ԱՆԴԻՆ մրցանակաբաշխություն

 
Անդինի մրցանակաբաշխությունը հայաստանյան մշակութային դաշտում արդեն իր տեղն ամրագրած իրադարձություն է, որն ամփոփում, արժևորում և գնահատում է անցնող տարիներին ամսագրում ներկայացված գրական ստեղծագործությունները և մշակութային նշանակության իրադարձությունները:

Անդին մրցանակաբաշխության ամենակարևոր սկզբունքը գեղարվեստականությունն է և գործի նշանակությունը մեր մշակութային կյանքում: Թեկնածության ընտրության գործում հանձնաժողովն առաջնորդվում է Անդին ամսագրում տպագրված ստեղծագործությունների, գիտամշակութային հոդվածների բովանդակությամբ և ցանկով:

Անդին մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը նետաձիգի բրոնզե չկրկնվող քանդակն է, որն արտահայտում է Օրիոն-Հայկ համաստեղությունը և Անդին ամսագրի խորհրդանիշն է: Բրոնզե քանդակի հեղինակը քանդակագործ Աշոտ Գևորգյանն է: Մրցանակակիրներն արժանանում են նաև պատվոգրի և դրամական մրցանակի:

 

ԱՆԴԻՆ մրցանակաբաշխության ժամանակագրությունը

 
A. PachyanԱնդինի առաջին մրցանակաբաշխությունը, որն ամփոփում էր ամսագրի գործունեության առաջին երկու տարիները՝ 2013-2014-ը, տեղի ունեցավ 2015թ. փետրվարի 28-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում: Մրցանակաբաշխության հանձնաժողովը երկուական մրցանակ էր սահմանել «Լավագույն արձակ», «Լավագույն պոեզիա» և «Լավագույն էսսե» անվանակարգերի համար: Լավագույն պոեզիա մրցանակին արժանացան Հրաչյա Սարուխանը և Վահագն Աթաբեկյանը նախորդ տարիներինն Անդին ամսագրում տպագրված իրենց բանաստեղծական շարքերի համար: Լավագույն արձակի մրցանակը ստացան Արամ Պաչյանը և Լևոն Ջավախյանը Անդինի էջերում տպագրված իրենց փոքրածավալ արձակ ստեղծագործությունների համար: Իսկ Վահան Սաղաթելյանը և Թադևոս Խաչատրյանը ամսագրում բազմիցս լույս տեսած իրենց էսսեների համար արժանացան Անդինի լավագույն էսսե մրցանակին: Ամսագիրը սահմանել էր նաև «Տարվա հերոս» մրցանակը, որը տրվեց հայ զինվորին՝ ի դեմ ժամկետային զինծառայող Հայկ Հակոբյանի։ Հատուկ մրցանակը` «Անդինի հայտնությունը», տրվեց երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանին:

 

Անդին 2015 մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2016թ. սեպտեմբերի 19-ին: Հինգ հիմնական մրցանակներից բացի, որոնք երկրորդ մրցանակաբաշխությունից սկսած արդեն անվանակոչված են, հանձնախումբն ավելացրել էր նաև «Տարվա մշակութային իրադարձություն» մրցանակը: Վերջինս Մշակույթի նախարարությունը շնորհեց Կարմիր բլուրի հնագիտական արշավախմբին՝ «Մոռացության մատնված և սպառված համարվող հնավայրի դամբարանադաշտից պատմամշակութային հույժ արժեքավոր, մեր անցյալի վրա նոր լույս սփռող գտածոներ պեղելու, հնավայրի նոր հեռանկարները բացահայտելու և տքնանքի համար»:

A TopchyanՎարդգես Պետրոսյանի անվան հրապարակախոսության մրցանակը գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը հանձնեց Արմեն Դավթյանին՝ ձևակերպելով՝ «Հայաստանի ներքին կյանքին և միջազգային առնչություններին նվիրված դիպուկ ու արդիական հրապարակումների և ժամանակի շնչառությունը հաղորդելու կարողության համար»:

2015 թ.-ին տպագրվելով Անդին ամսագրում՝ Մհեր Դավոյանի «Աղոթք» ստեղծագործությունն անկրկնելի տաղանդով գրված և մարդու հանդեպ աներևակայելի սիրով լի ստեղծագործությունների ու նաև մարդկային եւ գրողական անսահման արիության համար արժանացավ Կոստան Զարյանի անունը կրող արձակի մրցանակին: Ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը մրցանակը հանձնեց Մհեր Դավոյանի որդուն՝ Ռազմիկ Դավոյանին:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը Լավագույն պոեզիայի մրցանակը՝ «Իր ստեղծագործություններում նրբագույն բանաստեղծականության և քաղաքացիական պաթոսի բացառիկ համադրման ու ժանրային պայմանականություններից վեր լինելու համար» հանձնեց բանաստեղծ Հուսիկ Արային: Ի դեպ, մրցանակը կրում է հրաշալի պոետ Հրաչյա Սարուխանի անունը, ով հենց այդ նույն բեմից ստացավ Անդինի 2013-14թթ. լավագույն պոեզիայի մրցանակը:

Անդինի ավանդույթ դարձած «Հայտնություն» մրցանակը, որը կրում է Սլավիկ Չիլոյանի անունը, ամսագրի պոեզիայի և երիտասարդության բաժնի խմբագիր, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանը հանձնեց երիտասարդ գրող Արամ Ավետիսին՝ «Լռությունն ու Բառի Երազը ճանաչելու և միայնակ ոգեշնչվելու համար»:

«Տարվա հերոս» մրցանակն Անդինը կոչել էր ապրիլյան մարտերում հերոսաբար ընկած կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվամբ: Հանդիսությանը ներկա էր նաև Ուրֆանյանի մայրը: Մրցանակը շնորհվեց այդ նույն մարտերի քաջերից քաջին՝ Մարատ Պետրոսյանին, ով ապրիլյան պատերազմի  ժամանակ խոցել էր հակառակորդի հինգ տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա:

Share