Արաբական պոեզիա

20152511123033177

Ծնվել է 1926 թ. Իրաքի գյուղերից մեկում, մանուկ հասակից ընտանիքը տեղափոխվելէ Բաղդադ՝ հաստատվելով «Շեյխի դուռ» կոչվող թաղում:
Աբդ ալ-Վահհաբ ալ-Բայաթին որպես հիմնադիր-բանաստեղծ ժամանակակից բանաստեղծության կազմավորման գործում իր բաժինն է ներդրել՝ հրատարակված առաջին ստեղծագործություններից սկսած, ինչն էլ լայն հորիզոններ բացեց բանաստեղծական շարադրանքում: Առաջին գիրքը՝ «Հրեշտակներ և սատանաներ», հրատարկվեց 1950 թ., երկրորդ ժողովածուն՝ «Կոտրված կժեր»¬ը, լույս տեսավ 1954 թ.: Սրանում նա իրեն հաստատեց որպես յուրօրինակ բանաստեղծ առաջին նախահարձակներից, որոնք դուրս եկան ընդդեմ ընդունված դասական բանաստեղծության՝ գրելով այնպես, ինչը հետագայում ճանաչվեց որպես ազատ բանաստեղծություն: 1959-64 թթ. Աբդ ալ-Վահհաբ ալ-Բայաթին ապրել է Մոսկվայում, ապա՝ Իսպանիայում, Մադրիդում աշխատել է Արաբական մշակույթի կենտրոնում, իսկ 80-ականներին եղել է գրեթե բոլոր արաբական մայրաքաղաքներում: Կյանքի վերջին ամիսներին ապրել է Դամասկոսում, որտեղ և մահացել է 1999 թ. օգոստոսի 3-ին: Մահից առաջ ավարտեց իր վերջին ժողովածուն՝ «Շիրազի լուսինը»: Աբդ ալ-Վահհաբ ալ-Բայաթին ժամանակակից կասիդային նոր տարրեր ու երանգներ հաղորդեց:

Սեր անձրևի տակ

(1)
Վաթեռլոյի սկիզբն էր, աշխարհի բոլոր ուժեղները ձգվում են դեպի Վաթեռլո՝ նրան գրկելու համար ու տեսնելու աստվածավախ վտարանդիներին, հանդիպելու կրակե սյան մոտ և ժպտուն դեմքով ցույց տալու կայծակի փայլատակումն ու մթնածին ամպերի որոտը: Ու կրկին երկուսով, ժպտուն, սպասում էին:
-Ո՞վ ես դու,- հարցրեց աղջիկը:
-Չգիտեմ,- պատասխանեց տղան ու արտասվեց:
Մոտեցավ նրան, ձեռքը դրեց տղայի ձեռքին, ու քայլեցին թափվող անձրևի տակ մինչև արևածագ. աղջիկը մանկացած երգում էր՝ ցատկելով ջրափոսերի վրայից, շարունակ ետ ու առաջ վազելով:
Լոնդոնի փողոցները խորը հառաչում էին. թաց մայթերին տարածված արևածագը արտացոլվում էր նրա աչքերում ու թաքնվում ծառերի տերևների մեջ:
— Չգիտեմ,- պատասխանեց տղան ու արտասվեց:
— Վաղը քեզ կտեսնեմ,- ասաց աղջիկը:
Տղան գրկեց նրան, թափվող անձրևի տակ համբուրեց աչքերը, մինչ գիշերը սառույցի նման հալվում էր համբույրների քնքշությունից:

(2)
Նորից գրկեց նրան, ապա բաժանվեցին սև ու մերկ արևածագի երկնքի ներքո:

(3)
Հոգու խորքում աղջիկն արտասվում էր իր մանկության անհետացած, կորած տարիների համար:

(4)
Նրան իր երազում տարիներ առաջ տղան շատ էր տեսել: Նրա պատկերը փախչում էր նրանից, երբ արթնանում էր կամ էլ երազում կանչում էր նրան: Սիրահարվելով՝ փնտրում էր ամենուր: Աշխարհի քաղաքների կանանց բոլոր աչքերում տեսնում էր նրան՝ ծածկված ծաղիկներով ու կիտրոնի կարմրավուն տերևներով, բայց նա եկավ անձրևի տակ, ոտաբոբիկ, մատնացույց արեց իրեն ու ասաց՝ եկ իմ ետևից:
Խենթացած վազում է, արտասվում է աքսորի տարիների, անհաջող, տառապալից փնտրտուքի ու վտարանդիության համար:

