարիա՛մ ամենագութ,
Քո արձանն է մոտիկ այգում.
Դու կգթա՜ս նրա վրա,
Սաղմոսելով Ավե Մարիա,
Ավե Մարիա:

Այնքան հուշ կա ու սեր ու սեր,
Սփռած քո շուրջ, քո շուրջ , մամա՛
Այնքան ժպիտ ու արցունքներ
Սրտիդ միջից, սրտի՛դ, մամա՛,
Որ բոլորը, բոլո՛րն եկան,
Թեև շոգ է, կիզիչ ամառ՝
Հոգեվարքի մեջ է մաման:
Թող խմեն զով ու թարմ գինին,
Լավ խաղողի գինին զուլալ,
Մինչ դիզվում են նստարանին,
Խառնիխուռն, գլխարկ ու շալ:
Բայց ի՜նչ զարմանք. մարդիկ տրտում
Դեմքեր չունեն մահճի առաջ,
Նույնիսկ կիթառ է նվագում
Մի ազգական աչքը հառած
Խեղճ մամային:
Իսկ կան կանայք, որ հիշելով՝
Հսկման երգեր, երգեր մահվան՝
Հոգեվարքի մեջ է մաման,
Մեղմ երգում են, փակ աչքերով,
Թվում է, թե երեկոյան
Օրորում են մի երեխա,
Որ նա ասի, քուն մտնելով,
Ավե Մարիա:
Այնքան հուշ կա ու սեր ու սեր,
Սփռած քո շուրջ, քո շուրջ, մամա՛,
Այնքան ժպիտ ու արցունքներ
Սրտիդ միջից, սրտի՛դ, մամա՛,
Որ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք
Մեզնից չես հեռանա…

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Աբրահամ Ալիքյանի

Անդին 8, 2013թ.

Share

Կարծիքներ

կարծիք