Անտերության կարոտ

img_4950

Տարօրինակ ցեղ ենք մենք, շատ տարօրինակ, աշխարհից վիրավորված` մեր ունեցածը կորցրել ենք ու վիրավորվել: Ումից և ինչու ենք վիրավորվել, չգիտեմ:

          Երբևիցե  մենք մեզ հարցրել ենք, թե ինչո՞ւ ենք կորցրել:Երբ որ այսօր և հազար տարի առաջ երազում ենք, փնտրում, պայքարում, որ վերադարձնենք մեր կորուստները: Եվ երբ գտնում ենք մեր երազանքն ու  մեր կորցրածը` մեզ քիչ է թվում: Ողորմի  հոգուդ , Պոլսում ապրող և ծորակներ ծախող բանաստեղծ Զահրատ, հազար ողորմի քեզ, երբ ասում էիր` կյանքը  կհատնի, փնտրտուքը` ոչ, մարդը չգտնող  կենդանի  մըն է: Վստահ եմ,որ Զահրատը մարդ ասելով`առաջին հերթին  հային  նկատի ուներ:

          Այո, զարմանալիորեն անհայտ աշխարհներ եղան աշխարհին հասկանալի, ուր ցեղովի ընդամենը յոթ գրաճանաչ ունեին, բայց մենք մնացինք չհասկացված: Եվ ինձ թվում է` մեղքը աշխարհինը չէ, մեղքը մերն է, մեղքը մեր ներսում է:

          Զվարթնոց տաճարն ուներ երեսունվեց սյուն և կայուն էր երկրի վրա ու երկնքի դեմ, ինչպես մեր երկիրը հնում` Արտաշես արքայի ժամանակ, որ  գլխին պահում էր սեփական պետության գմբեթը: Բայց ինչ եղավ հետո. տաճարի ինքնասիրահարված սյուներից մեկը, որին թվում էր, թե ինքը միակ ընտրյալն է, մտածեց` մյուսները թող պահեն երկիր-տաճարի գմբեթը, ես կարող եմ դուրս գալ ու իմ գմբեթը ստեղծել:

          Այդպես մտածեցին թերևս էլի  սյուներ, և Զվարթնոց հրաշալի տաճարը փլվեց: Սուտ է,չեմ հավատում, որ երկրաշարժից է փլվել Զվարթնոցը: Մեր ցեղը բազում երկրաշարժեր է տեսել, բայց երբեք չի խոնարհվել, քանզի մեր տաճարները դրսից չէ` քանդվել են ներսից:

           Եվ այսօր առաջնորդի զուգս հագածները չեն էլ մտածում, որ սարդոստայնի ընդամենը մի թելն են իրենք, իսկ սարդը ուրիշ տեղում է և  նենգորեն լուռ է: Անշուշտ, երիցս ճիշտ է, որ ոչ մի կռունկ առանձին կամ երեքով հյուսիսային լճերի տեղը չգիտեն, ինչպես նաև` չգիտեն Աֆրիկայի տեղը: Կռունկների կյանքի ճանապարհը միայն երամը գիտի:

          Իսկ երամն ասում է. Դուք  ձեր ավերակ տաճարներն  ավելի եք սիրում, քան  ձեր կանգուն տաճարները: Դուք ձեր կորցրածն ավելի եք սիրում, քան ձեր ունեցածը: Դուք ձեր պարտություներն ավելի եք սիրում, քան հաղթանակները: Չէ՞ որ դուք կռունկ սիրող ժողովուրդ եք: Շարունակեք քանդել ձեր տաճարները ներսից, և կորցնելով  ձեր հայրենիքը` հարցրեք մեզ` չվող թռչուններիս.

          Կռունկ ու՞ստի կուգաս, կռունկ մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս: Այնինչ…

          Այնինչ տեր եղեք, որ անտեր չմնաք, տեր եղեք, որ միշտ տեր ունենաք և ձեր իսկ տիրոջով տեր դառնաք ձեզ և ձեր երկրին ու հազարամյակների միջով անցած կորուստներին ու ունեցածին:

          Եվ այլևս մեզ մի դիմեք, մենք ընդամենը չվող թռչուններ ենք:

                                                                                          Մերուժան Տեր-Գուլանյան

 

Share