(5)
Իր ներսում ապրող երկու սիրեցյալների միջև պայքար էր բարձրացել. մեկը մահացավ սիրուց առաջ, մյուսը՝ սիրուց հետո, մեկը՝ կառուցման պահին, մյուսն էլ՝ ավերակների տակ:

(6)
Մահվանս հեղափոխությունը երկրաշարժ էր:

(7)
Եվ «Եկ, իմ ետևից»-ը շարունակվեց տարիների մերկ շղթայում.
Մարդասպան-սիրո արյունը, խոցելով, չի բուժում. կիրքը սպանիչ է:

(8)
Նրան տեսել էր բոլոր ճանապարհորդությունների ժամանակ,
Երկրի բոլոր քաղաքներում, մարդկանց մեջ
Ու կանչել բոլոր անուններով:

(9)
Իսկ նա թաքնվել էր կիտրոնի տերևների ու խնձորենու ծաղիկների մեջ:

(10)
Վաթեռլոյի սկիզբն էր, աշխարհի բոլոր ուժեղները մղվում են դեպի Վաթեռլո՝ գնալով օտարների հետ հանդիպման:

(11)
Հանդիպեցին կրակե սյան մոտ, ժպտուն դեմքով ցույց տվեցին կայծակի փայլատակումն ու սևակնած ամպերի որոտը: Ապա գրկեցին իրար:

(12)
Հոգու խորքում զբաղվում էր սև մոգությամբ՝ արի կամ մի արի. ով գիտե, խենթ էր:

(13)
Նրա ձեռքին մոմե արձանիկ էր՝ հրե քորոցը մեջը մխած:
-Սիրիր ինձ,- ասաց աղջկան, իսկ աչքերը վառվում էին տառապող սրտից ելնող տխրության բոցերով:

(14)
Գունատ էր ինչպես վարդը հրե սյան մոտ: Եկել էր ժամանակից առաջ: Հագել էր կապույտ անձրևանոց: Համբուրեց շուրթերն, ու գնացին: Ասաց՝ շտապենք: Ծիծաղելով մտան բար, երկու բաժակ վերցրեցին: Մոտեցավ, նուրբ ձեռքը դրեց իր ձեռքին ու նայելով աչքերին՝ ասաց՝ սիրիր ինձ. նայեցին միմյանց ու սուզվեցին երազի մեջ: Ուրիշ երկրի անապատի արև էր այրում նրան: Ժպտացին, վերադարձան երազների աշխարհից: Նայեց նրան՝ պատկերացնելով քոչվոր բեդվինի հագուստով:
-Ո՞վ ես դու,- հարցրեց:
-Չգիտեմ,- պատասխանեց ու արտասվեց:
Կարմիր անապատն իրեն ձգում էր ու ձգում էր այն ամենին, ինչ կամենում է Աստված՝ ծածկելու համար իրերի քարտեզը:

(15)
Գրկեց նրան, համբուրեց աչքերը: Լոնդոնը խորը հառաչում էր, ու արևածագը թաց մայթերի վրա անդրադառնում էր նրա աչքերում, թաքնվում ծառերի տերևներում:

(16)
-Անունս Աիշա է,- ասաց,- հայրս առասպելական թագավոր է, նրա թագավորությունը ավերվեց երկրաշարժից, մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակում:

Ծնվում եմ և այրվում իմ սիրով

(1)
Լարան արթնանում է հիշողությանս մեջ. իսկը թաքնված կատու, որը դարանում է ինձ, ճմլկոտում, հորանջում, ճանկռում իմ տենդից այրվող դեմքը և քունս խանգարում: Տեսնում եմ նրան բևեռային քաղաքների դժոխքի հատակում, ուր իր հյուսերով ինձ կախաղան է բարձրացնում՝ կախելով ճագարի նման, պատի վրա, ձգված արցունքիս թելի մեջ: Գոռում եմ՝ Լարա, ու վախեցած քամին պատասխանում է ինձ՝ Լարա: Վազում եմ քամու ու գիշերային գնացքների ետևից, հարցնում եմ սրճարանի աշխատողին: Ոչ ոք չգիտի: Միայնակ քայլում եմ ձյան տակ՝ արտասվելով աշխարհում բոլոր սրճարաններում ու գինետներում սայթաքող իմ սիրո համար:

(2)
Լուվրի կտավներում և սրբապատկերներում,
Թագուհիների աչքերի տխրություններում,
Աստվածուհիների կախարդանքում,
Լարան ապրում էր մահվան ոսկե շղարշի և կտավներից թափվող լույսի շողերի տակ:
Կանչում է ինձ, տենդից այրվող դեմքս մոտեցնում եմ նրան, արտասվում եմ,
Սակայն պարզում է ձեռքերն ու ջնջում բոլոր կտավները և թաքցնում է բոլոր սրբապատկերները՝
Թողնելով մահվան ոսկե շղարշի վրա լույսի շողարձակումը՝ մահվան օրվա համար:

(3)
-Լարան հեռացավ,-
-Լարան ինքնասպան եղավ,-
Ասաց դռնապանը, ասաց նրա հարևանուհին:
Իսկ մեկ ուրիշը, ջերմ արցունք թափելով, ասաց.
-Սատանայից բացի ոչ մեկին չգիտի:

(4)
Ռումբ եմ նետում հիշողությանս մեջ աշնան տերևներով լցված գիշերային գնացքի տակ, սողում եմ մահերի միջև, շոշափում եմ ճանապարհս չհերկված դաշտերի գուղձերի մեջ, օգնություն եմ կանչում գիշերային պահակազորին՝ հիշողությանս մեջ վերականգնելու համար այս գիշատիչ, կույր սերը, այս սև լույսը: Արևածագին թափվող անձրևի տակ տենդից այրվելով՝ ազատեցի, արձակեցի իմ կրակե հոգուն:

(5)
Աքսորված հիշողության մեջ,
Բանտված բառերում,
Վազելով անձրևների տակ՝
Գոռում եմ՝ Լարա,
Ու վախեցած քամին ինձ պատասխանում է՝ Լարա:

(6)
Կարմիր պալատում,
Թագավորի հարեմի սենյակներում,
Լսում եմ արևելյան վինն ու եղնիկների լացը,
Մոտենում եմ՝ շնչահեղձ լինելով հազարավոր ծաղիկներից հյուսված արաբական տառերի լուսապսակներից,
Լսում եմ դառը հառաչանքներ.
Լարան յոթ լուսինների և կուրացուցիչ լույսի տակ էր,
Կանչում է ինձ, տենդից այրվող դեմքս մոտեցնում եմ նրան, արտասվում եմ,
Սակայն ձեռքերը պարզում է ու նետում ինձ խավարակուռ ջրհորի մեջ՝
Թողնելով գորգի վրա իմ կիթառն ու լույսե շողարձակումը՝ մահվան օրվա համար:

(7)
-Հասցեն չի թողել,- ասաց թատրոնի տնօրենը՝ բառերը ձգելով:

(8)
Սև ծովի անտառներում թափվում են ծառերի տերևները,
Հանգչում են լույսերը, ու սիրահարները հեռանում են,
Մնում եմ մենակ, փնտրում եմ նրան, տենդից այրվելով՝ արտասվում անձրևների տակ:

(9)
Գոռում եմ՝ Լարա, վախեցած քամին ինձ պատասխանում է՝ Լարան որսորդի խրճիթում է:

(10)
Նկարում եմ նրան ձյան վրա.
Վառվում է կանաչ գույնը նրա մուգ շագանակագույն աչքերում, ու մոտեցնում է իր ջերմաշունչ, այրող, բալագույն շուրթերը դեմքիս, ձեռքերը ձուլվում են հավերժական գրկախառնումով, սակայն պարզում է ձեռքերը, ջնջում իր նկարը՝ թողնելով սպանված գույնի վրա լուսե շողարձակում՝ մահվան օրվա համար:

(11)
Կյանքիս արևը մայր մտավ: Ոչ ոք չգիտի: Սերը կույր և միայնակ գոյ է: Այս աքսորավայրում ոչ մեկը ոչ մեկին չի ճանաչում: Բոլորը միայնակ են: Աշխարհի սիրտը քարից է այս աքսորավայր-թագավորությունում:

Արաբերենից թարգմանեց
Ռուզաննա Մանուկյանը

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք