Բանաստեղծություններ

20152511123033177

 

Աշխարհի վրա

Իջնում է մի ծեր, ծանր լռություն,
Մի իմաստնացած խոնջություն կարծես
Աշխարհի վրա…
(Որից աշխարհի կոպերը կամաց
Հանգչում են արդեն):
Եվ իմաստնացած լռությանն ընդդեմ
Պայթում է ասես ողբերգու մի ծես,
Որում այրերը իգապար բռնած
Թրև են գալիս շուրջը աշխարհի,
Եվ վեղարակիր բորենիները
Վայրի ոռնոցով «խնկարկում» են ընկնողի համար:
Ու գալարվում է այս ծեսն անառակ
(Եվ ի՞նչ իմանաս՝ որքան ժամանակ),
Ու գալարվում է լռությունը ծեր,
Ու իմաստնացած խոնջությունը մեր
Ծանր նստում է աշխարհի վրա,
(Աշխարհի վրա նստում է ծանր)…
(Որից աշխարհի ունկերը կամաց
Մարում են արդեն):

Շարունակվում է, սակայն, ծեսն այս բիրտ,
Բուրում է բուրվառն անբույր մահահոտ,
Այստե՛ղ, ամենո՛ւր մեռելահովիտ՝
Հոշված հոգիներ ու դիեր արնոտ:
Այստե՛ղ, ամենո՛ւր պոռնիկ մի շուրջկալ
Իր մեջ է առել կյանքեր բազմաբյուր,
Եվ աղերսվում է մեր բախտը տկար
Այս ժամանակին — անդեմ, թույն ու թյուր:-
Եվ աղերսվում է մեր բախտը, ցավոք,
Մի զոմբիացած ծիսական երթի,
Որտեղ այրերը էգ են անբողոք՝
Սպասող իրենց վախճանի հերթին:

…Իջնում է մի ծեր, ծանր լռություն
Աշխարհի վրա.
(Ահա, բարի լուր)՝
Աշխարհի վրա համբերությունը
Հատնում է կամաց:

* * *
Լուսնի խաղաղ փեշի տակ
Իրիկնություն լցվեր հեզ,
Սրտիս կարոտը միակ
Փարվեր կրծքիդ մանկան պես:

Ձայնդ՝ մանրիկ ու մեղուշ,
Սեր շշնջար ունկերիս,
Սպասումս դառնար հուշ,
Շունչդ հպվեր շուրթերիս:

Լուսնի զեփյուռ փեշի տակ
Սերս արբեր գրկիդ մեջ,
Սերս՝ իբրև հորդ վտակ,
Թափվեր քո ծով ծոցի մեջ:

Անորոշ առավոտ

Տոթ է թափվում հոգուս այս իրիկուն,
Եվ խելագար մշուշներ են թևում իմ մեջ,
Այս իրիկուն հոգիս՝ համր, անբռնկուն,
Ինքն իրենից դուրս է նայում — խավար է խեղճ:

Հեգ թռիչքի ճիգն է սողում դեպ լուսաբաց.
Իրիկունը՝ փոխակերպվող համր գիշեր…
Սաստականում է տոթը դեմքիս, ափերիս թաց,
Կարծես դառնում բռնի կանչված թափառ հուշեր:

Խավարը խեղճ գլորվում է անդունդն ի վեր,
Ու մութը թեք բարձրանում է անդունդն ի վար,
Միջնամասում հեծեծում է թափորը մեր…-
Թափուր երազ, թափուր կարոտ, տոթ է վարար:

Եվ փոխարեն մի նոր Արև-Այգալույսի
Հին, անորոշ մի առավոտ գալն է հիշել,
Անիծվել է կարծես ճամփան փրկող հույսի…-
Ինչ խառնակիչ իրիկուն էր, ինչ վատ գիշեր:

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք