Բանաստեղծություններ

Հեղինակ:

20152511123033177

Որովհետև քո ձայնն ինձ էր տրված

Որովհետև քո ձայնն ինձ էր տրված
Դառնացրի մեկին,
Որովհետև իմ ձեռքի մեջ պահված
Քո ձեռքն էր կրկին։
Ոչ բառ կա ոչ էլ որևէ հնար
Ինչ որ բան ուղղել—
Օտար է հիմա ինձ համար նա ով
Ընկեր է եղել։

* * *
Թեքվի՛ր դուրս նայիր,
Ա՛յ ոսկեմազիկ,
Լսեցի երգդ —
Զվարթ մի հովիկ։
Գիրքս գոցել եմ․
Ես էլ չեմ կարդում,
Կրակի պարն եմ
Հատակին դիտում։
Թողել եմ գիրքս,
Դուրս եկել տանից՝
Լսելով երգդ
Խավարի միջից։
Երգելով երգդ —
Զվարթ մի հովիկ-
Թեքվի՛ր դուրս նայիր
Ա՛յ ոսկեմազիկ։

Արշավանքն եմ լսում ստվար մի բանակի

Արշավանքն եմ լսում ստվար մի բանակի,
Քրտնած նժույգների դոփյունը երկնահաս,
Ու սև զրահ հագած գոռոզ հեծելակի
Մտրակների շառաչն ու սուլոցն եմ լսում։
Մարտակոչ են նետում նրանք գիշերին զով,
Քրքջում են անզուսպ խավարի մեջ, հեռվում,
Անուրջներս են կտրում կուրացուցիչ բոցով,
Որ զնդանի նման զնգում է իմ սրտում։
Գալիս են՝ անհամար, գիսակներով կանաչ,
Ճիչ ու բղավոցով դուրս են վազում ծովից…
Խոհեմ եղիր, սիրտ իմ, խելագարվե՞ս պիտի…
Սեր իմ, սեր իմ, սեր իմ, ինչու՞ լքեցիր ինձ։

Մենակ

Լուսնի արծաթե ուռկանը քող է
Գիշերվա ուսին,
Ափի լույսերը սինձ են ու դող են
Լճի երեսին։

Շամբը գիշերին անուն շշնջաց –
Անուն սրտիս մոտ –
Հոգիս ցնծում է բերկրանքով անանց,
Ինչպիսի ամոթ։

Բարեկիրթ տիկին, մի երգիր այդպես

Բարեկիրթ տիկի՛ն, մի՛ երգիր այդպես
Վաղանցիկ սիրո երգը թախծալի,
Թո՛ղ տխրությունդ, երգի՛ր, թե ինչպես
Սերը, որ անցավ, բավ էր լիուլի։
Երգի՛ր, թե մեռած սիրահարների
Քունը երկար ու խորունկ է որքան,
Երգի՛ր, որ շիրմում սերը պիտ քնի,
Զի սերը հիմա հոգնած է այնքան։

Անգլերենից թարգմանությունը Մուշեղ Բադալյանի

Կարծիքներ

կարծիք